#ՃամբարՏԻՄ

Ամեն բան սկսվեց հուլիսի 7-ին, երբ Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի 4 ակտիվ շահառուներով մեկնեցինք Շիրակի մարզ՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից կազմակերպված հնգօրյա ուսումնական վրանային ճամբարին մասնակցելու։ Երկար ու հոգնեցուցիչ զառիթափ ճանապարհներ անցնելուց հետո կեսօրն անց կայանեցինք Մարմաշեն վանքային համալիրի մոտակա տարածքում։ Վանքից աջ հրաշագեղ տեսարան էր բացվում դեպի Ախուրյան գետը, որը օրվա տարբեր ժամերին հիացնում էր ճամբարականներին իր անկանխատեսելի գունային փոփոխություններով։

Առաջին օրն ամպամած էր, ու մեր կանխատեսումների համաձայն՝ շուտով անձրևելու էր։ Ներկա-բացակա, մի քանի նախապատրաստական աշխատանքներ, ու սկսվեց հորդ անձրևը։ Բոլորս շտապեցինք մեծ վրան, որտեղ սովորաբար ճաշում էինք և դասընթացներն էին անցկացվում։ Փոքր վրաններն արդեն խփված էին, չնայած անհրաժեշտություն առաջացավ մի քանիսն էլ ավելացնել։ Մինչ կզրուցեինք միմյանց հետ, կընթրեինք, անձրևը դադարեց, մենք էլ նախ ծանոթացանք տեղանքին, ապա սկսեցինք վրանների «խփման» աշխատանքները։ Դեռ նոր էինք սկսել գործը, երբ էլի անձրև սկսվեց… Առաջին օրը թրջվեցինք, նույնիսկ գիշերը՝ խարույկի շուրջ նստած, ինքնաեռից տաք թեյ խմեցինք ու համտեսեցինք կրակի վրա եփված կարտոֆիլը, որին, պարզվեց, որոշ վայրերում պլեճ են կոչում, այլ վայրերում՝ ծիպուլ։ Մի խոսքով, միջավայրն ու մարդիկ այնքան ջերմ էին, որ ցուրտը մեզ չէր վախեցնում։FB_IMG_1531948190241
Երկրորդ օրն արթնացանք վաղ առավոտյան (այդպես էր նաև մյուս օրերին), նախաճաշից հետո սկսվեցին դասընթացները։ Եղանակը դեռ շարունակում էր իր չարաճճիությունները ու վախեցնում մեզ կարճատև անձրևներով։ Դասընթացների հիմնական թեման տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի վերահսկումն էր և թափանցիկության ապահովումը։ Սեմինարներից հետո ճամբարականները պարտավորվում էին կիսվել իրենց ստացած գիտելիքներով ֆեյսբուքում՝ #ՃամբարՏԻՄ հեշթեգով։ Ի դեպ, վրանային ճամբարում էլեկտրականությունն ապահովում էր Խաչիկը, որը, չնայած լուսանկարիչ էր, բայց ճամբարի ընթացքում «լույսի մարդ» պատվանունն էր ստացել։ Ծանրաբեռնված գրաֆիկով դասերից ազատվում էինք միայն երեկոյան մոտ, իսկ այդ ժամանակ խմբային խաղերով, զբոսանքով, երգով ու ասմունքով լցնում էինք մնացած ազատ ժամանակը։
Երրորդ օրն արդեն կիզիչ արև էր՝ անհամատեղելի նախորդ օրվա անձրևոտ եղանակի հետ։ Դասընթացները շուտով սկսվեցին ու բավականին արագ անցան, քանի որ մեկ օրվա ընթացքում 4 խոսնակ ելույթ ունեցան, ու մոտեցումները տարբեր էին։ Անտանելի շոգի պատճառով նոր տեղեկություններ ստացանք բաց երկնքի տակ, ծառերի շվաքում։ Երեկոյան խմբով այցելեցինք Մարմաշենի վանք, լուսանկարվեցինք, ապա խաղեր կազմակերպեցինք ու զրուցելով միմյանց հետ՝ շատերս ընդհանուր բաներ գտանք։FB_IMG_1531948217242
Չորրորդ օրն ինձ համար սկսվեց յուրահատուկ տրամադրությամբ, որովհետև վրանում արևի շողերից արթնացա ավելի շուտ, քան ինձ կարթնացներ զարթուցիչս։ Դա չլսված բան է ինձ նման քնկոտի համար։ Ընկերներիս առավոտյան ծիծաղկոտ զրույցներից պարզվեց, որ երեկ գիշեր իմ քնկոտության պատճառով ինչ-որ արկածներ եմ բաց թողել։
Գիշերը հանկարծ աղջիկները վրանից գոռում են, թե՝ ա՜րջը, ա՜րջը։ Բոլորը խուճապահար հավաքվում են ու հայտնաբերում «արջին»։ Ահա թե ինչ էր պատահել. Նարեկը (որին նաև Ստյոպ էին ասում), գիշերը որոշում է քնապարկը վերցնել ու վրանից տեղափոխվել բաց երկնքի տակ գիշերելու՝ առանց որևէ մեկին զգուշացնելու։ Աղջիկները լսելով վերջինիս խռմփոցը, նմանեցնում են արջի մրթմրթոցի ու սկսում են աղմկել։

Չորրորդ օրը սեմինարն ամբողջությամբ նվիրված էր ՏԻՄ համակարգում տեղեկատվության ազատությանը։
Հաջորդ օրը լուսացավ սպասվածից շուտ, քնաթաթախ բացեցի վրանիս դռնակը և դուրս նայեցի։ «Ի՜նչ հրաշալի է վրանում ապրելը։ Դժվար է գետնին քնելը, բայց որքա՜ն զարմանալի զգացողություն է աչքերդ բացելուն պես բնություն տեսնել, արթնանալ ծղրիդների ձայներից ու քնել ծառերի սոսափի տակ»։ Մեր ճամբարում կարելի էր հանդիպել ամենաանհավանական երևույթների, օրինակ՝ տղաներից մեկի գլխում փայլատակած մտքի հետևանքով վոլեյբոլի մեր պարանը վերածվեց կախաղանի, իսկ հինգերորդ օրվա գիշերը խնջույքից, պարերից ու երգերից հետո մինչև ժամը 3-ը անցկացրինք աստղազարդ երկնքի տակ՝ հոգեբանական թեստեր, զրույցներ ու խորհրդատվություններ անցնելով խմբի հոգեբան Նվարդինեի հետ։ Վեցերորդ օրվա առավոտյան յուրաքանչյուր մարզի ներկայացուցիչները ներկայացրին իրենց մոնիթորինգի ծրագրերը, վրանները հանձնեցին հաջորդ ճամբարականներին ու մեկնեցին տուն։
Ճամբարից մեզ մնացին նոր գիտելիքներ, հետաքրքիր գաղափարներ, անմոռաց հիշողություններ ու ամենակարևորը՝ նոր ընկերներ: