Ani avetisyan

Ճանապարհային հեռանկարներ

Ժամանակն առաջ է գնում, տեխնոլոգիաները զարգանում են, երկրների միջև հեռավորությունն աշխարհում կրճատվում է: Թվում է, թե 21-րդ դարում երթևեկության խնդիրների մասին խոսելը ֆանտաստիկայի ժանրից մի բան պետք է լինի։ Իսկ Հայաստանում դեռ անհաղթահարելի խնդիր է մնում գյուղից քաղաք հասնելը․

«Ասում են ուսանողություն, ուսանողական կյանք: Իրո՞ք, էդպիսի բան կա՞: Բա ո՞վ վազի, որ հասցնի ունեցած-չունեցած մի երթուղայինին…
Ամեն առավոտ տնից մի քանի ժամ շուտ եմ դուրս գալիս, թափառում եմ Երևանի փողոցներում մինչև դասերը սկսելը, քանի որ ուրիշ երթուղային չունեմ, որ հասնեմ Երևան: Տրանսպորտի խնդիրը միայն մի օգուտ տվեց ինձ՝ Ազգային գրադարանի տեղը սովորեցի. ընթերցասրահում սպասում էի մինչև գյուղի երթուղայինի հետ գնալու ժամը»։

Մարինեն ապրում է Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում, մասնագիտությամբ բանասեր է: Զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ, աշխատանքի բերումով շատ ժամանակ է անցկացնում Երևանում: Ժամանակի մեծ մասը ծախսում է գյուղ-քաղաք ճանապարհներին, կանգառներում՝ հանրային տրանսպորտի սպասելիս:

«Տարիները թռան, երթուղայիններն էլ, հիմա կանգնում ու անհույս սպասում եմ՝ 15, 20, 50 րոպե, չէ, ժամերը գիտեմ, ուղղակի երբեմն վարորդները շեղվում են երթուղուց ու չեն գալիս, դե հո չե”ն զանգի ասեն. «Մարինե ջան, կներես, տաքսով գնա, այսօր չենք աշխատելու»։

Մարինեն աշխատում է Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի դպրոցում: Տրանսպորտի խնդրին բախվում է գրեթե ամեն օր: Գյուղի երթուղային գիծը սպասարկող ընկերությունը հարևան Ոսկեվազ գյուղում հանրային տրանսպորտ՝ գազել կամ ավտոբուս գործարկում է 20-30 րոպեն մեկ անգամ, իսկ Ոսկեհատից միայն առավոտյան ժամերին, որը սովորաբար միշտ գերբեռնված է լինում: Կեսօրին աշխատող երթուղայինը հաճախ շրջանցում է գյուղը՝ պատճառաբանելով, որ ուղևորները քիչ են: Երեկոյան ժամերին գյուղացիներն առհասարակ խուսափում են դուրս գալ գյուղից, որովհետև ընդհանրապես տրանսպորտ չկա:

«Ու հա, մի մոռացիր, դու աղջիկ ես, ով ձայնը բարձրացնելու դեպքում վերածվում է «լաչառի», դե, աղջիկ ջան, լռիր ու մեկի գիրկը նստած գնա դասի»:

Բնակիչներն արդեն մի քանի անգամ դիմել են թե՛ մարզի ղեկավարներին, թե՛ երթուղային գիծը սպասարկող ընկերությանը, սակայն որևէ տեսանելի փոփոխություն մինչ օրս չկա, իսկ եղածն էլ միայն մեկ-երկու շաբաթ է «ուժի մեջ» լինում, որից հետո կամ ընկերությունը կրկին փոխում է երթուղին, կամ շարունակում է նույն ոճով աշխատել:
Հայաստանում սկսված համայնքների խոշորացումն ավելի հրատապ է դարձնում մարզերի հանրային տրանսպորտի խնդրի լուծումը: Երթևեկող ուսանողներին և աշխատողներին ավելանում են նաև դպրոցականները:

Ասիական բանկի առաջարկները նախատեսվում էր իրականացնել 2008-2020 թվականներին՝ Հայաստանի տրանսպորտի զարգացման ծրագրի շրջանակներում: Ծրագրի ավարտին մնացել է ընդամենը 2 տարի։ Իսկ թե որքանով է կարգավորվել տրանսպորտի հարցը Հայաստանի մարզերում, երևում է առավոտյան և երեկոյան գերբեռնված ժամերին գործող երթուղային տաքսիներից:

…Ու երևի այդպես էլ Մարինեի ու շատերիս համար երազանք կմնա նորմալ երթուղային տաքսիներ ունենալն ու «մարդավայել» գյուղից քաղաք հասնելը։