elza zohrabyan

Ճանապարհին

Միշտ, երբ քայլում եմ փողոցով, տեսնում եմ ինչ-որ ծանոթի, որին ոչ ուզում էի տեսնել, ոչ էլ սպասում էի, որ կհանդիպեմ իրեն: Մի կերպ փորձում եմ շրջանցել այդ մարդուն և ստիպված գնում եմ ավելի երկար ճանապարհով, միայն թե այդ մարդը չտեսնի ինձ, չմոտենա, չբարևի, չհարցնի՝ ինչպես եմ, և չասի, թե ինչքան եմ բոյովացել: Միակ բանը, որ այդ պահին հանգստացնում է, այն է, որ ավելի երկար ճանապարհին է գտնվում իմ ամենասիրած նկարչական խանութը, և ես կարող եմ մտնել և տեսնել, թե ինչ նոր իրեր կան այնտեղ: Հետո շարունակում եմ ճանապարհս, և երբ անցնում եմ նոր կառուցվող շենքի մոտով, սկսում եմ փռշտալ․փոշուց ալերգիայի հետևանքն է: Եվ հաճախ, երբ զբոսնում եմ ընկերներիս հետ, նրանք սկսում են հաշվել, թե քանի անգամ եմ փռշտացել։ Այդ պատճառով միշտ մոտս ունենում եմ ալերգիայի դեմ դեղ, խմում եմ և շարունակում ճանապարհս:

Միշտ տեսնում եմ մարդկանց, որոնք փողոցում նվագում են։ Այդ ձայնն ինձ այնքան հաճելի է, որ ուզում եմ ուղղակի նստել և լսել, բայց ինչպես միշտ, այս ամենն էլ ինչ-որ մեկը պետք է փչացնի: Հիմնականում դրանք այն մարդիկ են, որոնք ամբողջ փողոցով շատ բարձր բղավում են միմյանց վրա, կամ հեծանվորդները, որոնք փողոցում մարդկանց միջով երթևեկում են, և թվում է, թե ամեն վայրկյան վրայովդ կարող են անցնել: Մի կերպ այդ հեծանվորդների միջից դուրս գալով՝ հասնում եմ այնտեղ, որտեղ կարող եմ այդ ամենից կտրվել․ «Մանանա»։