Ճանճերի և եղջերուների մասին

-Հաս, հեչ մտածե՞լ ես…

Քրոջս դեմքի արտահայտությունը փոխվեց, կարծես արդեն գիտեր, որ մի հիմար բան եմ ասելու:

-Ջուրը, երբ եռում ա, ուղղակի պղպջակներ են չէ՞ լինում, չի բարձրանում, բայց հերիք ա մի քիչ սուրճ լցնես մեջը, անմիջապես բարձրանում ա: Ուրեմն, հետաքրքիր բան ա, չէ՞ սուրճը,- միևնույնն է, շարունակում եմ ես:

Քույրս չի պատասխանում, լուռ շարունակում է լուրջ դեմքով ինչ-որ բան գրել:

-Բա գիտե՞ս, եղջերուները զգում են իրենց եղջյուրներին նստած միջատներին: Պատկերացնո՞ւմ ես, իրենց մե՜ծ եղջյուրներին: Բոլոր ճանճերին: Հատ-հատ: Պատկերացնո՞ւմ ես, ինչքան դժվար ա իրենց…

-Պարա՞պ ես,- խիստ ընդհատեց ինձ քույրս:

Ես նայեցի տետրիս: Տնայինս ինքն իրեն չէր գրվելու, իսկ ես շարունակում էի պատկերացնել միջատին իր եղջյուրներից քշել փորձող մի եղջերուի: Շատ զվարճալի պատկեր էր, բայց մեղքս էլ էր գալիս այդ եղջերուն: Հանկարծ մի հիմար ցանկություն առաջացավ` եղջերուների եղջյուրներից ճանճերին քշել: Երանի դա լիներ իմ մասնագիտությունը, ապրել չգիտեմ որտեղ եղջերուների հետ ու նրանց եղջյուրների վրայից միջատ քշել: Հետո հիշեցի, որ եղջերուները ապրում են ցուրտ տեղերում, որտեղ միջատներ չկան, և հանգիստ շունչ քաշեցի: Ուրեմն, ո՞վ է հայտնաբերել, որ եղջերուները զգում են: Ո՞ւմ մտքով է անցել այդպիսի փորձ անել: Բայց չէ՞ որ եղնիկները միայն ցուրտ տեղերում չեն ապրում: Հայաստանում էլ կան: Ուրեմն տեղին մասնագիտություն եմ ընտրել:

-Ի՞նչ ես դեբիլացել,- ասում եմ ինքս ինձ և հայտնաբերելով, որ արդեն մի ժամից ավելի է մտածում եմ ինչ-որ եղջերուների մասին, անցնում եմ զառամյալ տնայինիս: