Astghik Israyelyan

Ճաշի ժամ

Երբեմն մենք կարոտում ենք այն օրերը, երբ երջանիկ ենք եղել: Երբ փոքր էի, ամեն ինչ այնքան հեշտ, պարզ ու խաղաղ էր թվում: Օրս անցնում էր բակում, ընկերներիս հետ, մինչև որ պապս դաշտից տուն էր գալիս ու բոլորիս տուն կանչում: Այդ կանչն ինձ միշտ տխրեցնում էր: Երբ պապս դաշտ էր գնում, տատս հացը, կանաչին ու պանիրը փաթաթում էր կտորի մեջ ու տալիս էր պապին: Սիրում էինք այդ հացը, ու պապի գալուն պես քանդում էինք կտորից պայուսակը: Մայրս ասում էր, որ դաշտից բերված հացը համեղ է լինում:

Հետո հայրս էր գալիս դպրոցից, ու ընտանիքը պատրաստ էր ճաշելու: Տատս բոլորիս կարգադրում էր սեղան նստել, ինքն էլ, գոգնոցը կապած, վերցնում էր շերեփն ու լցնում ճաշը:

Երեկոյան արդեն սկսվում էր իմ ընթերցանության ժամը: Տատս գրել-կարդալ լավ չգիտեր, դպրոց գնացել էր ընդամենը երկու կամ երեք տարի, և ինձ խնդրում էր կարդալ իր համար: Փորձում էի ինչքան հնարավոր է արագ կարդալ, որպեսզի տատս կրկին ասեր, որ ես ամենալավն եմ կարդում, և որ ինձ պետք է ընթերցանության մրցույթի տանել:

Հետո ձևացնում էի, թե քնած եմ, որ էլի ու էլի մնայի նրանց կողքին:

Հիմա, երբ դուրս եմ գալիս բակ, սպասում եմ, որ պիտի պապս դաշտից գա, ընտանիքս հավաքվի, նորից ճաշենք, հետո պապս ինձնից ջուր ուզի ու ասի, որ մենակ իմ տված ջուրն է համեղ…