Milena sedrakyan

Մածունը

Մեծ հորաքրոջս տանը միշտ էլ հավես էր անցնում, արկածներով լի, հետաքրքիր: Ամեն անգամ մի դաս քաղում էինք: Երբ փոքր էի, ամառային արձակուրդներին նրանց հյուր էի գնացել՝ Երևան:

Երեք որդի ունեն, բայց այդ ժամանակ երկուսն էին՝ Մարգարը և Գոռը:

Շատ լարված և խաղերով լի օրվա վերջում որոշեցինք մի բան ուտել: Սառնարանը բացելուն պես մեծ տարայով մածունն ընկավ աչքներովս: Իսկույն վերցրինք, ագահաբար լցրինք ինչքան կարող էինք, վրայից էլ՝ շաքարավազ և լավաշ:

Հորաքրոջս ամուսինը մտավ խոհանոց: Տեսնելով մեր ձեռքի գործը՝ ասաց.

-Եթե մինչև վերջ չուտեք, խոհանոցից դուրս չեք գալու:

Այ քեզ բան, դրանից էլ հեշտ բա՞ն: Հիմա կուտենք:

Կերանք, կերանք, չի վերջանում և վերջ: Մեկ գդալ մածուն էինք ուտում, երեք բաժակ ջուր խմում, որ կուլ գնա:

Լավ, էլ ինչ անենք, չենք կարողանում: Ես և Մարգարը Գոռից խորամանկ էինք. մածունը լցրինք անձեռոցիկների մեջ և պատուհանից դուրս նետեցինք: Իսկ Գոռը մինչև վերջ կերավ ու չէր կարողանում շարժվել ստամոքսի ցավից:

Այդ դեպքից վեց տարի է անցել, բայց ես մինչև հիմա ատում եմ մածունը:

Փոքր քույրս՝ Եվան, ուղղակի խելագարվում է մածունի համար: Երբ ծննդյան տարեդարձին տիկնիկ էի գնել, նայեց աչքերիս մեջ և ասաց.

-Միլ, էս գումարին քանի՞ բանկա մածուն կգնեինք:

Հիմա տանը բոլորը սիրում են մածուն, նստում և միասին ուտում են, իսկ ես, անգամ, երբ հոտն եմ առնում, սիրտս խառնում է:

Գոռն էլ չէր ուտում մածուն, երեկ խոստովանեց, որ արդեն սկսել է ուտել, բայց ես չեմ կարողանում և վերջ:

Սրանից դաս քաղեցի, որ պետք է զուսպ լինել, էլ երբեք ագահություն չեմ անի: