goharpetrsoyanervn

Մահն էլ է արվեստ

Ինչո՞ւ են մարդիկ ծնվում, եթե պիտի մեռնեն։
Այս հարցն առաջին անգամ գլխումս ծագեց 2014 թ․-ին մի չստացված «դեպքից» առաջ։ Մտքերս տակնուվրա էին լինում. պատճառն անպատճառ էր, կամ էլ պատճառ կոչվելու համար շա՜տ չնչին երևույթ էր։ Միշտ էլ այդպես է, երբ ներսիդ դատարկությունը չգիտես՝ ինչպես կոչել։ Գիտեք, ուղեղի դատարկությունն ու հոգու դատարկությունը համարյա նույնն են. երկուսն էլ վնաս քեզ են։ Բայց, դե հոգու դատարկությունը կարող է ցանկացած պահի վերջ դնել նույնիսկ աշխարհի ամենամեծ նվերին, ծնողներիդ պարգևած նվերին։ Ոչ, նվեր չէ, այլ անակնկալ։ Բայց դե, ոչ բոլորս ենք սիրում անակնկալներ, այդպես չէ՞… Հետևաբար, դատարկությունը նաև կարող է օգտակար լինել։ Տեսե՜ք, նորանոր հարցեր են առաջանում։ Ես տալիս եմ տարբեր պատասխաններ, քանի որ դրանց ճիշտ պատասխանը չգիտեմ։ Չնայած՝ ի՞նչ իմանաս, գուցե պատասխան էլ չունեն։

Ես չեմ սիրում երազկոտ մարդկանց, քանի որ նրանց համար անհնարին ոչինչ չկա։ Ինքս երազկոտ եմ։ Բայց ես ինձ չափի՜ց շատ եմ սիրում, մինչդեռ ամեն ինչ չափի մեջ եմ կատարյալ համարում։ Մի խոսքով. ես չգիտեմ՝ ինչ եմ սիրում, չգիտեմ՝ ինչ եմ ուզում, մինչդեռ կողմնորոշվելու հետ էլ խնդիրներ չունեմ։ Է՜հ, գժվել կարելի է։ Մի օր աչքերս բացում եմ և զգում, թե ինչքա՜ն շատ եմ պաշտում արվեստը։ Մի օր էլ զգում եմ Օսկար Ուայլդի «Ամեն մի արվեստ միանգամայն անօգուտ է» խոսքերի ճշմարտացիությունը։ Այո, դա զգացողության պես մի բան է։ Այսօր ես տանիքից չեմ ցանկանում իջնել և ուզում եմ աստղերի աննկատ շարժին հետևել, բայց երեկ երկինք նայելու ցանկություն անգամ չունեի։ Իսկ ինչո՞ւ։

Ես չգիտեմ՝ ինչու ենք ապրում այսքան հարցերը ուղեղներումս պահած։ Ինձ հետաքրքիր չեն մարդկանց «փաստ» հանդիսացող կարծիքները։ Դրանք զուտ կարծիքներ են, իսկ ես չեմ բավարարվում դրանցով։ Իսկ ի՞նչ անել՝ զոմբիացած ապրե՞լ, լինե՞լ անտարբեր ամենքի ու ամեն հարցի հանդեպ, թե՞․․․

Դե լավ, եթե չի ստացվում կողմնորոշվել այս ամեն հարցում, ապա ինչո՞ւ ենք ծնվել. «Ինչ-որ մեկի կյանքում դեր խաղալու համար, այս աշխարհում որևէ բան թողնելու համար, ծնվել ենք, որովհետև այդպես էր պետք…»,- միևնույնն է՝ ծեծված արտահայտություններ են։
Մի օր հարցիս մի նկարիչ պատասխանեց. «Ծնվելն արվեստ է, արվեստի գագաթնակետը, աշխարհի ամենակատարյալ երևույթը, որը մեծամասամբ երջանկություն է պարգևում, մարդկանց հոգիները լցնում վառ գույներով… Դրանից էլ լավ բա՞ն»։ Իսկ ես ավելացրի. «Մահն էլ է արվեստ… Գուցե սևն ու սպիտակը չեն համարվում գույներ, բայց դա էական չէ։ Սևի ու սպիտակի արվեստն էլ այլ է, իրականում՝ ամենահետաքրքիրը։ Դրանք գոյություն չունեն, բայց ամենից շատն են հետաքրքրություն առաջացնում…»։ Նա ասածիս բացասական ենթատեքստ տվեց։ Չգիտեմ՝ ճի՞շտ արեցի կարծիքս հայտնելով, թե՞ պետք չէր անկեղծ մարդու հետ անկեղծ լինել։ Որքա՜ն բան ես չգիտեմ… Եվ սա էլ կյանքն է, լցված միլիարդավոր չգիտեմ-ներով։ Ծնունդն ու մահն էլ են այդպես. ի՞նչ արած, սա կյանքի ստեղծած արվեստն է։

«Մարդիկ ծնվում են մեռնելու համար և մեռնում են, որպեսզի նորից ծնվեն»։
Այս պատասխանն առաջին անգամ մտքիս եկավ 2014 թ․-ին՝ մի չստացված «դեպքից» հետո։