Մայրամուտը սիրել սովորել եմ պապիցս

Լուսանկարը` Լիլիթ Աթանյանի

Լուսանկարը` Լիլիթ Աթանյանի

Մանկությանս ամենահիշարժան հիշողությունները կապված են Գարեգին պապիս և նրա տան հետ: Պապս ծնունդով Ախաչ կոչվող գյուղից էր, որտեղ անցել է նրա մանկությունը: Ախաչի բնակչությունը բնակավայրի անբարենպաստ պայմանների պատճառով տեղափոխվել և բնակություն էր հաստատել այժմյան Վայոց Ձորի Արտավան գյուղական համայնքում: Արտավանը գտնվում է Վայոց ձորի մարզում ` Արփա գետի ձախակողմյան վտակ Արտավան գետակի ակունքի շրջանում: Մարզկենտրոնից մոտ 32 կմ հարավ-արևելքում, իսկ մայրուղուց մոտ տասը կիլոմետր հեռու: Մինչև 1950 թ. կոչվել է Ջուլ, իսկ 13-րդ դարում կոչվել Աջողք:
17- րդ դարում գյուղի բնակիչները տարհանվել, բռնագաղթի են ենթարկվել, իսկ այստեղ բնակություն են հաստատել օտար ազգի ներկայացուցիչներ, այդ թվում նաև ադրբեջանցիներ:
1940-ականներին խորհրդային կառավարության որոշմամբ այստեղի բնակիչները տեղահանվում են հարևան երկիր, իսկ գյուղում բնակություն են հաստատում Արտավանից 30-35 կմ հեռու գտնվող Ախաչ գյուղի բնակիչները: Ախաչի բնակիչներն էլ գյուղը վերանվանում են Արտավան: Ամառային արձակուրդներս մեծ մասամբ անց եմ կացրել այդ գյուղում`Արտավանում: Պապիս տունը գտնվում էր Արփայի վտակներից մեկի աջ ափին, որտեղից երևում էր գյուղի անտառային զարմանահրաշ բնապատկերը:
Չնայած իր մեծ տարիքին, պապս հոգով միշտ շարունակում էր երիտասարդ մնալ: Անսահման սիրում էր իր գյուղն ու նրան շրջապատող բարձրաբերձ լեռները, ուր չէիր գտնի մի անկյուն, որ պապս եղած չլիներ: Ամեն օր ժամը հինգին, իր սովորության համաձայն, պապս գնում էր տարածքում իր ամենասիրելի վայրը` բլրի գագաթին գտնվող աղբյուրի մոտ: Ամեն օր նույն հետաքրքրությամբ և մտախոհությամբ զմայլվում ու ջերմանում էր արևի վերջին շողերով, որոնք արդեն ութսունհինգ տարի շարունակ առավոտյան ողջույնով և երեկոյան լուռ թախիծով էին լցնում նրա հոգին:

Լուսանկարը` Լիլիթ Աթանյանի

Լուսանկարը` Լիլիթ Աթանյանի

Նայելով նրա խոսուն հայացքին, զգում էիր այն անսահման սերն ու կապը առ բնություն, հարազատ տուն և հող, որտեղ անցել էին պատանեկության, երիտասարդության և ծերության ամենաերջանիկ օրերը: Շատերի մոտ հարց կառաջանա` ինչու ոչ մանկություն: Այդ հարցի պատասխանը թաքնված էր իր խոսուն հայացքի մեջ, որը միշտ նայում էր դեպի մայրամուտ` դեպի մանկություն ու հայրական տուն: