Մանդակի հետևից

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Ապրուստի միջոց վաստակելու համար գյուղի տղամարդիկ մեկնում են արտերկիր, բայց կանայք էլ անգործ չեն նստում և սպասում, թե երբ ամուսինները կաշխատեն ու մի քիչ գումար կուղարկեն: Նրանք փորձում են ամեն կերպ թեթևացնել ամուսինների «վզին դրված» հոգսերը:

Մայիսից մինչև հունիս մեր գյուղում ամեն օր կանայք ոտքով կտրում և հասնում են գյուղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող դաշտերը, որպեսզի մանդակ հանեն: Մանդակը վաճառում են, կամ էլ իրենք են կերակուր պատրաստում դրանից: Մայրս նույնպես բոլոր կանանց հետ գնում է դաշտ:

Գիտե՞ք, տարիներ առաջ, երբ շատ փոքր էի, ուրախանում էի, որ նա գնում է դաշտ՝ մանդակի, որովհետև գիտեի, որ մանդակի գումարով մեզ կոնֆետներ ու պաղպաղակ է գնելու, իսկ հիմա… Հիմա ամեն անգամ, երբ մայրս դաշտից վերադառնում է, ես տեսնում եմ, որ նա շատ հոգնած է: Ինձ այնքան վատ եմ զգում, որ չեմ աշխատում ու հնարավորություն էլ չունեմ աշխատելու, իսկ դրա փոխարեն մայրս ամեն օր՝ թե՛ ցուրտ, և թե՛ տաք եղանակին դաշտերում է: Բայց այն հարցին, թե չե՞ն հոգնում արդյոք այդքան քայլելուց ու կռացած մանդակ հանելուց, մայրիկս պատասխանեց, որ որքան էլ հոգնեն, միևնույնն է, նորից գնալու են: Երբ մանդակը տանում են շուկա, վաճառում, սեփական քրտինքով գումար են վաստակում իրենց երեխաների համար՝ մի ամբողջ աշխարհ արժե: