Մանկությանս անուշ պատառիկները

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Խուդավերդյանի

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Խուդավերդյանի

Երբ փոքր էի, առհասարակ, չէի սիրում խաղալ իմ հասակակիցների հետ, մանկապարտեզ էի հաճախում, սակայն, այնտեղ նույնպես հազվադեպ էի խաղում, ավելի հաճախ դաշնամուր էի նվագում. երազանքս էր դառնալ աշխարհահռչակ դաշնակահարուհի: Տանը երգում էի և ստիպում, որ բոլորն ինձ ծափահարեն:
Հիմա, երբ հիշում եմ մանկությունս, աչքիս առաջ են հայտնվում տատիս տանն անցկացրած ջերմ ու պայծառ օրերը: Օրեր, որոնք կմնան հիշողությանս մեջ հավերժ: Ամռան արձակուրդին սիրում էի հաճախ այցի գնալ տատիս ու պապիս: Ինձ համար այդ օրերը տոնական էին: Դարպասից ներս մտնելուն պես զգում էի թարմ հացի բույրը, առաջ էի անցնում և տեսնում թաղամասի՝ փռան մոտ հավաքված կանանց: Տատս, տաք հացը ձեռքին, անմիջապես ինձ ընդառաջ էր գալիս, այնուհետև՝ ինձ տանում էր կանանց մոտ ու նրանց հպարտորեն պատմում, թե որքան բանաստեղծություն գիտեմ: Այդ ընթացքում ես ուրախ-ուրախ համտեսում էի հացի պատառիկները:
Այդ տաք հացի պատառիկները կյանքիս ամենաջերմ ու անուշ պատառներն էին:
Երեկոյան ես ու տատս շաշկի էինք խաղում, որի ընթացքում նա մի քանի անգամ քնում ու արթնանում էր, երբեմն սկսում էր իմ քարերով խաղալ, ես ծիծաղում էի մանկական զրնգուն ծիծաղով, սակայն, ոչինչ չէի ասում նրան, չնայած՝ նա այդպես ինձնից առաջ էր անցնում: Պապս լուռ հետևում էր մեր խաղին, իսկ երբ տատս հաղթում էր ինձ՝ հպարտանում էր իր կնոջով և շարունակում ոգեշնչել նրան: Խաղից հետո տատիս խնդրում էի, որ ինձ համար արտասաներ իր սիրելի բանաստեղծություններից: Նա այնքա˜ն սիրով ու քնքշությամբ էր դրանք արտասանում: Ես մի տեսակ բարի նախանձով լսում էի նրան և երազում՝ մի օր էլ ես այդքան բան իմանամ: Կարծում եմ գրքի հանդեպ իմ սերը ծնվեց հենց այդ ժամանակ:
Չեմ կարծում, որ երբևէ կարող եմ այդչափ քնքշանք ու ջերմություն ստանալ, որքան ստացել եմ տատիս տանը: