arsine

Մանկություն թշնամիների հետ

Հարցազրույց տատիկիս՝ Զոյա Կարապետյանի հետ

-Տատ, որտե՞ղ է անցել քո մանկությունը:

-Իմ մանկությունն անցել է Ադրբեջանական ԽՍՍՀ-ի Դաշքեսան քաղաքում:

-Քանի որ ադրբեջանական քաղաք էր, արդյո՞ք  ապրել են ձեզ հետ ադրբեջանցիներ:

-Այո, ադրբեջանցիներ եղել են, նրանք խոսում էին հայերեն, հաճախում հայկական դպրոցներ:

-Ի՞նչ հարաբերությունների մեջ ես եղել նրանց հետ:

-Ընկերներս միշտ խաղում էին, իսկ ես` ոչ: Միշտ ինձ հեռու եմ պահել նրանցից, բայց մի քանի անգամ նրանց հետ գառներ եմ տարել սար: Ապրում էինք, էլի:

-Ունեցե՞լ ես ադրբեջանցի ուսուցիչներ:

-Այո, ունեցել եմ` ռուսերենի և ֆիզկուլտուրայի ուսուցիչները ադրբեջանցի տղամարդիկ էին:

-Երբևէ վախեցե՞լ ես ադրբեջանցիներից:

-Քանի որ տատս ու պապս պատմել էին, միշտ էլ զգոն ենք եղել: Օրինակ, մեր ադրբեջանցի հարևանները շատ երեխաներ ունեին, միշտ մեզնից հաց էին խնդրում, տատս տալիս էր: Հետո ասում էին` առավոտ կբերենք հենց թխենք, բայց տատս չէր թողնում վերցնեինք:

-Հիմա փոխվե՞լ են նրանք, թե՞ էլի նույնն են:

-Մենք այն ժամանակ իրար հետ ապրել ենք խաղաղ, հանգիստ: Մի սեղանից հաց ենք կերել, մի տան մեջ մնացել: Ի՞նչ գիտեինք, որ սենց կլինի: Մեծանալով հասկացանք, որ նրանց տրամադրում են մեր դեմ:

-Կցանկանայի՞ր ժամանակը հետ տանել և ապրել էլի իրենց հետ:

-Իրանց հետ չէ, բայց մեր ծննդավայրում շա՜տ կուզեի:
Հորեղբայրս՝ Հովհաննեսը, մեր գյուղի գլխավոր հաշվապահն էր: Ամբողջ օրը ադրբեջանցիների հետ  էր: Միշտ ինքը դրանց տանն էր, դրանք՝ իրենց: Շատ էին սիրում հորեղբորս, նաև  հարգում:
Արտակարգ մանկություն եմ ունեցել, թեև թշնամիների հետ: