Ani avetisyan

Մանկություն չունեցող մարդիկ

Մեզ ոչ ոք թռչել չի սովորեցնելու: Մի կերպ, դժվարությամբ չսողալ են սովորեցնում, ձեռնափայտով, պատերին հենվելով հավասարկշռություն պահել: Չընկնել էլ չեն սովորեցնում: Ոչ ոք, երբևէ չի էլ սովորեցնի: Բայց կանգնած մնալուն հո վարժվել ենք:

…Նրան ամեն օր համալսարանի ճանապարհին եմ տեսնում՝ ավտոբուսի մեջ: Երևի 14 կամ 15 տարեկան է: Անունը շատ եմ լսել, բայց չեմ հիշում: Իսկ եթե հիշեի՝ գուցե ավելի լավ պատկերացնեի՝ անունն իրո՞ք մարդու ճակատագրի հետ որևէ կապ ունի։ Ուղղակի, ճակատագրին էլ չեմ հավատում։

Ուսանողների ու աշակերտների հետ նույն տրանսպորտով է գնում-գալիս: Բայց դպրոց չի գնում: Աշխատում է: Ամեն օր, ժամը 8-ից դեռ շատ շուտ: Բոլորը այդ կանաչ կամ կարմիր երկաթե սարքի մեջ մտածում, խոսում են դասերի, դպրոցի ու համալսարանի մասին: Խոսում են աշխարհի ամենակենցաղային թեմաներից։ Նույնիսկ նրանք, որ իրենից մոտ տասը տարի մեծ են: Իսկ ինքն աշխատում է: Վաղուց: Նրա համար դա կյանքի ամենակարևոր պարտականությունն է։ Գիտի՝ ինչ է նշանակում գումար աշխատել սեփական ձեռքերով։ Ինչքա՞ն։ Ինչպե՞ս։ Նրա համար միևնույնն է։ Միայն թող բավական լինի էլի մի օր աշխարհիս երեսին «մարդավայել» ապրելու համար։

Չգիտեմ՝ մտածու՞մ է դպրոց գնալու մասին, թե չէ: Գուցե կարծում է, որ իր գործն ավելի կարևոր է: Իսկ   եթե իրո՞ք այդպես է:

Ցավոք, բայց այդպես է։ Երևի։

Գիտեմ, որ նա ոչ մեկն է, ոչ էլ միակը: Բայց, հենց նա՝ մեկն է առանց ձեռնափայտի, առանց պատերին հենվելու կանգնած մնացողներից: Մեկն է, որ ինքնուրույն թռչել էլ կսովորի, եթե միայն բաց թողնեն ձեռքերը։ Եթե միայն մեկնումեկն ասի, որ ինքը կարող է, կկարողանա: Իսկ ինքը կարևոր գործ ունի․գոյությունը պահել, մեր կլոր-կլոր երկրագնդում մի անկյուն գտնել ու ապրել:

Այս  հասարակության ամենամեծ խնդրի մարմնացումն է ու ամենամեծ առավելության իրական կրողը։ Գիտի, որ ընտանիքն իր կարիքն ունի։ Երևի ընտանիքն էլ գիտի, թե ինչի կարիք ունի նա։

Միայն նա չէ, բոլոր նրանք, որ տասը տարեկանից մոռանում են երեխա լինելու մասին։ Իսկ նրանք շատ են։ Դա է իրենց կյանքը։ Ճակատագրի հավատացողները կասեն՝ այդպես պիտի լիներ։ Չգիտեմ՝ ինչ կասեին լավատեսները։

Աշխատանքի պատճառով դպրոց չհաճախող երեխաները երևակայություն չեն։ Նրանք մեր կողքին են։ Գրեթե  ամեն քայլափոխի։ Ըստ պաշտոնական տվյալների՝ աշխարհում մոտ 215 միլիոն երեխա աշխատում է, մոտ 115 միլիոնը՝ վատթարագույն պայմաններում։ Հայաստանում աշխատող երեխաների թիվը հասնում է 1100-ի։ Ըստ պաշտոնական տվյալների։ Ըստ դրա՝ մեր երկրում վատթարագույն պայմաններում աշխատող երեխաներ չկան։

Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում մոտ 3 միլիոն մարդ է ապրում։ Ըստ նույն այդ պաշտոնական տվյալների , գյուղի կեսից ավելին համարվում է ասֆալտապատ։ Որովհետև մեր գյուղի պաշտոնական տվյալներն անցնում են Երևան- Էջմիածին ճանապարհով։

Վաղը, մյուս օրն ու շատ հետո էլի կխոսեն Հայաստանում կրթության որակի մասին։ Կգրեն, կքննարկեն, կգտնեն կամ չեն գտնի միջոցներ այդ որակը բարձրացնելու։ Գուցե մի անգամ էլ նրա մասին խոսեն։ Ասեն, որ արգելված է անչափահասների աշխատանքը, որը չի համապատասխանում օրենսգրքի երկար- բարակ կետերին։ Կասեն՝ թող ուշադիր լինեն, տեղյակ պահեն, իսկ իրենք կկանխեն։

Իսկ եթե ուշադիր լինեն, որ երեխաներն ուղղակի կարիք չունենան մանկության հաշվին ընտանիքի հոգսերն հոգալու։