մարինե իսրայելյան

Մանվել պապը

Ջուջևանում է ապրում Մանվել պապը: Նա հիանալի շվիահար է, բայց արդեն քանի տարի է, ինչ չի նվագում: Հաճախ էինք լսում նրա սրտակեղեք նվագը: Նա միշտ անցնում էր մեր այգու կողքի ճանապարհով՝ կովերին էր ման տալիս ու նվագում: Մանվել պապի անբաժան ընկերն իր էշն էր: Միասին էին անտառից փայտ բերում, խոտը արտից տուն հասցնում, խանութ գնում, մի խոսքով՝ ընտանիքի առօրյա գործերը միասին էին հոգում: 

Պատահեց այնպես, որ մի երեկո անտառում էշը կորավ: Երկար փնտրտուքից հետո ծերունազարդ Մանվելը հոգնեց ու սիրտը կախ վերադարձավ տուն:  Երբ մութն իր թևերը փռեց անտառագյուղի վրա, ամեն կողմից լսվեցին շնագայլերի կլանչոցները…

Կորած կենդանին էլ էր զգացել տուն վերադառնալու անհրաժեշտությունը, բայց վերադարձի ճամփին՝ անտառափեշին գտնվող մեր տան ետևում, գայլերի ոհմակի զոհ դարձավ: Հաջորդ առավոտյան դեռ լույսը կարգին չէր էլ բացվել, երբ արթնացանք աղիողորմ լացի ձայնից: Մանվել պապն էր ողբում: Առավոտ գիշերով դուրս էր եկել ընկերոջը փնտրելու և գտել միայն նրա ոսկորները:

Յոթ օր մենք արթնացանք շվիի թախծոտ մեղեդուց: Յոթ օրից հետո լռեց: Այդ օրվանից հետո էլ երբեք չլսեցինք նրա շվիի սրտակոտոր ձայնը: