Տատյանա Դարբինյան

Մարդաբանակա՞ն, թե՞…

Մի օր դասընկերներիցս մեկին հարցրեցի, թե որտեղ է ուզում շարունակել կրթությունը: Ի դեպ, ես նրան համարում եմ ամենախելացի աշակերտներից մեկը թե՛ մեր դասարանում, թե՛ ամբողջ դպրոցում: Նա պատասխանեց.

-Տատիկս ասում է ՝ կա՛մ Արմավիրի բժշկական քոլեջ պիտի ընդունվեմ, կա՛մ  «մարդաբանական» , այսինքն ամուսնանամ:

Ես ոչինչ չասացի:

Դասարանում 20 աշակերտ ենք:  Քսանից միայն յոթն են պլանավորում ուսումը շարունակել բուհում: Ընդ որում, սա դեռ բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ: Տղաներից շատերը պլանավորում են բանակում ծառայելուց հետո հեռանալ հայրենիքից, իսկ աղջիկներից շատերը` ամուսնանալ: Իմ կարծիքով, սա մերօրյա գյուղերի երիտասարդության գլխավոր թերությունն է: Իմ հայրենիքին պետք են ուղեղներ…

Համաձայն եմ, որ միշտ էլ եղել են է՛ սովորողներ, և՛ ոչ այնքան, բայց այս իրավիճակն ունի ավելի խորքային պատճառներ: Աշակերտը ոչ մի գայթակղիչ բանի չի հանդիպում դպրոցում, որը նրան կարող է ստիպել սովորել:

Լավ, իսկ ի՞նչ է տեսնում աշակերտն այդ լուսավորության տաճարում. դա լոկ մի շենք է, ուր երեխաների մի մասը գալիս է, քանի որ իրենց պարտականությունն է, կամ ժամանակ անցկացնելու, որտեղ ուսուցիչները ոչ ավել ոչ պակաս, իրենց գործն են կատարում: Եվ այս ամենին գումարվում են վանող, բարդ ու անհրապույր դասագրքերը:

Եվ սա դեռ միայն դպրոցն է: Իսկ ի՞նչ կարող ենք ասել բուհերի մասին… Յուրաքանչյուրը կարող է ընդունվել բուհ  և ստանալ բարձրագույն կրթություն, ավելի ճիշտ, դիպլոմ: Կրթություն ասվածը վերածվել  է մի թղթի կտորի, որը հեշտությամբ  կարելի է ձեռք բերել համապատասխան գումարի առկայության դեպքում: Այսինքն ՝ կրթությունը բառիս բուն իմաստով արժեզրկվել է: Շատերն ավարտում են մեր երկրի լավագույն բուհերը, բայց աշխատանք չունեն, և սա այն պայմաններում, երբ մեր երկրի լավագույն բուհերը  առաջատարներից են աշխարհում կրթության որակով և մակարդակով:  Սա էլ մեկ այլ ազդակ է, որ երիտասարդությանը հետ է պահում բուհերից: Պիտի նշեմ նաև, որ բուհերը դարձել են ծայրաստիճան կոռումպացված  կառույցներ:

Ահա թե ինչն է ինձ հուզում. իմ հասակակիցների և առհասարակ հայրենակիցների կրթությունը:  Ուզում եմ, որ մեր բուհերում ուսանողների թիվը կրկնապատկվի ու բազմապատկվի, և նրանք լինեն արժանավորներ, ուզում եմ, որ դասարանիս գոնե մեծ մասը ուսումը շարունակի, ու դասընկերուհիս «մարդաբանականից» ու Արմավիրի քոլեջից բացի այլ տարբերակներ ունենա: