«Մարդու գրականության» անունից

«Երբեք գիրքը չի կարող վերանալ աշխարհի վրայից, քանի հազար տարի Էլ անցնի, մեկ է, լուրջ գրականությունը գրքով են կարդալու»:

Հարցազրույց բանաստեղծ Հուսիկ Արայի հետ:-Ինչո՞ւ հենց Հուսիկ Արա:

-Ինձ գյուղում ծնված օրից Հուսիկ են ասում: Հայրս ընտրեց Հուսիկ անունը, մայրս Ֆելիքս էր որոշել դնել: Ֆելիքսը  քեռուս անունն էր: Նա այստեղ կամուրջի տակ  է խեղդվել. մայրս իր եղբոր անունն էր ուզում դնել: Բայց այնպես էր, որ հայրս արդեն ասել էր. «Ես տղա եմ ունենալու, Հուսիկ է լինելու»: Ծննդյան վկայականում, անձնագրումս Ֆելիքս է գրված, բայց ինձ գյուղում մինչև հիմա Հուսիկ են ասում, Ֆելիքս գիտեն իմ դպրոցական և ուսանողական ընկերները, հետո ես Հուսիկը նախընտրեցի: Ինչո՞ւ Արա՝ ես  Եղիազարյան ազգանունը չէի  սիրում: Մենք՝ հայերս, մեզ ասում ենք Արաներ, մենք համարվում ենք Արա Գեղեցիկ Աստծո որդիներ. այդպես որոշեցի Հուսիկ Արա:

-Մի փոքր կպատմե՞ք ձեր մանկությունից:

-Դժվար մանկություն եմ ունեցել. գրեթե անհայր եմ մեծացել, ութ տարեկանից մեր հողն եմ մշակել, փորձել եմ ամեն կերպ մորս օգնել, նաև որպեսզի  գոյությունս ապահովեի: Մայրս աշխատում էր, բայց քիչ էր ապրելու համար: Հայրս արդեն մեզ հետ չէր, բաժանված էր, բայց  հորս մասին ես կարող եմ միայն հրաշալի բաներ խոսել: Մեկ նախադասություն թույլ տվեք ասեմ. ինքը քանդակագործ և նկարիչ էր, հրաշալի մարդ, լավ մտավորական, բայց հիմա կյանքն այդպես էր ստացվել, մենք միասին չէինք ապրում: Ես՝ որպես անհայր երեխա, ստիպված եմ եղել իմ հացը  մորս հետ միասին հայթայթել, և այդ բանը մեզ հաջողվել է: Հետո դպրոց, համալսարան. մայրս է ամեն ինչ արել, այն ավանդական հայ կնոջ պես, որը ամբողջ կյանքը  զոհաբերել է իր  երեխայի համար, ամեն ինչ արել է, որ ես կրթություն ստանամ, որ իմ նպատակին հասնեմ: Եթե մայրս այդքան հոգատար չլիներ, ես երևի վաղուց գոյություն չունենայի, ամեն ինչի համար Երկրի վրա պարտական եմ մորս, մորս հիշատակին, որովհետև մայրս այլևս չկա, և երկնքում՝ Աստծուն: Ես ընտանիքում միակ երեխան էի՝ միամորիկ, մի քիչ էլ երևի դրանից երես աոած, որովհետև մայրս, չունենալով հանդերձ, ինձ համար ամեն ինչ ապահովում էր:

-Իսկ ի՞նչ էիք ուզում դառնալ փոքր ժամանակ:

-Բժիշկ, շատ էի սիրում բժշկի մասնագիտությունը: Դպրոցում ես գրեթե բոլոր առարկաները շատ լավ եմ սովորել, հատկապես քիմիա և կենսաբանություն արտակարգ գիտեի, և կարող էի անմիջապես  այդ ուղղությամբ  գնալ, բայց հետո, որ սկսեցի բանաստեղծություններ գրել, գնացի գրականության ուղղությամբ: Նույնիսկ իմ դպրոցական ուսուցիչները` քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, նեղացան, որ ես գրականության ուղղությամբ գնացի, նույնը` Երևանում: Ես  9-ը ու 10-ը Երևանում եմ ավարտել, այնտեղ էլ  զարմացան. գիտեին քիմիկոս եմ դառնալու: Հենց այդ տարիքում ես,  հանրապետական օլիմպիադայում հաղթեցի իմ բանաստեղծություններով: Դա քիչ բան չէր այդ ժամանակ հանրապետական օլիմպիադայում բանաստեղծություններով հաղթել. գովասանագիրը կա:  Մինչև հիմա տանն է:

-Փաստորեն  դպրոցական հասակում ստեղծագործո՞ւմ էիք:

-Այո, 11 տարեկանից: Առաջին բանաստեղծությունս գրել  եմ  Ավետիք Իսահակյանի «Հեյ, ջան Հայրենիք» բանաստեղծության  ազդեցության տակ: Գրել եմ, գրելը ո՞րն էր, ես փչացրի այդ մեծ պոետի բանաստեղծությունը: Դրանից հետո թաքուն գրում էի, նախ ասեմ՝ ինչու թաքուն, որովհետև սիրային բանաստեղծություններ էի գրում: Մորիցս ամաչում էի, ասում էի՝ հանկարծ մայրս կկարդա տետրերս, այդպես պահում էի: Առաջին բանաստեղծությունս «Կայծ» վերնագրով, երբ տպագրվեց, ես 18 տարեկան էի, 17-ում գրեցի, 11 ամիս պահեցին «Ավանգարդի» խմբագրությունում, հետո տպագրեցին: Բանաստեղծոււթյունը հինգ քառատող էր, որոնցից երկուսը տպագրեցին: Գրել եմ Պարույր Սևակի «Ես մի նոր  պոետ, անհայտ տակավին» բանաստեղծության ազդեցության տակ,  ինքն էլ Չարենցի ազդեցության տակ է  գրել: Իմ գրական ուսուցիչը եղել է Պարույր Սևակը:

-Իսկ ինչպե՞ս գրվեց  ձեր առաջին բանաստեղծությունը:

Այդ պահին չէի մտածում, որ գրում եմ: Ես, ինչպես շեշտեցի, գրել եմ Ա. Իսահակյանի «Հեյ, ջան Հայրենիք» բանաստեղծության ազդեցության տակ, բայց չտպագրվեց:

Ինձ թվում էր, թե գրող լինելու համար հարյուր տարի առաջ  պետք էր ծնվել, գրող լինելը չգիտեի՝ ի՞նչ բան է: Բայց ես ինձ գրող, բանաստեղծ չեմ համարում, որովհետև դա ինձ համար ավելի մեծ պատկերացում է և դեռ չեմ հասել դրան: Այդպես գրում էի, բայց չէի հասկանում՝ ինչ եմ անում:

-Ձեր գրական կյանքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:

-Երբեք որևէ գրողի կյանք հեշտ չի լինում, եթե իհարկե այդ գրողը իր համար լավ կյանք չի ընտրել: Հոգեբանորեն ամեն վայրկյանը դժվար է գրողի համար, ժամանակի հետ  չհաշտվելը, մարդկանց էության հետ չհաշտվելը,  ինչո՞ւ է աշխարհն այդպես. անվերջ այդ վեճն ու կռիվն է և´ Աստծո հետ և´ մարդկանց: Օրվա որ ժամին էլ լինի,  երբ գրողը նստում է գրասեղանի առջև, միևնույն է, ինքը դժվար վիճակում է:

Ես այն քիչ հանդիպող մարդկանցից եմ եղել, որ միայնակ եմ իմ ճանապարհը հաղթահարել: Երբ Հայաստանի գրողների միության անդամ դարձա, շփվեցի ինձնից մեծ, տարիքով գրողների հետ: Ամեն մեկն ասում էր` այս երկու-երեք մարդիկ են ինձ բերել- հասցրել այստեղ, և այլն: Ես միակ մարդ էի, որ  ինձ ոչ մեկը չէր տարել-հասցրել,  ես ինքնուրույն, միայնակ եմ գնացել հասել ամեն ինչի: Եվ նորից եմ կրկնում՝ միայն մորս շնորհիվ: Շատ տեղեր եմ աշխատել և´ «Գրական թերթոււմ»  և´ «Գարուն» ամսագրում և այլն:

-Ձեր կարծիքով կգա՞ ժամանակ, երբ երեխաները այլևս գիրք չեն կարդա:

-Ոչ, այդպիսի ժամանակ չի գա: Մի երկու տարի առաջ ամերիկացիները ուսումնասիրություններ էին արել, որ կգա ժամանակ, որ ժամացույցը կվերանա, որովհետև արդեն ժամը նայում ենք հեռախոսով կամ տպագիր մամուլը կվերանա, քանի որ ամեն ինչ կարդում ենք համացանցով: Շատ բաներ կան, բայց չվերացան, չէ: Գիրքը նույնպես երբեք չի վերանա: Գիրքը, ես ձեզ հետաքրքիր մի բան ասեմ, շնչող, ապրող էություն է, որին դու բացում ես,  կարդում ես, տանում ես քո անկողնում դնում ես, հետը քնում, բարձիդ տակ ես դնում, սուրճ ես խմում գիրքը ձեռքիդ կամ սուրճի բաժակն ես դնում գրքի վրա, սուրճը թափում ես վրան, չգիտեմ,  այդպիսի բաներ էլ են լինում. ինքը ապրող  էություն է: Այսօր համացանցում գրում են վեպեր, Ամերիկայից չգիտեմ Եվրոպայից  եկած, որոնք համացանցային վեպեր են: Դրանք այն վեպերից չեն, որոնք  մենք  կարդում ենք գրքով: Շեքսպիր, Նարեկացի , Չարենց Դանթե և այլն. ո՞ր մեկի անունը տաս: Չես կարող կարդալ նրանց ստեղծագործությունները համացանցում: Հա, մի երկու փոքրիկ բան, բայց դրանք պետք է ուսումնասիրեն գրքով: Երբեք գիրքը չի կարող վերանալ աշխարհի վրայից, քանի հազար տարի Էլ անցնի, մեկ է, լուրջ գրականությունը գրքով են կարդալու:

Հիմա գալիս է նոր սերունդ, ձեզ հասակակից, ձեզնից մի հինգ, յոթ տարի մեծ, իրենք շատ լավ  ընթերցում են գրականությունը, և այսօր մեր ուժը իրենք են: Սա ասում եմ ոչ միայն ընթերցանության համար, այլ բոլոր ասպարեզներում: Այսօր բանակում կանգնած, տարբեր ցույցերում միահամուռ մասնակցությամբ,  հրաշալի, մի  հզոր սերունդ է գալիս: Մեր սերունդը եկավ Արցախյան ազատամարտ հաղթեց, անկախություն և այլն: Շատ բան արեց, բայց իրենք եկան մեզնից հետո պետություն կայացնելու: Երբեք մի կասկածեք, վստահ եղեք՝ և´ կարդում է այս սերունդը, և´ ամեն տեղ կա. գալիս է անկախության սերունդը:

Եվրոպան մի հարյուր տարի պայքարում է այդպիսի սերունդ ունենալու համար, ամեն ինչ անում է` ներդրումներ, ֆինանսական օգնություն, բայց չի ունենում, իսկ  մենք՝ հակառակը. հենց սա է հայի ֆենոմենը:

-Հնարավո՞ր է միայն գրողի աշխատանքով ընտանիք պահել:

-Չէ, ես գրողի աշխատանքով երբեք ընտանիք չեմ պահել, չնայած տարբեր ամսագրերում, թերթերում, ամեն տեղ  աշխատել եմ: Ես լրագրող եմ և միշտ լրագրությամբ եմ իմ չնչին հացը վաստակել: Գրողի աշխատանքով չենք կարող ընտանիք պահել, որովհետև մենք այսօր հոնորար չենք ստանում: Հայաստանում միակ աշխատանքը, որ չի գնահատվում, գեղարվեստական գիրն է: Գոմաղբը, ես կոպիտ օրինակ եմ բերում, գնահատվում է, չէ՞, վճարում են, որ լցնեն բակը, հողը պարարտ լինի  կամ լուցկին, ամեն ինչ: Միակ բանի համար, որ այսօր չեն վճարում, գեղարվեստական գիրն է: Տարիներ շարունակ ես տպագրվում եմ: Այսօր ես տպագրվում եմ «Անդին» ամսագրում ավելի շատ: Ամեն համարի համար  երկու միլիոն վճարում և տպագրում են համարը, բայց  հոնորար չեն տալիս, ասում են՝ չունենք գումար: Այսինքն, ամեն տեղ ասում են գրի համար չենք վճարում: Մենք պետական, հիմա կոչվում է աջակցություն, գրքեր ենք տպագրում, և այդ գրքի վրա պատկերացնո՞ւմ եք աշխատում են խմբագիր, սրբագրիչ և այլն: Բոլորը վճարվում են, բացի ինձնից` հեղինակից. սա աննորմալություն է: Ես հինգ-յոթ տարի գիրք եմ գրել, տպագրել, սակայն չեմ վճարվել, բայց իմ գրքի վրա աշխատողները վճարվել են: Այդպես է, մենք զրո դրամ ենք վաստակում, եթե կարելի է այդպես ասել: Եվ հենց այստեղից է գալիս մեր գեղարվեստական խոսքի ընկալման հիմնական պատճառը:

-Ձեր ստեղծագործություններից ո՞րն է ձեզ ավելի հոգեհարազատ:

-Գիտե՞ք, բոլորը, բոլորն իմ զավակներն են: Այսպիսի մի պահ կա, երեխաներին ունենում են կին և տղամարդ միասին, իսկ ստեղծագործությունը, դա նույնպես ծնունդ է, ունենում  է մարդ միայնակ, մուսայի հետ: Իսկ ո՞վ իր երեխային վատը կհամարի, բոլորն էլ ինձ սիրելի  են: Բայց ամենից շատ իմ առաջին սևագրությունն եմ սիրում, որտեղ իմ առաջին գործերն էին: «Միայնակ շան լուսնահաչը» վիպակը ինքնակենսագրական է. դա եմ շատ սիրում, և իհարկե վերջին գիրքս, որը կոչվում է «Տան դուռը», որտեղ փորձել եմ արժևորել անկախությունը. անկախության շրջանը  մեր գրականության մեջ  ես շատ եմ սիրում: Փորձել եմ ժամանակը  ներկայացնել: Մեր գրողները, ցավոք, չեն ներկայացնում, խուսափում են, բոլորն ասում են՝ ինչո՞ւ գրենք, սոված ենք, վատ է մեր վիճակը,  ծանր է երկրի վիճակը: Ինձ համար ամենաբարձր արժեքը անկախությունն է, ես այսօր արյունս չեմ տա Ղարաբաղի համար, բայց հանուն անկախության իմ արյունը  կտամ, որովհետև դա միակ բացառիկ արժեքն է, որը մենք երազել ենք շատ երկար: Դա մի բացառիկ մեծ արժեք է, որը մենք այսօր  ունենք: Վերջին գիրքս`«Տան դուռը» հենց դրա մասին է: Փորձում եմ հենց սա արժևորել, այնտեղ կան և´ բանաստեղծական շարքեր, և´ պոեմներ: Փառք Աստծո, հենց այդպես էլ գնահատվել է:  Գրքի շնորհանդեսը հեռուստատեսությամբ ցույց են տվել, մամուլում գրել են, խոսել են և այդպես:

-Ի՞նչ եք կարծում ժամանակակից հայ գրականության մասին: Կա՞ն նոր ու տաղանդավոր գրողներ:

-Դուք չկարծեք, որ Եվրոպայում ավելի լավ գրականություն է ստեղծվում, քան Հայաստանում: Այսօր Հայաստանում ավելի լավ գրականություն է ստեղծվում: Գոնե տասը-տասնհինգ անուն կարող ենք տալ, և´ արձակում, և´ պոեզիայում, և´ մեր թարգմանական արվեստում:

Հետաքրքիր մի ֆենոմեն ունի հայը, իրեն միշտ թվում է՝ դե փոքր երկիր է, չեմ ուզում ասել փոքր ժողովուրդ, անընդհատ նայում է՝ դրսում ինչ է, ու  ինքը  պրկվում է անընդհատ, որ հասնի ու բարձրանա, վերցնի ու նրանից առաջ անցնի: Այսօր մենք ունենք հեղինակներ, որոնք իսկապես Եվրոպայում, աշխարհում ներկայանալի, ընդունելի հեղինակներ են: Եվ թեմաների առումով, Հայաստանում բազմազան են թեմաները: Ես ամերիկյան լրագրողների հետ եմ շփվել տասը-տասնհինգ տարի  առաջ, ասացի՝ ինչո՞ւ եք եկել  Հայաստան, ասաց, որ այստեղ գրելու թեման շատ է. այստեղ մարդու գրականություն է ստեղծվում: Մարդու խնդիրները իր ներսում և իր դրսում, ի՞նչ է նա զգում, դրսի աշխարհի հետ ինչպե՞ս է շփվում: Մեր գրողներից թարգմանել էին: Այնտեղ եղած արձակագիրներից ասել էին այդպես է: Ասենք Լևոն Խեչոյանի գրականությունը: Բացառիկ մեծ գրող է Հրանտ Մաթևոսյանից հետո, բայց ցավոք այսօր չեն ճանաչում, բայց դրսում նրան շատ լավ գտեն: Ոզում եմ ասել, որ լավ ներկա և լավ ապագա ունի հայ գրականությունը. մարդու գրականություն է  ստեղծվում, ճիշտ գրականություն է ստեղծվում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին մասնագիտություն ընտրելիս:

-Ուղղակի թող ընտրեն այնպիսի մասնագիտություն, որը մեր երկիրը առաջ կտանի, որը կլինի այս երկրի համար օգտակար և երկիրը զարգացնող: Կարևոր չի` բանասիրություն, ժուռնալիստիկա, գրականություն, թե չգիտեմ ինչ, կարևորը այնպիսի  մասնագիտություն ընտրեք, որ երկիրը առաջ գնա, հիմա այս երկիրը  դրա կարիքը շատ ունի:

-Ապագայի ի՞նչ պլաններ ունեք:

-Ես միշտ ներկայի մեջ եմ ապրել, էս օրն եմ ուզում ապրել: Ապագայի պլանը այն է, որ կարողանամ ավելի լավ կատարել աշխատանքս, եթե իհարկե,  դա Աստծո կամոք ինձ կհաջողվի:

Հարցազրույցը վարեցին` Թամարա Գալստյանը, Անի Խաչատրյանը