juli abrahamyan

Մարդու իրավունքնե՞ր, թե` «Նստիր, 9-ը»

«Մարդու իրավունքները տրված են բոլոր մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից, բնակության վայրից, լեզվից, կրոնից, ազգային ծագումից և այլ կարգավիճակից»։

Ինչպես միշտ` պարապում եմ քննությունները: Դե, տարին արդեն մոտենում է իր ավարտին, ինչը չի նշանակում Նոր տարվա պատրաստություն, մանդարին, «բլինչիկի լիստերը մի կեր», աղմուկ, Հարրի Փոթեր, այլ` քննություններ, ստուգարքներ, լացուկոծ, «բա ես հիմա սա ո՞նց անեմ» և այլն:

Մարդու իրավունքներ, մարդու իրավունքներ, մարդու իրավունքներ… Հա, բա վե՞րջը:

Դե, չգիտեմ:

Ըհն, ոնց որ մեր 17.am-ի փակ խմբում գրեցին:

«Դեկտեմբերի 10- մարդու իրավունքների միջազգային օր»։

«Ինչի, հիմա դա նշո՞ւմ են», – մտածեցի ես, ու լեզուս վառելով, խմեցի սուրճիս 4-րդ բաժակը:

«Տո չէ, հա»,- իմ միակ ու անբաժան ընկերը` ենթագիտակցությունս, իրեն չի կորցնում:

Բայց ես հիմա մարդու իրավունքներ եմ, չէ՞, ուսումնասիրում, վաղն էլ պետք է «զաչոտս» փակեմ:

Ախր, մարդու իրավունքները երբեք էլ չեն հիշվում գործնականում, է:

Տեսությունը բոլորս էլ գիտենք: Գիտենք, որ յուրաքանչյուրս էլ ունենք խոսքի ու ձայնի իրավունք, ունենք ինքնապաշտպանվելու իրավունք, դատարանում խոսք արտահայտելու իրավունք:

Բայց ունե՞նք որ:

Մտովին գնամ հետ` 2-րդ դասարան:

Ուզում եմ հիշել` մարդու իրավունքներին ես ընդհանրապես ականատես եղե՞լ եմ, թե՞ ոչ:

-Դու սուս,- լսում եմ ինչ-որ ծանոթ ձայն։

-Ինչի՞, չե՞մ կարա խոսամ,- կոտրտված ձայնով մի աղջիկ էր խոսում։

-Չէ, չես կարա: Ես եմ տենց ասում։

Փոքր, անիմաստ զրույց էր, որը լսել էի բուֆետ վազելու ճանապարհին:

Լավ, մի քիչ էլ ինձ Վանգայի կամ էլ Նոստրադամուսի տեղը դնեմ` ճանապարհորդեմ ժամանակներով:

-Բայց ախր, ես մեղավոր չեմ։

-Դու երբեք էլ մեղավոր չես,- փողոցի բարկացած տղան էր գոռում ընկերոջ կամ էլ ուղղակի ծանոթի վրա։

-Կներես, իրոք,- խեղճը չհասցրեց «իրոք» բառն արտասանել, միանգամից դեմքին բռունցքով ստացավ։

Լավ, հիմարություններ ես հիշում:

Մարդու իրավունքները միշտ էլ կան, եղել են ու կմնան:

«Նյութերդ կարդա, այ մարդու իրավունքների պաշտպան»,- կարիք չկա հիշեցնելու, թե ով է խոսում:

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր», հոդված 1. «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»։

Լավ, կհիշեմ, առաջին հոդվածները միշտ էլ հեշտ են հիշվում:

Հեշտ են հիշվում նաև երթուղայինի դեպքերը, երբ հաշմանդամ տղայի համար վարորդը չափից դուրս վեհ ու անդաստիարակ էր: Հեշտ են հիշվում այն բոլոր հայկական «ավանդական» ընտանիքները, որտեղ կինը հալածանքների է ենթարկվում: Հեշտ կհիշվեն նաև այն բոլոր բժիշկները, որոնք նկարիչներ էին ուզում դառնալ, այն բոլոր-բոլոր տնտեսագետները, որոնք հրաշալի երաժիշտներ կլինեին:

«․․․քանզի անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ»,- «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր», նախաբան, 1948։

Փակում ու մի կողմ եմ դնում բոլոր նյութերս, ուղղակի պառկում եմ գետնին ու ցանկանում եմ հիշել գոնե մի դեպք, որը կնկատվի որպես իրական մարդու իրավունքների պաշտպանության դեպք:

Մեր օրերում բոլորս հումանիստ ենք դարձել, մարդու իրավունքների պաշտպան, բայց ախր, գոնե մի դեպք չենք կարողանում հիշել ու հպարտ ասել.

-Մարդու իրավունքները լիովին պաշտպանված են։

Վաղը տուն կգամ, մաման կասի.

-Հըն, ի՞նչ ստացար։

-«Նստի, 9» ստացա, մամ։

-Մարդու իրավունքների՞ց։

-Ահա։

-Բայց դու տենց լա՞վ գիտես մարդու իրավունքները։

-Էհ,- կասեմ ես ու կգնամ հաց ուտելու…