SvetlanaDavtyan

Մարդու ուղեղն իր մտքերի տունն է

«Այն ամենը, ինչին մարդ հասնում է կյանքում, և ինչին այդպես էլ չի կարողանում հասնել, իր սեփական մտքերի ուղղակի արդյունքն է»։    Ջեյմս Ալեն

-Ես չեմ սիրում իմ աշխատանքը:

-Հոգնել եմ իմ մասնագիտությունից:

-Ոչինչ չի ստացվում:

-Ես գնահատված չեմ:

Արտահայտություններ, որ անում է ամեն օր մեզանից յուրաքանչյուրը: Երևի թե մենք չենք էլ գիտակցում, թե ինչ հզոր ուժ ունեն բառերը, որոնք տարածվում են և ալիքի պես հետ վերադառնում մեզ՝ ստիպելով, որ այդ տհաճ երևույթները պարբերաբար կրկնվեն ու կրկնվեն մեր կյանքում՝ հանգիստ չտալով մեզ, թույլ չտալով, որ մենք լինենք ներդաշնակ ինքներս մեզ հետ: Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ մեր կյանքը մեր մտքերի արդյունքն է: Մտածե՞լ եք՝ ինչն է, որ խանգարում է լինել պարզապես երջանիկ և հաջողակ: Հավանաբար պատճառն այն է, որ մենք շատ ենք մտածում և կենտրոնանում առօրյա մանր խնդիրների վրա՝ ձգելով դրանց դեպի մեզ: Բացասական վերաբերմունքը կլանում է մեր մտքերը, ինչը ազդում է մեր ամբողջ գոյության վրա: Նման մտքերով լցված՝ երբեք չենք կարող առաջ շարժվել, ունենալ հաջողություն, ինչքան էլ փոխվի միջավայրը, աշխատանքը, մարդիկ, քանի որ խնդիրը մեր մեջ է, և ոչ ուրիշ տեղում:

Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե որն է այն կարևոր միտքը, որը կարիք ունես փոխելու քո կյանքում:

Մարդու ուղեղն իր մտքերի տունն է: Եվ դու այնտեղ կարող ես տեղավորել ինչ որ ցանկանում ես, ինչքան ուզում ես, որովհետև այն սահմաններ չի ճանաչում: Իսկ տիեզերքը քո լամպն է, որը լսում է և հնազանդվում, իր ամբողջ կարողությամբ նպաստում է քո նպատակի իրականացմանը: Դրական մտքերը հարյուրավոր անգամ ավելի արագ են կատարվում՝ ի տարբերություն բացասական մտքերի:

Քանի դեռ մենք մտածում ենք, որ ցավազրկող դեղամիջոցներն օգնում են, դրանք կարծես ազդում են մեզ վրա, սակայն երբ դադարում ենք մտածել, որ դրանք արդյունք են տալիս, դրանք իրականում այլևս ոչ մի ազդեցություն չեն ունենում: Մեր մտքերն ուղղակի անհավատալի են։

Հիմա դու գիտես ամեն ինչ: Ամեն ինչ քո ձեռքում է, և դու ինքդ պետք է որոշես, թե ինչպիսին ես ուզում, որ լինի քո կյանքը:

Դրական մտքերը լավ են անդրադառնում մեր հույզերի, գործողությունների, որոշումների վրա, դրական մտքերը չափազանց օգտակար են նաև մեր ֆիզիկական բարեկեցության համար: Եթե մենք ցանկանում ենք ունենալ առողջ կյանք, ապա նախ պետք է ունենանք առողջ միտք, իսկ դա սկսվում է բացասական մտքերը դրական մտքերով փոխարինելուց: