Մարդ, ով օրինակ է ինձ համար

Սպիտակ մազերն ու երկար մորուքը մատնում էին նրա իրական տարիքը: Իսկ կնճիռներն ու աչքերի տակ գոյացած պարկերն ասում էին, որ նա երիտասարդ է ծերություն կոչվող թագավորությունում: Ֆիդայական մորուքը դեռ պատերազմ էր շնչում, բայց արտաշնչում միայն ու միայն խաղաղություն: Խոսում էր ամեն ինչից, պատմում իր գյուղից, իր պատանեկությունից: Հոգու խորքում  հայտնված թախիծը, որն արտահայտված էր աչքերում, ասում էր, որ նա ամեն ինչ կտար այդ մաքուր չպղծված բնությունը նորից վայելելու համար, նորից այն գյուղ գնալու, որտեղ ծնվել ու մեծացել էր: Բայց այն, ինչ չէին արել քաղաքային փոշին ու գործարանները, արեց թշնամին՝ փակելով դրախտը բոլոր կողմերից: Աչքերում հայտնված թախիծը կարոտի ու անհասանելիության խառնուրդ է: Յուրաքանչյուր պահի համար մի ավանդական խորհուրդ կար լեզվի տակ, մի խրատ, որ խորհրդավորություն էր մտցնում սովորական, առօրյա զրույցների մեջ, որը լսել և չանել չէինք կարող, քանի որ ոչ թե վախենում, այլ հարգում էինք նրան և այն ճշմարտությունը, որը թաքնված էր նրա խոսքերի մեջ, այն ճշմարտությունը, որը զերծ էր պահում մեզ տարբեր ստերից: Յուրաքանչյուր մանկանան «հանցագործություն» կամ պատանեկան «անօրինություն» պատասխան էր ստանում շատ հանգիստ և ուսուցողական կերպով: Զարմանալի է՝ պատերազմի թոհ ու բոհի մեջ թրծված այդ մարդը մեր՝ իր երեխաների հետ զրուցելիս և այդ զրույցներով մեզ դաստիարակելիս  դառնում էր մի ուրիշ մարդ. պատերազմի ընկերները նրան տանը տեսնեին, երևի չճանաչեին, որ ինքն է:

Այո՜, իմ հայրն իմ կյանքի ամենալավ օրինակն է, իդեալն ու խորհրդատուն: Նա նաև այն հայելին է, որտեղ ես տեսնում եմ իմ ճակատագրի արտացոլումը, իմ կյանքի ճանապարհը: Հենց նրա կյանքի օրինակի շնորհիվ է, որ կարողանում եմ շրջանցել հայելու մեջ երևացող սև խոչընդոտները, որոնք անշրջադարձ անցել է հայրս: