ella mnacakanyan yerevan

Մարտի 1-ի մասին՝ ուշացած

Անցած տարվա մարտի 1-ն ահագին ուշացած ժամանեց, չէ՞: Այսօրվա նման հիշում եմ, որ անցած տարվա մարտի 1-ին՝ արթնանալուն պես, թռչկոտելով մոտեցա սենյակիս պատուհանին՝ հոգուս խորքում թաքուն մի հույս փայփայելով, թե ձյունը հալված կլինի, ու վերջապես արևը կշողա: Բայց դե, հա՛, ճի՛շտ է, իմ 16 ու կես տարվա (այդ ժամանակ) կարճլիկ կյանքի ընթացքում պիտի առնվազն հասկացած լինեի, որ օրացույցի ամսաթիվը շատ քիչ ու անզոր է բնության քմահաճույքների առջև և որ, առհասարակ, թվերը չափից դուրս քիչ բան են նշանակում էս խուճուճ կյանքում: Հիմա արդեն 17 ու կես եմ ու կարծես արդեն հասկացել եմ այդ պարզ ճշմարտությունը: Բայց, միևնույնն է, երբեք չեմ մոռանա այն հիասթափությունը, երբ գարնան առաջին օրը մոտեցա պատուհանին ու տեսա գրեթե մոխրագույն սառցակտորի վերածված ձյուն ու հազիվ թափանցելի մառախուղ՝ պայծառ արևի ու ծիլ տված կանաչի փոխարեն: Չնայած դրան՝ արդարացի լինելով պիտի ասեմ, որ այս տարի գարունը քավեց իր մեղքերն ու եկավ բավականին շուտ՝ առանց օրացույցի թվերին ուշադրություն դարձնելու (կարծես ինքն էլ է վերջապես ընկալել թվերի՝ աննշան լինելու պարզ ճշմարտությունը): Այս անգամ գարունը շեղվեց իր սովորական հունից, մինչդեռ ես, իհարկե, անդավաճան եմ իմ սկզբունքներին՝ գրում եմ մարտի 1-ի մասին՝ ինչպես միշտ ուշացած:

Նկատե՞լ եք՝ մարտի 1-ն ինչքան բազմազան ու ոչ միանշանակ է ընդունվում մեր հասարակության կողմից: Շատերը խոսում են գարնան առաջին օրվա մասին, շնորհավորում, ժպտում, մյուսները 2008-ի մարտիմեկյան արյունալի դեպքերն են հիշեցնում ու հիշում, ոմանք էլ, ասենք, Պոլիտեխնիկի «ծնունդը»: Նրանք վիճում են իրար հետ՝ մարտի 1-ը որպես տոն կամ սգո օր նշելու համար, քննարկում ու քննադատում իրար՝ անձամբ կամ վիրտուալ հրապարակումներով (իմիջիայլոց, սովորականի նման) ու մոռանում, որ, ա՜խր, դրսում գարուն է. պետք է դրական լիցքերով լցվել ի վերջո:
Ես մարտիմեկյան դեպքերը գրեթե չեմ հիշում: Անկեղծ: Շատ աղոտ ինչ-որ խուճապ ու տանկեր միայն՝ հեռուստացույցով տեսած: Ու չեմ էլ հասկանում իմ այն հասակակիցներին, ովքեր ասում են, թե հիշում են այդ օրը ու սուր վերլուծական մեկնաբանություններ թողնում մի հարցի շուրջ, որի ժամանակ 7-8 տարեկան հազիվ թե եղած լինեն ու դեպքերին ուշի ուշով հետևած լինելու դեպքում անգամ չէին կարող ընկալել կատարվածը:
Ինչևէ, նրանք վիճում են ու վիճում, իսկ ես հետևում եմ այդ ամենին՝ Երևանի տաքուկ անկյուններից մեկում վայելելով իմ մի բաժակ թեյը, երևի որովհետև անկուշտի նման կլանել եմ գարնանային թարմ օդն ու մեծ հոսքի պատճառով այն կանգնել է կոկորդիս, ցավեցնում է։ Ու երևի դրա համար եմ ամեն կումիս հետ հույս փայփայում, որ այսուհետ գարնանային թարմ օդը կլինի մաքուր՝ առանց տանկերի ու արյունահեղությունների բույրի…