dayana amirkhanyan

Մեդիագրագիտության շաբաթը Վանաձորում

Մեդիան ամենահետաքրքիր հարթակն է, որտեղ պետք է ցանկացած անձ կարողանա կառավարել գիտելիքները, օգտագործել այն և փորձել հաղթահարել միևնույն ժամանակ հեշտ թվացող, մեդիադաշտի խրթին «ճանապարհները»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթ` կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։ Այս տարի Հայաստանն անմասն չմնաց։ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարել էին Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում:

Վանաձորի պետական համալսարանին կից հենակետային վարժարանում նույնպես մեդիաշաբաթ էր:

Ամենագլխավորը՝ քննարկում-դասընթացն էր, որի դասընթացավարը տողերիս հեղինակն էր: Դասընթաց-քննարկման ժամանակ 10, 11 և 12-րդ դասարանի  աշակերտները, ովքեր հետաքրքրված են մեդիայով  կամ ապագայում իրենց աշխատանքն են ծավալելու մեդիա ոլորտում, ծանոթացան մեդիայի կենսագրությանը, որը ինչպես և մարդը, գալիս է անտիկ ժամանակներից։

Իմ կարծիքով, ամենամեծ հարցը, որ տրվում էր կենսագրության մեջ, դա հայերի պատմության հետ նույնականացվող հարցն էր. որտեղից է գալիս մեդիան և ուր է գնում։ Մեդիայի ճանապարհն անհասկանալիորեն գնում է այնտեղ, որտեղ մեզնից շատերը չեն էլ լինելու։ Տեղեկատվական տեխնոլոգիաների հետ համընթաց զարգանում և վերելք է ապրում նաև մեդիան։ Սակայն ինչպես ամենուր, մեդիայում ևս առավելությունների կողքին կան նաև թերություններ։

Մեդիագրագիտության շաբաթվա հիմնական նպատակը թերություններին ծանոթանալն էր, դրանք կանխելը և մի շարք կարևոր գործոններ, որոնք պետք են ցանկացածիս։ Դասընթացի ժամանակ փոքրիկ թեստերի միջոցով փորձում էինք ավելի ամրապնդել ստացած տեսական նյութը, և ինչու չէ, նաև դրանք ապագայում օգտագործել գործնականում։ Հարց ու պատասխանի շնորհիվ պարզ էր դառնում, թե նոր` 21-րդ դարի սերունդը, այդքան ծանոթ լինելով նոր տեխնոլոգիաներին, սոցցանցերին, և ընկղմված լինելով դրանց մեջ, որքանով է տիրապետում անվտանգության կանոններին, որքանով է տեղեկացված  լուրերի կամ կայքերի կեղծ կամ իրական լինելուն, ինչպես է տարբերում դրանք, և իհարկե ամենակարևորը, թե ինչպես են վերլուծում  լուրերը։ Դասընթացի ժամանակ վերլուծություններ արեցինք, քննարկեցինք մի քանի նյութեր։

Դասընթացի երկրորդ մասն ավելի հետաքրքրեց աշակերտներին, քանի որ այն վերաբերվում էր սոցիալական մեդիային։ Խոսեցինք դրա վտանգների մասին, և իհարկե, ինչպես զերծ մնալ դրանցից։ Կարևորն այն է, որ երիտասարդները կարողանան զերծ մնալ  պրովոկացիոն և մանիպուլյացիոն լուրերից, տարածեն միայն ճիշտ և գրագետ լուրեր և նյութեր։

Իրազեկված լինելը շատ կարևոր է, քանզի  այդպես մենք մեզ որոշ չափով պաշտպանված ենք զգում։ Կարևորը գիտելիքն է, որ ստացան աշակերտները, և իհարկե, իրազեկված լինելով, կփորձեն խուսափել կեղծ կայքերի, լուրերի և ինտերնետային վարակներից: