aneta baghdasaryan

Մեդիագրագիտություն բոլորի համար

Երբ իմանում ես, որ Ֆրանսիայի ռադիոկայաններից մեկի լրագրողները գալու են ձեր համալսարան, որպեսզի լսեն ֆրանսերենի դասի համար պատրաստած էքսպոզեները (պրեզենտացիա), տարբեր մտքեր են գալիս. «Ըհը, էսօր թարսի պես դասախոսը հենց ինձ կկանչի», կամ էլ` «Չէ դե, այդքան լավ ֆրանսերեն չգիտեմ, հաստատ ինձ չի ընտրի»: Իհարկե, հազար անգամ նշվել էր, որ դասն անցկացնելու ենք սովորականի պես և անհանգստանալու կարիք չկա, բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ անհանգստանալու կարիք կա: Մի բան է` դասախոսիդ կամ ընկերներիդ ներկայությամբ ֆրանսերենով կարծիք արտահայտես, մեկ ուրիշ` ֆրանսախոս հյուրերի մոտ: Հա, մոռացա նշել, այսօրվա մեր էքսպոզեների թեման մեդիա կրթության դերն էր երիտասարդների կյանքում` նորությունները և մեդիան ճիշտ հասկանալու համար:

Դասից առաջ՝ մեծ դասամիջոցին, հավաքվեցինք գրադարանում, մտքեր փոխանակեցինք, մեր մեջ որոշոցինք, թե ով է խոսելու, կարծիքներն, իհարկե, բաժանվեցին, մինչև վերջին րոպեն պլանավորում էինք մեր փախուստը․ ամեն ինչ, միայն թե դասի չնստեինք: Երբ մտանք լսարան, և փախչելու տարբերակ չկար, մեզ մնում էր անհամբերությամբ սպասել մեր հյուրերին, ովքեր այդպես էլ չեկան: Երևի ավելի կարևոր հանդիպում ունեին, մեկ ուրիշ օր միգուցե և գան: Դե, իսկ մեզ մնում էր սովորականի պես բանավեճերով և քննարկումներով լի դաս անցկացնել:

Իսկապես հետաքրքիր և կարևոր թեմա էր, որը քննարկման կարիք ուներ մեր՝ երիտասարդներիս կողմից: Ներկայացվեցին միմյանցից տարբերվող էքսպոզեներ, որից հետո սկսվեց քննարկումը, հարց ու պատասխանը:

Մենք բոլորս շրջապատված ենք ինֆորմացիայով, որը կարող է ներկայացվել հեռուստացույցով, թերթերում, բջջայիններում և փողոցում: Երբեմն այդ ինֆորմացիան այդքան էլ մոտ չէ իրականությանը, աղավաղված կամ նույնիսկ հորինված է, և մեզանից շատերը հավատում են որոշ աղբյուրների` չկասկածելով նրանց հավաստիության վրա: Լսարանում կարծիք հնչեց, որ այո, այսօրվա երիտասարդությունը կարիք ունի կրթվելու մեդիա ոլորտում, իմանալու՝ որ աղբյուրներին հավատալ, ինչպես վերծանել ինֆորմացիան և չդառնալ կեղծ լուրերի թիրախ:

Հետո հերթը հասավ երեխաներին, որոնք թեկուզ առանց իրենց կամքի, բայց բախվում են լուրերի և տարատեսակ ինֆորմացիայի հետ, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ իրենց վրա: Քննարկվեց ծնողների կողմից այդ ամենը վերահսկելու հարցը, և որ ինչքան էլ նրանք ցանկանան երեխաներին հեռու պահել անցանկալի ինֆորմացիայից, տեղեկատվությունը մինչև վերջ ֆիլտրելն այդքան էլ իրական չէ: Չնայած՝ գոյություն ունեն ծրագրեր, որոնք արգելափակում են անցանկալի կայքերը և շատ հարմար են հենց այսպիսի դեպքերի համար, երբ ծնողը ցանկանում է երեխային պաշտպանել ավելորդ տեղեկատվությունից համացանցում:

Այնուհետև անդրադարձանք նաև մեծահասակներին: Եվ ես միանշանակ համաձայն եմ այն մտքի հետ, որ ոչ միայն երիտասարդները, այլ նաև տնային տնտեսուհիները և տարեց մարդիկ նույնպես ունեն մեդիա կրթության կարիք, քանի որ նրանք էլ են այն խոցելի խումբը, որը օրվա մեծ մասն անցկացնում է հեռուստացույցի դիմաց և հատկապես՝ համացանցում, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է տեղադրել չճշտված և կեղծ ինֆորմացիա: Նրանցից շատերը կուրորեն հավատում են համացանցում տեղադրված ցանկացած տեղեկատվության ու նույնիսկ չեն էլ կասկածում, որ այն կարող է հորինված կամ փոփոխված լինել:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որն անհնար է պատկերացնել առանց մեդիայի, սա տեղեկատվության դար է, և լավ կլիներ, որ թեկուզ դպրոցներում կամ էլ համալսարաններում կազմակերպվեին միջոցառումներ, սեմինարներ, որտեղ մասնագիտությանը լավ տիրապետող մեդիայի ներկայացուցիչները երիտասարդներին, ինչու ոչ, նաև մեծահասակներին կսովորեցնեին, թե ինչպես պետք է լրատվամիջոցներից օգտվել, կներկայացնեին ոչ վստահելի կայքերը հայտնաբերելու մեթոդներն ու ինֆորմացիան ճիշտ օգտագործելու ձևը: Չէ՞ որ հենց սա է ձևավորում մեզ որպես քաղաքացի և հասարակության լիարժեք անդամ: