«Մեդիացիա երկխոսության համար» դասընթաց

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը սովորական օրեր չէին իմ ու մի խումբ երիտասարդների համար: Այդ երիտասարդների մի մասը գնացքով Երևանից, Արագածոտնի, Արմավիրի մարզերից հասել էին Գյումրի, մի մասն էլ` Վանաձորից, Մեղրիից, Լոռու գյուղերից: Մեզ միացրել էր «Մեդիացիա երկխոսության համար» դասընթացը, որը կազմակերպվել էր Գյումրու «Ինքնություն և Աշխարհայացք» ԵՀԿ-ի կողմից և Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի (EYF) աջակցությամբ: Դե, Գյումրուց էլ արդեն շարժվեցինք Թորոսգյուղ:

Իրականում առաջին օրվանից էլ խումբը ձևավորվել էր, ու շատ լավ էր ընթանում ամեն բան: Հավաքվել էին տարբեր տարիքի երիտասարդներ: Այդ 4 օրվա ընթացքում  քննարկեցինք տարբեր թեմաներ ու հարցեր. կարծրատիպեր, մեդիացիա, ինքնություն, մշակույթ, խտրականություն, ծրագրերի մշակում: Դե, իհարկե, սրանք համեմված էին նաև խաղերով ու ընդմիջումներով: Իմ ամենալավ աշնանային արձակուրդներից մեկը եղավ այս տարվանը. նոր միջավայր, ընկերներ, հմտություններ: Ու հիմա էլ, երբ գրում եմ այս նյութը, մեր ֆեյսբուքյան չաթը նորից ծնգում է (ախր, շատ ենք սիրում իրար): Մոռացա ասել, որ այս դասընթացի շնորհիվ հանդիպեցինք ես ու էլի 17.am-ցի Սեդան: Արտասովոր ու անմոռանալի էր հատկապես վերջին գիշերը, որովհետև այդ օրը մասնակիցների կեսը լուսաբաց էին դիմավորել, նաև մեր շատ միամիտների ու խորամանկների «մաֆիա» խաղը, որը մեր օրակարգի մի մասն էինք դարձրել: Ճաշի սեղանի մոտ մեկ էլ լսում էիր հոգեբան Լենայի ու Մեղրիից Թովմասի ձայները.

-Կոնտակտ.1,2,3… «Տատիի արև»:

Կարող եմ ասել, որ այս «տատիի արև»-ը դարձել էր մեր ամենաշատ օգտագործվող  արտահայտությունը, բայց պատճառը ոչ մեկը չգիտեր:

Իսկ հիմա  թրեյնինգի մասնակիցներից երկուսի կարծիքներն եմ ներկայացնում.

Սյուզաննա Խառատյան, Լոռու մարզ, գ.Դսեղ.

-Դասընթացը ինձ տվեց հնարավորություն` սեփական կարծիքս հայտնելու, չվախենալու  ու ներկայանալու։ Սովորեցի, թե ինչ է իրենից ներկայացնում մեդիացիան, բայց ամենից զատ, ինձ համար առանձնահատուկ էին ընկերները, առանց որոնց անհետաքրքիր և միապաղաղ կլիներ, ու վստահ եմ, որ նրանք ընկերներ կլինեն ամբողջ կյանքի համար:

Նարեկ Ալեքսանյան, Շիրակի մարզ, ք.Գյումրի.

-Առաջին օրը, որ եկանք Թորոս, ասացի` էս ինչ թույն թիմ ենք հավաքվե՜լ։ Ճիշտ է, մի քանի հոգի դուրս սկզբից չեկան, բայց իրենց հանդեպ էլ էդ սառույցը կոտրվեց արդեն իսկ երկրորդ օրը։ «Էներջայզերները», թեմաները շատ հավես էին ու մեզ ոչ թե հոգնեցնում էին, այլ էլի էներգիայով լցնում։ Երբ ասում էին, թե դուք էս «էքթիվիթիների» ազդեցությունը հետո կզգաք, չէի հավատում: Հիմա նկատում եմ, որ փոխվել եմ, կարծում եմ դրանք մեծ ազդեցություն ունեցան իմ դեպի լավը փոխվելու գործում։ Էլ չասեմ, թե ինչքան գիտելիք եմ ստացել: Բոլոր֊բոլոր մասնակիցների հետ ընկերացել եմ, իսկ մի քանիսի հետ էնքան եմ մտերմացել, որ արդեն կարոտում եմ։

Շնորհակալ եմ բոլորին, աշունս գույներով լցնելու համար: