manana arxiv

Մեդիա «դիետա» երեխաների համար

Այս հոդվածը «Խաբարբզիկ» ամսագրի էջերում հրապարակվել է ինը տարի առաջ: Հետաքրքիր է, ինչ որ բան փոխվե՞լ է: Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք և ինչ կառաջարկեք:

Երբ «Մանանա» կենտրոնից ինձ առաջարկեցին գրել մանկական հեռուստաեթերի մասին, փորձեցի փնտրել մարդկանց, ովքեր մասնագիտացած են մանկական եթերում: Պարզվեց, որ Հայաստանում հատուկ մասնագետներ չկան: Փոխարենը «Մանանայի» գրադարանից վերցրի մի շատ օգտակար գիրք` “The media Diet for Kids”, («Մեդիա դիետա երեխաների համար»), որից էլ օգտվել եմ: Գրքի հեղինակները երկու բրիտանացիներ են, ովքեր մանրամասն հետազոտություններ են իրականացրել «դիետան» կազմելուց առաջ: Զրուցել եմ նաև հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ:

-Էկրանային սովով են տառապում ժամանակակից երեխաները, -ասում են մասնագետները: Նույնը կասեն նաև նրանց ծնողներից շատերը:

«Մեր երեխաները սոսնձված են հեռուստացույցին ու համակարգչին, բակ չեն գնում, գիրք չեն կարդում» և այլն: Որոշ ընտանիքներում մայրիկներն են խիստ, ու հաճախ բղավում են. «Անջատեք այդ հեռուստացույցը վերջապես», այլ ընտանիքներում էլ հայրիկները: Պատասխանը բոլոր դեպքերում նույնն է. «Լավ էլի, մամ, մի քիչ էլ խաղամ» կամ «Լավ էլի, մամ, մի քիչ էլ նայեմ»: Այլ երկրների մասին գրել չենք կարող, բայց Հայաստանում կա մի առանձնահատկություն. հաճախ երեխաների սիրելի հեռուսատասերիալները նաև ծնողների սիրած հեռուստասերիալներն են, օրինակ որոշ հեռուստասերիալներ ողջ ընտանիքն է սիրով նայում, կան նույն ֆիլմը, հաղորդումը: Ողջ ընտանիքով, դասարանով ու բարեկամներով էլ սկսում են մեջբերել ծիծաղելի հատվածներն ու ուրախանալ: Չէ որ սերիալը համ հայերեն է, (երեխաների համար թարգմանելու կարիք չկա), համ էլ շատ հարմար է (ավելի լավ չի՞ սսկված հեռուստացույց նայեն, քան աղմկեն ու վիճեն):

«Երեխաները շատ զգայուն և հասարակության ամենաանպաշտպան շերտն են, հաճախ մենք մտածում ենք, որ նրանք շատ բան չեն հասկանում, ու նրանց ներկայությամբ հարցեր ենք քննարկում, հաղորդումներ դիտում, որ կարող են նրանց վնասել», -ասում է հոգեբան Խաչատուր Գասպարյանը: «Մեդիա դիետա երեխաների համար» գրքում մի հսկա գլուխ նվիրված է էկրանների, այսինքն, հեռուստատեսության ու խաղերի բացասական ազդեցություններին: Այստեղ երկար այդ մասին չենք գրի, թողնում ենք ձեր երևակայությանը, միայն` մի օրինակ հոգեբանի աշխատանքային պրակտիկայից այն մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել հեռուստասերիալը երեխայի վրա: Խաչատուր Գասպարյանն ասաց, որ բոլորովին վերջերս նրա մոտ բերել են մի երեխայի, ով, դիտելով «Որբեր» հեռուստասերիալը, որոշել է ինքնասպանության գործել և փորձել է: «Որբերի» հեղիանակի մտքով էլ չէր անցնի նման բան երևի: Հիմա շատերն էլ գուցե կարդան հոգեբանի ասածն ու մտածեն, որ իրենց երեխան այդպիսին չի, որ առողջ հոգեկան աշխարհ ունի և այլն, բայց ֆիլմի հնարավոր ազդեցությունները շատ տարբեր են ու լայն: Հոգեբանը ընդհանրացնելով նշում է. «Հեռուստատեսության ու համակարգչային խաղերի բացասական հիմնական ազդեցությունները երկուսն են. նախ երեխան կտրվում է իրականությունից, երկրորդ` երեխաները ֆիլմերից ու հաղորդումներից սովորում են վարքի մոդելներ, որը հետագայում իրենց համար կարող է դառնալ գործածական ձև»:

«Մեդիա դիետա երեխաների համար» գրքի հեղինակները ծնողների ուշադրությունը հրավիրում են մի փաստի վրա. գրում են, որ բոլոր ծնողները հիմնականում հետևում են, թե ինչ են ուտում իրենց երեխաները, հաստատ թույլ չեն տա, որ երեխան ողջ շաբաթ ուտի նույն կերակուրը, չեն տա երեխաներին թթված ճաշ կամ չեն առաջարկի խմել ալկոհոլ, կպնդեն, որ երեխան ուտի բանջարեղեն, կաթնեղեն ու այն ամենը, ինչ օգտակար է ու անհրաժեշտ առողջությանը: Գրքի հեղինակներն ասում են, որ նույն սկզբունքը պիտի գործի նաև ժամանցն անցկացնելու ձևերը ընտրելիս, նշում են, որ այսօր, երբ շուրջդ ամենուր երեխաների համար գայթակղիչ էկրաններ են, ծնողները պիտի կարողանան ուղղորդել երեխաներին, հետևել նրանց և այլն:

Եվ այսպես, ինչպես սկսել մեդիա դիետան: Գրքի հեղինակները նախ առաջարկում են կրճատել այն ժամաքանակը, որ երեխան անցկացնում է էկրանի դիմաց` նվազեցնելով այն մինչև երկու ժամ: Դիետայի առաջին փուլը ունի մի շարք ոսկե կանոններ, որոնք ներկայացնում ենք ձեզ:

Ծնողները պետք է միշտ հետևեն, թե ինչ են խաղում կամ դիտում երեխաները, ինչ ինտերնետային կայքեր այցելում և այլն:

Մինչև 12 տարեկան երեխաների սենյակներում չպետք է լինեն համակարգիչներ կամ հեռուստացույցեր:

Խորհուրդ չի տրվում թույլ տալ երեխային ուտելիս դիտել հեռուստացույց: 

Գրքում բոլոր ոսկե կանոնները բացատրված ու հիմնավորված են մասնագետների կողմից:

Դիետայի երկրորդ փուլը կայանում է նրանում, որ ծնողները փորձեն այնպես անել, որ երեխայի` էկրանի դիմաց անցկացրած ժամերը ոչ թե կորուստ լինեն, այլ օգտակար, այսինքն, միայն նրանց` էկրանի դիմաց անցկացրած ժամերը կրճատելը քիչ է, պետք է որակ ապահովել: Այս փուլում կարևոր է լավ վերլուծել, թե ինչ է ստանում ու սովորում ձեր երեխան այն հաղորդումներից ու ֆիլմերց, որ դիտում է: Գիրքը ծնողների ուշադրությունը հրավիրում է փաստի վրա, որ մեդիան նաև դրական ազդեցություն ունենալու, կրթելու ամենալայն հնարավորություններն է տալիս ծնողներին: Այս փուլի գործնական հաջորդ քայլը հենց ֆիլմերի ու հաղորդումներ ընտրությունն է: Հայկական հեռուստաալիքների դեպքում ընտրելու հնարավորությունը նեղ է, բայց ամենուր կան խանութներ, որտեղ վաճառում են հազար ու մի ֆիլմեր ու մուլտֆիլմեր, ու կարելի է ընտրել ամենահետաքրքիր ու օգտակար մեդիա արտադրանքը:

Երրորդը` երխայի համար այլընտրանքներ ստեղծելու փուլն է: Երեխան ամեն դեպքում պետք է ինչ-որ կերպ լցնի իր ժամանակը, մեդիա դետայի հեղինակները առաջարկում են մի քանի տարբերակներ` երաժշտություն, սպորտ, հոբիներ, ընտանի կենդանի և այլն: Այս տարբերակները հայտնի են բոլոր ծնողներին, պարզապես ծնողների ու խնամակալների կողմից պահանջում են որոշակի ժամանակ ու երևակայություն…

Ավարտելով`միայն մեկ հավելում. ծնողները հաճախ են գանգատվում, որ երեխաները գիրք չեն կարդում, հետո հաճախ արդարացնում են երեխաներին` ասելով. «Դե, էնքան հետաքրքիր բան կա, էլ ինչի՞ պիտի գիրք կարդան որ»:  «Մեդիա դիետա երեխաների համար» գիրքը նշում է բոլորին հայտնի մի եղանակ. «Երեխայի համար պետք է նախ ծնողները հաճախ ընթերցեն հեքիաթներ ու պատմություններ, ընտրեն ամենահետաքրքիր ու գունեղ գրքերը, որպեսզի ժամանակի ընթացքում նրանց մեջ զարգանա այդ այդքան օգտակար սովորությունը»:

Նանե Սահակյան

2010