Ani avetisyan

Մեդիա… կյանք

Գրելու ընթացքում մեկ էլ գրիչս կմնա խուճուճ մազերիս մեջ, ու քսան րոպե պետք կգա նորաթուխ խմբավորմանը իրարից բաժանելու համար։ Իսկ էդ ընթացքում մազերիս ներսի հատվածում՝ գլխումս էլի, կջնջվի եղած-չեղած ինֆորմացիան ու կհայտնվի նոր-ժամանակակից-տարբերվող մի բան, կսկսի պայքարել ձեռքերիս դեմ` ստիպելով թղթին հանձնել այն, ինչ մտածում եմ։ Ու չնայած մի ժամանակ ասում էի, թե թղթի վրա գրելն ուրիշ զգացողություն է, հիմա գրում եմ հեռախոսով։ Որովհետև ես ալարկոտ եմ, ու որովհետև սկսել եմ հաշվել ժամանակս։ Իսկ ըստ մանկության լեգենդի՝ եթե ինչ-որ բան հաշվում ես, պակասում է (դե, մենք ատամներն ու օրագրի գնահատականները նկատի ունեինք)։

Գրելու հնարավորությունները հիմա շատ են, գրած-չգրածը հանրությանը «հրամցնելու» միջոցները՝ ևս։

Դե, հետո էլ գուգլը կօգնի, որ մեր գրածը և ոչ մի տող չկորչի համաշխարհային սարդոստայնում։

Մեկ րոպեում մենք՝ աշխարհի 7 միլիարդ մարդկանցից ինտերնետի հնարավորություն ունեցող շուրջ 4 միլիարդս, գուգլին որևէ բան ենք հարցնում մոտ 145 միլիոն անգամ։ Այսինքն՝ ողջ օրվա ընթացքում այդ թիվն անցնում է 20 միլիարդից։ Մինչդեռ սա որոնողական համակարգերին ուղարկված հարցումների միայն 70 %-ն է։

Իսկ եթե ամեն անգամ համացանցից որևէ բան իմանալու փոխարեն փորձեինք այն գտնել գրքերում։ Դե, զարմանալի չէ, որովհետև այդպես է եղել նաև մեզանից ընդամենը մի սերունդ առաջ։ Մեր սերունդն էլ (կամ գոնե ես) շատ բաներ գտել ենք հանրագիտարաններից, լիքը հայտնի ու անհայտ անուններով գրքերից։ Ուղղակի չգիտեմ` կա՞ արդյոք այնպիսի ինֆորմացիա, թե որքան ժամանակ է միջին վիճակագրական հայ դպրոցականը ծախսել «Ի՞նչ է, ո՞վ է», «Հայաստանի սովետական», «Համառոտ» ու ուրիշ սիրուն անուններով հանրագիտարաններից այս կամ այն երևույթի ու մարդու մասին տեղեկություն գտնելու (կոպիտ ասած` տնայինները գրելու) համար։

Իրականում անվերջ կարող եմ լսել նրանց, ովքեր կասեն, թե գիրքն ու համացանցը համեմատելի չեն, ու որ առաջինն արժեք է։

Ուղղակի, երբ նստած ես նախատեսվածից մոտ երեսուն հոգով ավելի շատ մարդ տեղավորած երթուղայինում, կամ թեկուզ դրսում, ու ծանոթներիցդ մեկը հարցնում է, թե, ասենք, քանի լուսնային տարի է պետք X մոլորակ հասնելու համար (հարցնում են, որովհետև լրագրության ֆակուլտետում եմ սովորում, պիտի իմանամ), ավելի հարմար է օգտագործել այս փոքրիկ «անպիտան» սարքը, քան գրպանում պահել 40 սմ երկարությամբ ու 500 էջ ունեցող հանրագիտարան։

Եվ, բացի դա, երրորդ հազարամյակում մեր կյանքն ամեն առումով է կախված մեդիա տարածությունից։ Առավոտից երեկո Ֆեյսբուքի պատին վեր ու վար անել մկնիկն ու օգնել ֆեյսբուքին մտածել, թե որքան կարևոր է նա մեր կյանքում։ Նախաճաշին, ճաշին ու ընթրիքին նկարել ուտելիքն ու տեղադրել ինստագրամում և օգնել նույն ֆեյսբուքին մտածել, թե որքան օգտակար ծրագրեր է պատրաստում մարդկանց համար։

Հետո բողոքել, թե ֆեյսբուքում միայն անհետաքրքիր տեղեկություններ են երևում, այնինչ նախօրոք երևի գուգլից ճշտել էր պետք, թե ոնց է այդ կայքը ֆիլտրում ըստ իրեն` օգտատիրոջը հետաքրքրող ինֆորմացիան։ Իսկ նա ուղղակի ցույց է տալիս այն, ինչին մենք ամենից շատն ենք շռայլում մեր click-ները։