Աղվերանի մեդիա ճամբար, օր երկրորդ. Ամեն օրը մի նոր դաս է

***

Ճամբարի երկրորդ օրն ինձ տվեց շատ գիտելիքներ լրագրության և լուսանկարչության ոլորտում ու նաև լավ, հետաքրքիր մտածելակերպով ընկերներ:

Էլյանորա Բալյան

***
Ճամբարի երկրորդ օրն ավելի քան հագեցած էր: Նախ հյուրընկալեցինք օպերատոր Դավիթ Թորոսյանին, ով կարևոր գիտելիքներ փոխանցեց օպերատորության և ռեժիսուրայի ոլորտներից:  Օրվա երկրորդ կեսը ավելի հագեցած էր, քանի որ գնացինք ֆոտոարշավի Արզական գյուղ: Գյուղացիների լավ վերաբերմունքի շնորհիվ ստացանք լավ ֆոտոներ: Իսկ երեկոյան շատ հաճելի էր քննարկումը, ամփոփում էինք մեր «հետախուզական աշխատանքի» արդյունքները, առաջարկվող ֆիլմերի գաղափարներից ընտրում լավագույնները:

Անուշ Հովհաննիսյան

***
Ճամբարի թե՛ առաջին, թե՛ եկրորդ օրերի ընթացքում ծանոթացա նոր մասնակիցների հետ, նաև նախկին ծանոթներիս հետ էլ ավելի մտերմացա: Բացի այդ վարպետության դասն ու Մանանա թիմի հետ դասընթացները տվեցին էլ ավելի խորը գիտելիքներ մեդիա ոլորտից: Նաև հստակ որոշեցինք, թե ինչ ֆիլմեր պիտի նկարենք, բաժանվեցինք խմբերի և վաղվանից կանցնենք աշխատանքի:

Ավետիսյան Անի

***
Մեդիա ճամբարի երկրորդ օրը ինձ տվեց գիտելիքներ հարցազրույցի ոլորտում՝ սովորեցի հարցաշար կազմել, հարցազրույց վարել: Ամենատպավորիչն այն էր, որ այսօր մեր պատանի թղթակիցներից մեկի՝ Վահեի ծնունդն էր, և մենք նրա ծննդյան առթիվ մի գեղեցիկ տեսահոլովակ նկարեցինք:

Ժորա Պետրոսյան

***

Ճամբարի երկրորդ օրը նոր գիտելիքներ տվեց օպերատորության հետ կապված, խորացրեցինք մեր գիտելիքները լրագրության ոլորտում: Արզական գյուղում ֆոտոարշավի ժամանակ ոչ միայն լուսանկարներ ենք արել, այլև հարցազրույցներ արզականցիների հետ:

Անուշ Մկրտչյան

***
Առավոտյան մեզ մոտ վարպետության դաս էր, որի սկզբում մի քիչ ձանձրանում էի, որովհետև որոշ գիտելիքներ արդեն ունեի, բայց երբ սկսեցինք խորանալ, դասը հետաքրքիր դարձավ: Ես ինքս էլ մի քանի կադր նկարեցի, գործնական գիտելիքներ ձեռք բերեցի: Դասախոսությունից հետո գնացինք Արզական գյուղ: Այնտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին: Բաժանվեցինք թիմերի ու շարժվեցին տարբեր ուղղություններով: Ծանոթացանք գյուղի դարբնի հետ և նրա մասին նյութ ենք գրում, նաև երեկոյան առաջարկեցինք ֆիլմ նկարել դարբին Արտակի մասին:

Նարեկ Բաբայան

***

Ճամբարի երկրորդ օրը մեզ այցի եկավ Սլավոնական համալսարանի դասախոս, փորձառու օպերատոր Դավիթ Թորոսյանը, որպեսզի մեզ փոխանցի իր գիտելիքներն ու հմտությունները: Շատ նոր բաներ սովորեցի ու հուսով եմ, որ օր-օրի դասընթացներն ավելի կհետաքրքրանան:

Դավիթ Ալեքսանյան

***

Այսօր ձեռք բերեցի նոր գիտելիքներ ժուռնալիստիկայի ժանրերի վերաբերյալ, ծանոթացա հարցազրույց վարելու ամենակարևոր սկզբունքներին: Շատ շնորհակալ եմ «Մանանա»  թիմին մեր գիտելիքները զարգացնելու գործում ջանք չխնայելու համար:

Մարինե Ղահրամանյան

***

Օրակարգին ծանոթանալուց հետո հասկացա, որ ճամբարի երկրորդ օրվա ընթացքում ավելի շատ հմտություններ ձեռք կբերենք կինոյի ոլորտից: Այսօր մեզ հետ աշխատեց օպերատոր Դավիթ Թորոսյանը: Նա ծանոթացրեց մասնագիտության նրբություններին: Շատ ճիշտ խորհուրդներ ստացանք, որոնք կօգտագործենք վավերագրական ֆիլմեր նկարելիս:

Կարինե Նահապետյան

***

Ճամբարի երկրորդ օրը ֆիլմ եմ նկարել Աղվերանի հանգստյան գոտում  ապրող մի աղջկա` Նուշիկի մասին, ով խնամում է իր ձիուն, զբաղվում ձիավարությամբ: Ֆիլմի մասին շատ չեմ ուզում պատմել, որովհետև շուտով կսկսենք մոնտաժել և կտեղադրենք կայքում` կտեսնեք:

Սերյոժա Բաբոյան

***

Ինձ ամենաշատը դուր եկավ ֆոտոարշավը Արզական գյուղ: Շատ հաճելի է, որ շփվում ենք նոր մարդկանց հետ, դրա շնորհիվ հարստացնում ենք մեր ներաշխարհը և մեզնից ինչ-որ բան տալիս զրուցակցին: Լի՜քը դրական էներգիա ստացա, իսկ ամենաանմոռանալին նոր ծանոթներ ձեռք բերելն էր: Այսպիսի արշավները օգնում են մեզ նախ` համարձակ լինել, շփվել անծանոթ մարդկանց հետ, կարճ ժամանակում հարցազրույցներ ու ֆոտոռեպորտաժներ անել:

Չափազանց հաճելի է, երբ այն ամենը, ինչից խոսել ենք, տեսնում ենք վարպետության դասերի ու գործնական պարապմունքների ժամանակ: Այսօր նաև ֆիլմերի գաղափարներ քննարկեցինք, և շատ ուրախ եմ, որ իմ ու Գայանեի գաղափարն ընտրվեց, շուտով այն կնկարենք:

Արման Արշակ-Շահբազյան

***

Ինձ համար շատ կարևոր էր գործնական գիտելիքներ ստանալը, երբ փորձառու մասնագետները կիսվում են իրենց գիտելիքներով: Օպերատորությունն ինձ համար լրիվ այլ աշխարհ է: Վարպետության դասընթացի շնորհիվ շատ նոր բաներ իմացա, որոնք հետագայում անպայման կօգտագործեմ: Շատ կարևոր էր նաև ֆիլմի գաղափարների քննարկումը, քանի որ այդ քննարկումների ընթացքում նոր գաղափարներ են ծնվում:

Գայանե Ավագյան

***

Ճամբարի երկրորդ  օրն ավելի հետաքրքիր ու հագեցած էր: Շատ գիտելիքներ ձեռք բերեցի օպերատրության ոլորտից: Մինչ այդ ընդհանրապես գաղափար չունեի դրա մասին: Կարևոր էր նաև, որ ծանոթացա այն թղթակիցների հետ, ում գիտեի միայն 17.am-ից, բայց չէի ճանաչում:

Նանե Եղիազարյան

***

Ես շատ ճամբարների եմ մասնակցել, յուրաքանչյուր ճամբար իր առանձնահատկություններն ունի: Այստեղ երկու օրվա ընթացքում շատ նոր ընկերներ ձեռք բերեցի: Ֆոտոարշավի ժամանակ ծանոթացանք Արզականի բնակիչ Ֆրունզիկ պապիկի հետ, ում մասին գուցե ֆիլմ նկարենք: Ամեն օրը մի նոր դաս է: Տաթև Աղազարյան

Այս օրն առաջինից ավելի լավ անցավ, քանի որ առաջին օրը այդքան էլ չշփվեցի երեխեքի հետ, իսկ այս օրվա ընթացքում ընկերություն եմ արել գրեթե բոլորի հետ: Ֆոտոարշավից մեծ տպավորություններ մնացին: Ֆոտոարշավի ժամանակ նաև բացահայտեցի որոշ արհեստների մի շարք հետաքրքիր գաղտնիքներ:

Խաչիկ Բունիաթյան

***

Մեդիա ճամբարի երկրորդ օրն ինձ շատ նոր բաներ սովորեցրեց: Ձեռք եմ բերել շատ ընկերներ դեռ առաջին օրվանից: Մեկ գիշերը բավարար էր, որ մենք մտերմանանք իսկ այսօր այնքան ջերմ ենք միմյանց հանդեպ, կարծես հարազատներ լինենք: Ճամբարն ինձ պարգևեց աշխարհում ամենակարևոր բանը՝ լավ ընկերներ: Այսօրվա վարպետության դասին Դավիթ Թորոսյանը մեզ շատ կարևոր գիտելիքներ տվեց, որոնք, վստահ եմ, ինձ կօգնեն թե՛ ճամբարի ընթացքում, թե՛ դրանից հետո:

Լյուբա Շառոյան

Զրույցը գրի առան` Աստղիկ Քեշիշյանը և Սերինե Հարությունյանը