Ani avetisyan

Աղվերանի մեդիա ճամբար. Օր չորրորդ

Ահա և սկսվեց մեդիա ճամբարի ամենահագեցած ու հետաքրքիր օրերից մեկը: Առավոտյան նախաճաշ արդեն հարազատ դարձած մարդկանց հետ, հետո ժողով կոնֆերենս դահլիճում` աշխատանքների բաժանման և ֆոտոարշավի նախապատրաստման համար: Հենց այնտեղ էլ իմացանք, որ նկարելու ենք նաև pixilation-ի համար մտածված գաղափարը: Նկարահանման ուրախ ու հաճելի ընթացքը խոստանում էր, որ հաջողված աշխատանք ենք ունենալու:
Մեր նկարահանման ընթացքում ադեն պատրաստվել և Աբովյան էր մեկնել Ս. Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոցի մասին ֆիլմ նկարող խումբը: Նախատեսված ժամին մենք ճաշարանում էինք, որտեղ էլ ճաշելուն զուգահեռ անցկացնում ենք նախորդ օրերի ու ժամերի քննարկումները, հումորներ անում ու զրուցում ամենատարբեր թեմաներից:
-Երեխեք, պատրաստվեք, գնում ենք ֆոտոարշավի: Կինոյի երկրորդ խումբ, արագացրե՛ք:
Այս անգամ ֆոտոարշավի համար ընտրված էր Ալափարս գյուղը: Հասնելով գյուղ` մենք բաժանվեցինք երկու խմբի ու սկսեցինք լուսանկարել գյուղն ու զրուցել մարդկանց հետ:
-Ո՞վ ա ճանապարհը հիշում, երեխեք:
-Ես: Երևի:
-Բայց էս գյուղի անունը ի՞նչ էր:
Մեքենան արդեն տեղում էր և վերադառնալու ժամանակն էր, բայց մենք պատկերացում չունեինք, որ հյուրանոցում մեզ անչափ հետաքրքիր հանդիպում էր սպասվում ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանի հետ: Զրույցն այնքան ջերմ էր, իսկ միջավայրն` անմիջական, որ մեզանից գրեթե ոչ ոք չնկատեց, թե ինչպես անցավ ժամանակը: Վարպետության դասի ընթացքում Նազիկ Արմենակյանը մեզ հասցրեց պատմել իր անցած ուղու, մասնագիտական հաջողությունների, ճանապարհին պատահած դժվարությունների մասին: Ծանոթացանք նաև ֆոտոլրագրության հիմնական օրենքներին, գաղտնիքներին, «կարելիներին» ու «չի կարելիներին»: Ընթացքում տեսանք նաև նրա ֆոտոպատմությունները և լսեցինք դրանց հետ կապված առավել ուշագրավ դեպքերի մասին: Հատկապես յուրօրինակ էր նրա «Վերապրածները» շարքը. պատմությունը հուզեց բոլորիս:
Դասընթացի վերջում հարց ու պատասխանի միջոցով ավելի ամրապնդեցինք ձեռք բերած գիտելիքներն ու ստացանք նորերը, իսկ հրաժեշտի պահը շատ հուզիչ ստացվեց. կարճ ժամանակում  արդեն հասցրել էինք հարազատ դառնալ:
Վարպետության դասին հաջորդեց ընթրիքը, որից հետո հավաքվեցինք` քննարկելու հաջորդ օրվա անելիքները, իսկ վերջում դիտեցինք «Մանանաֆիլմս» ստուդիայի  «Հարևանները» ֆիլմը: Այն պատմում էր, թե ինչպես են սահմանամերձ Բագարան գյուղում մարդիկ ապրում թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա: Ուշ ժամի  պատճառով ֆիլմի քննարկումը թողեցինք հաջորդ օրվան, թեև բոլորս էլ շատ հավանել էինք ֆիլմն ու կցանկանայինք խոսել դրա մասին:

-Դե, գնացինք քնելու, մինչ վաղը: