Ծաղկաձորյան օրագիր. Մեդիա Ճամբար. Օր վեցերորդ

Այսօր մենք հանդիպում ունեցանք «Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանի հետ: Նա մեզ հետ կիսվեց մասնագիտական հմտություններով: Սկզբում անդրադարձավ իրավական հարցերին, ասաց, որ լրագրողն առաջին հերթին պետք է ճանաչի իր իրավունքները, չպիտի լինի կողմ կամ դեմ:
Իր նյութի համար լրագրողը պետք է ամեն ինչի գնա: Ցանկացած մասնագիտություն ունի իր դժվարությունները, իսկ լրագրության մեջ, ըստ Ռ. Մինասյանի, դժվարությունը կայանում է նրանում, որ այն հրապարակային մասնագիտություն է: Տիկին Ռուզանը մեզ՝ որպես ապագա լրագրողների, ասաց, որ միշտ պետք է պատրաստ լինենք դժվարությունների, բայց, անկախ ամեն ինչից, պետք է բարեխիղճ կատարենք մեր գործը:

Աստղիկ Ղազարյան, գ. Գետահովիտ

***
Այսօրն անցավ ավելի հետաքրքիր, քան ես պատկերացնում էի: «Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանի վարպետության դասն իմ բոլոր հարցերի պատասխանները տվեց: Քանի որ ես միշտ դժվարանում էի հարցազրույցի համար հարցեր պատրաստելու մեջ, նա տվեց ինձ մի քանի խորհուրդներ, որոնք ես կարող եմ գործածել հետագա անելիքներիս մեջ: Յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր կանոնները, այդ թվում նաև լրագրությունը: Լրագրողը նախ և առաջ պետք է իմանա գեղեցիկ վարվելակերպ, ինչ-որ տեղ «դերասանական» շնորհ, քանի որ ոչ բոլորն են, որ թույլ են տալիս իրենց նկարել կամ իրենց մասին նյութեր գրել: Ամեն լրագրող պետք է իր դիմացինի հետ խոսելիս մտնի այն հոգեվիճակի մեջ, որում դիմացինն է:
Այսօր նաև ես նկարվեցի ֆիլմում, որը ինձ մեծ հետաքրքրություն պատճառեց, չնայած որ անձրև էր գալիս: Ես նաև իմացա փիքսիլեյշոնի մասին: Իմացա, որ հարկավոր է մեկ վայրկյանում քսանչորս լուսանկար նկարել, որպեսզի ստացվի շարժում:

Սաթենիկ Գալստյան, գ. Արարատ

***

Այս օրն ավելի հագեցած և բազմաբովանդակ էր: Շարունակեցինք ֆիլմի նկարահանումները: Օրվա երկրորդ կեսին վարպետության դաս էր սպասվում Ռուզան Մինասյանի հետ: Նա իր մասնագիտական գիտելիքները հաղորդեց մեզ: Այս վարպետության դասընթացից նույնպես ձեռքբերումներ եղան:
Երեկոյան, երբ արդեն բարձրացել էինք մեր սենյակները, երեխեքից մեկը եկավ և հայտարարեց.
-Երեխեք, գնում ենք լողավազան, սակայն 10 երեխա են ուզել:
Սկզբից ոչ մի արձագանք, սակայն հետո բոլոր երեխաները ցանկացան գնալ, բայց պետք էր ընդամենը 10 երեխա: Եվ քանի որ բոլորն էլ ուզում էին գնալ, այդ հարցի շուրջ աղմուկ բարձրացավ: Մենք չէինք պատկերացնում, թե ինչքան բարձր ենք գոռգոռում: Սիսակը, լսելով մեր աղմուկը, բարձրացավ երրորդ հարկ: Նա հայտարարեց, որ ոչ ոք չի գնալու լողավազան: Այդտեղ արդեն բոլորի տրամադրությունը ընկավ: Ճիշտ է, ես չէի գնալու, սակայն իմ տրամադրությունն էլ ընկավ, և ես գնացի քնելու:

Մարիամ Հովհաննիսյան, Արարատ

***
DSCN7674-2
Այդ օրը կատարվեց այն, ինչ ես շատ էի ուզում և շատ էի հետաքրքրված դրանով: Ես մեծ բավականություն ստացա նկարահանվելով ֆիլմում ու փիքսիլեյշնում: Ես այդ օրը համոզվեցի, թե ինչքան բարդ գործ է պատրաստել փիքսիլեյշն, նամանավանդ նկարողի համար: Շատ հաճելի էր մասնակցել դրան: Բացի դա, ես օր-օրի ձեռք եմ բերում լավ գրելու հմտություն:
Մեզ այցելել էր լրագրող Ռուզան Մինասյանը, ով մեզ պատմեց լրագրողի իրավունքների, հմտությունների, այդ աշխատանքի բարդության և մեզ հուզող շատ այլ թեմաների մասին: Ճիշտ է, ես չգիտեմ, թե հետագայում որ ուղղությամբ կշարժվեմ, բայց հաստատ այն ամենը, ինչ սովորեցի նրա ասածներից, համոզված եմ, անպայման մի օր պետք կգա: Ամենակարևորը, սովորեցի, որ երբեք պետք չէ խոստում տալ ոչ մեկին, հետո երբ չկարողանաս կատարել, վատ իրավիճակի մեջ չհայտնվես:

Լիլիթ Սուքիասյան, Ստեփանավան

***
Ես առաջին անգամ ֆիլմում նկարվեցի, և հետաքրքիր էր՝ անձրևի տակ: Վարպետության դաս անցկացրեցինք լրագրող Ռուզան Մինասյանի հետ: Չէի հանդիպել լավ լրագրողի, որը ինձ հետ կկիսվեր իր լրագրողական փորձով: Երեկ ես սովորեցի, որ պետք չէ անտեսել քեզ տրված խորհուրդները, այլ պետք է ուղղակի ընդունել ու կիրառել:

Սոսե Զաքարյան, գ.Դարպաս

***
DSCN7662-2
Վեցերորդ օրվա վարպետության ժամը Ծաղկաձորում անցավ Ռուզան Մինասյանի հետ: Մենք ունեցանք բովանդակալից զրույց: Նա խոսեց լրագրողի իրավունքների, պարտականությունների, դժվարությունների և առավելությունների մասին, մարդկային այն հատկանիշների մասին, որոնցով պետք է զինված լինի լրագրողը: Նա ասաց. «Լրագրողը պետք է բարի լինի, պետք է կամեցող լինի, պետք է գթասիրտ լինի»: Տիկին Ռուզանը պատասխանեց մեզ հուզող հարցերին, քննարկել և բացատրել լրագրողի աշխատանքը: Նա մեկ անգամ ևս մեզ հիշեցրեց, թե ինչպես մոտենալ, ինչպես ծանոթանալ և ընկերանալ մարդկանց հետ: Երեկ տիկին Ռուզանը ասաց, որ ամեն անգամ խոստումներ չտանք, իսկ տալու դեպքում պահենք խոստումը, որպեսզի մեզ վստահեն և հետագայում կապ պահեն մեզ հետ: Պետք է ունենալ մարդկային հատկանիշներ, լինել լավ ընկեր: Չխախտել խաղի կանոնները, չհրապարակել այն նյութերը, որոնք խոստացել ենք չհրապարակել և որոնց հրապարակելուն տվյալ անձը դեմ է: Ասաց, որ լավագույն շփում հաստատելու ճանապարհը մարդամոտ լինելն է: Հաճախ լրագրողներին ստում են, սակայն պետք չէ հալած յուղի տեղ ընդունել ամեն բան, հարկավոր է փորփրել, ճշտել և ապացուցել տվյալ տեղեկությունները: Լրագրողին կարող են պատասխանատվության ենթարկել սխալ տեղեկություն տարածելու համար:

Արուսյակ Սահակյան, ք. Հրազդան

***
Մենք բոլորս օր-օրի սկսում ենք ավելի ու ավելի մտերմանալ իրար հետ, թեև տարբեր մարզերից ենք, բայց արդեն մտածում ենք համատեղ աշխատելու մասին նաև հետագայում:
Այսօր նկարեցինք անիմացիա, որը շատ զվարճալի և հետաքրքիր ընթացք ստացավ: Մենք երեկ վերջապես վերջացրինք նկարել մեր կարուսելի մասին ֆիլմը:

Հարություն Հայրապետյան, գ. Ամասիա