anna  andreasyan

Մեզ առանձնացնող սովորությունները

Տարբեր մշակույթների ու ազգերի ներկայացուցիչների հետ ծանոթանալու դրական կողմերից մեկն էլ այն է, որ կարողանում ես քո մշակույթին կողքից նայել, այն նույն ձևով, ինչպես երկրորդ լեզու սովորելուց հետո մայրենի լեզուդ էլ ես սկսում որպես լեզու դիտարկել: Պատճառն այն է, որ երբ մի բան քոնն է, չես կարողանում անաչառորեն վերլուծել այն: Հաճախ, երբ տարբեր առիթներով քննարկվում են ժողովուրդների մշակութային տարբերությունները, մի տեսակ բացասական երանգ են հաղորդում թեմային: Բայց կարծում եմ՝ այդ տարբերություններն էլ իրենց գեղեցկությունը ու արժեքը ունեն:

Մեր առօրյայում տեղ գտած շատ սովորություններ կան, որ մեզ թվում է՝ ամբողջ աշխարհում նույնն է, բայց դա իհարկե այդպես չէ, համենայնդեպս, ոչ բոլոր դեպքերում: Իհարկե, մեզ բնորոշող շատ առանձնահատկություններ կան, բայց այսօր այս մի քանի օրինակը բերեմ, որ կարծում եմ՝ սովորաբար չի նկատվում:

Օրինակ՝ մեզ՝ հայերիս համար սուրճ խմելը նույն իմաստը չունի, ինչ արևմտյան ժողովուրդների համար: Հիմա կասեք՝ սուրճ խմելու իմաստը որն է: Ասեմ: Երբ մի հայ մյուսին հրավիրում է սուրճ խմելու, դա իրենից մի ամբողջ «արարողակարգ» է ենթադրում: Մի ամբողջ աղանդերի սեղան է պատրաստվում, հավաքվում են հիմնականում կանայք ու սկսում են քննարկել աշխարհի բոլոր-բոլոր թեմաները (ամեն մեկը՝ ըստ իր մտքի կարողության ու հետաքրքրության): Դե վերջում էլ, եթե խմբում «բաժակ նայող» կա, իր ուժերն է փորձում ոչ այնքան նրա համար, որ բոլորը հավատում են նման բաների, այլ ուղղակի արդեն սովորություն է դարձել, ժամանակ անցկացնելու մի ձև է: Այստեղից երևում է, որ մեկին սուրճի հրավիրելը ամենևին էլ սուրճ խմելու մասին չէ, դու կարող է ինձ նման թեյի սիրահար լինել, բայց քեզ տուն հրավիրելուց միևնույն է ասում են՝ գնանք սուրճ խմենք:

Մի ուրիշ օրինակ էլ հացն է: Մեզ մոտ հացը և՛ նշանակում է ուտելիք, և՛ հենց ինքը հաց: Այստեղից, օրինակ, կարող ենք տեսնել, թե մեր մշակույթում ինչ մեծ դեր ունի հացը: Առանց հացի հայերը սեղան չեն նստում, այն համարվում է սեղանի տարրական ու գլխավոր մասը: Իսկ օրինակ արևմտյան երկրներում, հացի ներկա լինել-չլինելը առանձնապես դեր չի խաղում: Սա իհարկե, մասնագիտական խոր վերլուծություն պահանջող թեմա է, որի մասին ես ուղղակի որպես կողքից նայող եմ խոսում:

Այս վերջին օրինակս ամերիկացիների մոտ էլ եմ նկատել, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, մեզ շատ բնորոշ է: Երբ ինչ-որ տեղ հյուր ենք գնում և վերջում արդեն վեր ենք կենում տուն գնալու, այնքան էլ հեշտությամբ չենք անում դա: Փոքր ժամանակ, երբ մի տեղ էինք գնում ու մեծերը արդեն ոտքի էին կանգնում՝ գնալու, ես նստած էի մնում, որովհետև գիտեի, որ ոտքի կանգնելը դեռ գնալը չէ, նրանք պետք է մի կես ժամ էլ մուտքի մոտ զրուցեին: Ու ես նստած սպասում էի այնքան, մինչև հավաստիանում էի, որ այս անգամ իսկապես գնում ենք, նոր վեր էի կենում: Իհարկե, հիմա ինքս էլ եմ հաճախ այդպես վարվում, դե, սովորության հարց է:

Իսկ այս նյութի վերջաբանը մուտքի մոտ կասեմ: Տեղիցս վեր եմ կացել, բայց սովորության համաձայն՝ դեռ չեմ վերջացրել: