«Մեծական» հոգսեր

Լուսանկարը՝ Մուշեղ Բաղդասարյանի

Հարցազրույց իմ քեռու` Արմեն Քոչարյանի հետ

-Քեռի, քանի՞ տարի է պապիկը աշխատել Վանաձորի քիմիական գործարանում:

-Պապիկդ` Մանուչար Քոչարյանը, 50 տարի,  աշխատել է գործարանում իբրև ապարատավար, Սաթ ջան:

-Օ~, 50 տարի:

Ես անկեղծ շատ զարմացա: 50 տարին մեծ ժամանակահատված է, բայց պապիկս իր կյանքի մեծ մասը անց է կացրել այդ գործարանում:

-Իսկ դու քանի՞ տարի ես աշխատում, ի՞նչ մասնագետ ես:

-Երևի 7 տարի կլինի, աշխատում եմ որպես էլեկտրածառայության վարպետ:

-Իսկ պապիկի աշխատելու ժամանակ ի՞նչ էին արտադրում:

-Ամեն  ինչ էլ արտադրում էին` մելամին, կարբիտ, կորումդ, ազոտական պարարտանյութ:

-Իսկ հիմա ի՞նչ եք արտադրում:

-Հիմա չենք արտադրում:

-Ինչո՞ւ,- զարմացած հարցրեցի ես:

-Չեն ուզում` չեն արտադրում, իրենց ձեռքին չի՞:  Բայց պատճառներ իհարկե, կան: Նախ` երկրաշարժի ժամանակ շատ բան վնասվեց, հետո անկախության տարիներին, երբ դուրս եկանք ԽՍՀՄ-ի կազմից, կորցրեցինք թե պատվիրատուներին, թե հումքի շուկան, և այսպես շատ ու շատ պատճառներ կան:

-Քեռի, քիմիական գործարանը ե՞րբ է կառուցվել:

-Սաթ ջան, քիմիական գործարանը կառուցվել է այն ժամանակ երբ մենք դեռ ԽՍՀՄ-ի կազմում էինք, երբ քիմ գործարանը կառուցվեց, Վանաձորը դարձավ քաղաք: Գործարանի աշխատելու տարիներին ամբողջ քաղաքը աշխատում էր, ապրում, իսկ հիմա ապրելը  հարաբերական է: Այնքան մեծ էր ու այնքան աշխատատեղեր ուներ, որ գործարանի մեջ ավտոբուս կար, որը տեղափոխում էր աշխատողներին շենքից շենք: Իսկ հիմա աշխատող էլ չկա, որ տեղափոխեն:

Տարիներ շարունակ գործարանը պահել է ամբողջ քաղաքը, բայց այսօր այդ նույն գործարանը չի աշխատում, մարդիկ գործ չունեն ու կամաց-կամաց լքում են հայրենիքը:

-Քեռի, դու է՞լ ես ուզում գնալ Հայաստանից:

-Չէ, չեմ կարող, ինչքան էլ վատ ապրեմ, չեմ կարող հեռանալ իմ հայրենիքից:

-Գոնե աշխատավարձերը, նրանք, ովքեր աշխատում են, ամեն ամիս վճարո՞ւմ  են:

-Այս տարի դեռ աշխատավարձ չենք ստացել:

-Իսկ գոնե հույս տալի՞ս են, որ կվճարեն:

-Դե~, հույսը վերջինն է մեռնում:

-Քեռի, ինչո՞ւ ես գնում գործի, եթե աշխատավարձ չեն տալիս:

-Բա ի՞նչ անեմ, ուրիշ աշխատանք չկա, գոնե հույս ունեմ, որ տարին մեկ անգամ պիտի աշխատավարձ ստանամ:

Տխուր զրույց ստացվեց, չէ՞: