aqsenya vardanyan

Մեծ շղթայի փոքրիկ մասնիկ

Երբ կարդաք այս հոդվածը, երևի արդեն ավարտած կլինեմ համալսարանս, բայց հիմա ուզում եմ խոսել շատ ավելի կարևորի մասին։ Ավարտական աշխատանքս գրելիս, որի թեման Հայաստանի գրատպության շուկան էր, հասա մի շատ կարևոր խնդրի, որի լուծման մեջ մենք բոլորս կարող ենք մեր փոքրիկ ներդրումը ունենալ։

Եկեք պատկերացնենք, որ Ալֆա հրատարակչությունը ձեռք է բերում Բետա գրքի հեղինակային իրավունքները, ընդ որում, Բետան համաշխարհային բեսթսելեր է, որը խոսում է այն մասին, որ Ալֆան մեծ գումար է վճարել դրա համար։ Հաջորդ քայլով ընկերությունը սկսում է թարգմանել գիրքը, կատարել խմբագրական, հետո սրբագրական աշխատանքներ, հետո էլ մեր Բետայի համար շապիկ է ստեղծում, որ Դուք ու Ձեր գրադարանը սիրեք իրեն, հետո տպագրատուն, գովազդ, շնորհանդես, կարճ ասած՝ լիքը ծախս։ Տնտեսագիտական ամենապարզ կանոնով՝ մեր Ալֆան գրքի համար պետք է սահմանի ինքնարժեքից բարձր գին, որ շահույթ ապահովի, բայց արդեն հարազատ դարձած Ալֆան ուզում է, որ գիրքը ավելի շատ կարդան ու առանց շահույթի մասին մտածելու գիրքը թողարկում է ինքնարժեքով։ Ու հանկարծ օրեր անց, ինչ-որ մի տեղից հայտնվում է մի Գամա, էական չէ, թե ինչպես ու ինչ ճանապարհով, բայց ձեռք է բերում Բետայի էլեկտրոնային տարբերակը, ու սկսում է աննշան գումարով վաճառել այն․ լավություն է անում, էլի։ Հաջորդող օրերին Բետային մեր շատ բարի հայերը սկսում են անվճար տարածել՝ տեղադրել ֆեյսբուքյան խմբերում, նամակագրությամբ ուղարկել իրար՝ չգիտակցելով, որ կատարվում է հանցագործություն։ Արդյունքում մեր բարի Ալֆան անգամ կատարած ծախսերը չի կարողանում հետ բերել, սնանկանում է ու մեր համար էլ ոչ մի Բետա չի թարգմանում…

Գրքերի էլեկտրոնային տարբերակների անվճար տարածումը հանցագործություն է, գրողի մտքերն առանց հեղինակին նշելու անձնական էջում տեղադրելը գողություն է, նկարի կամ դիզայների կատարած աշխատանքի օգտագործումը պատժվում է օրենքով՝ ՀՀ օրենքով։ Բայց այդ օրենքը անզոր կլինի մեզնից յուրաքանչյուրի առաջ, եթե չհասկանանք այս ամենի կարևորությունը։ Գրողը, հրատարակիչը, թարգմանիչը, նկարիչը ու երաժիշտը շատ երկար ճանապարհ են անցնում մինչև իրենց ստեղծագործությունները հասնում են մեզ, ու նվազագույնը, որ մենք կարող են անել, այդ ճանապարհը չքանդելն է։ Օրենքը չխախտելով ու գողություն չանելով մենք հնարավորություն ենք տալիս Ալֆային մեզ համար շատ ու շատ գրքեր տպագրել։ Առանց Ալֆայի ու նրա գրքերի՝ կրթությունը և մեր հասարակության մշակույթը չի կարող գոյատևել, հետևաբար, երկրի սոցիալ-մշակութային զարգացումը կդառնա անհնար։

Ձեզ խաբել են, եթե ասել են, որ գրքի գողը գող չէ, այս գողությունը պատժվում է Հայաստանի Հանրապետության թե՛ քրեական, և թե՛ վարչական օրենսգրքով։ Պահպանելով ու թույլ չտալով խախտել ՀՀ հեղինակային իրավունքի մասին օրենքը՝ մենք դառնում ենք երկրի զարգացման շատ փոքրիկ մի մասնիկը, բայց չէ՞ որ մարդն էլ փոքրիկ ատոմներից է բաղկացած։ Իսկ քեզ, բարեկամս, ես կվստահեմ իմ ամենաթանկ գանձերը՝ գրքերս, կարդա ու վերադարձրու, բայց միայն թե մի գողացիր, թույլ տուր ինձ ունենալ նորանոր բետաներ․․․

Հ․Գ․ Գրքերս վերադարձրեք, կարոտել եմ դրանք․․․