Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Մեծ քաղաքի մարդիկ

Մարդիկ ավելի շատ այն են, ինչ թաքցնում են, քան այն, ինչ ցույց են տալիս:

Բեռլինյան փողոցներում շատ պատմություններ են թափառում, միակ հարցը այն է, թե տեսնո՞ւմ ես դու դրանք։ Քայլելիս առաջին բանը, որն աչքի էր ընկնում, ու ինչին ես ամենաուշադիրն էի, դրանք մարդիկ էին, որոնցից յուրաքանչյուրը ինքնին մի պատմություն է, մի երկրի մշակույթի ներկայացուցիչ։ Մեծ քաղաքներում մարդիկ տարբեր են, նրանք խենթ են ու հետաքրքիր։ Նայելով նրանց ես երևակայորեն պատկերացում էի նրանց կյանքը, ապրելակերպը, առօրյան։ Հաճախ կորչում էի բեռլինյան փողոցների անկյուններից մեկում ու հետևում անցուդարձին, հետևում քաղաքի արագ տեմպին ու կառուցում նրանց կյանքերը։

Յուրաքանչյուր մարդ մի չբացահայտված պատմություն է, ու իմ լուսանկարները հենց այն պատմություններն են, որ ինքս եմ կառուցել: Գուցե տեսնողներից յուրաքանչյուրն էլ կառուցի իր պատմությունը։ Նրանք իմ հերոսներն են, մարդիկ են, որոնց հետ ես ապրում եմ և երբեմն զգում եմ, որ ճամփորդում եմ այն հետքերով, որոնք բացահայտում եմ։

—Կներեք, դուք ֆրանսերե՞ն եք խոսում,- զարմացած հարցրի ես ու փայլող հայացքով նայեցի ներս մտնող մի տարեցի, ով դուռն իր հետևից փակելով ներս մտավ ֆրանսերեն բարևելով։

Ժպտաց։ Մի բաժակ գարեջուր վերցրեց ու նստեց մեր կողքին։ 80-ամյա ծերունին միայնակ էր ու խոսելու կարիք ուներ, նստեց ու սկսեց պատմել իր մասին, իսկ ես նույնիսկ չէի հասցրել հարցս ձևակերպել։ Լսում էի Նյու Յորքում, Կանադայում, Բեռլինում անցկացրած տարիների մասին, հաջողությունների ու հիասթափությունների մասին, պատմում էր Նյու Յորքյան փողոցներից մեկում գտնվող իր փոքրիկ տան ու ջազի մասին, ու էլի շատ բաների մասին էր պատմում, որոնք ես կլանված լսում էի։ Գեղեցիկ էր խոսում ֆրանսերեն, ու մի պահ Գերմանիայի սրտում նստած մոռացել էի որտեղ եմ։ Ես մեկ Կանադայում էի, մեկ` Ֆրանսիայում, կամ Նյու Յորքի փոքրիկ բնակարանում վայելում էի երաժշտության վերջին նոտաները։

Գուցե ամեն օր այստեղ նստած նա պատահաբար հանդիպած մեկին պատմում է իր պատմությունը։ Բայց ինձ համար դա միևնույնն էր, ես պատահական մեկը չէի զգում ինձ, ես ինձ հարազատ էի զգում։

Հետո, ինչ որ բան հիշելով, արագ խմեց գարեջրի վերջին կումերը ու գնաց։ Ես դեռ Նյու Յորքում էի, դեռ լսում էի երաժշտությունը․․․