mariam tonoyan

Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի

Սիրում եմ ժամերով նստել պատշգամբում, նայել անցուդարձ անող մարդկանց, մայր մտնող արևին, մթնող երկնքին, հանկարծակի սկսվող քամուց տարուբերվող ծառերի ճյուղերին ու մտածել, որ կյանքում դադար գոյություն չունի, ամեն ինչ շարժման մեջ է, իսկ ժամանակի ընթացքում այդ շարժումները ծնում են ժողովուրդներ ու պատմություն։

Երբ գրառում էի հորս պատմությունները պատերազմի մասին, նա ինձ միշտ հիշեցնում էր, որ պատերազմում ու թիմային ցանկացած գործում պետք է առաջնորդվել «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» կարգախոսով, որը գործնականորեն ապացուցվեց նաև այս մեկ ամսվա ընթացքում։ Մարդիկ համախմբվեցին՝ կանխատեսելով հասունացող վտանգը, համախմբվեցին մեկի շուրջ՝ գիտակցելով, որ այդ մեկը գործում է իրենց, բոլորի համար։ Յուրաքանչյուրս այս օրերին իմացանք ավելին, քան կիմանայինք՝ կարդալով պատմության գրքեր, ուսումնասիրելով հայի ազգային բնութագիրը։ Յուրաքանչյուրս հասկացանք, թե ով ենք մենք, ով է հայը, հասկացանք, որ միայն յան-ով ազգանուն ունենալը ոչինչ է հայ դառնալու համար, և որ յուրաքանչյուրս՝ անկախ հայրենասիրությունից, օրհասական պահերին բռունցքվում ենք, հաղթում, հաղթահարում ցանկացած դժվարություն։
Զգացածս բառերով արտահայտելու համար բառերը միջակ են։ Երբ տեսնում ես երջանկության արցունքներ հայի աչքերում, ակամա փշաքաղվում ես, տեսարանը դիպչում է զգացմունքներիդ նուրբ լարերին, ու հասկանում ես, որ հայն էլ կարող է երջանիկ լինել, կարող է մի պահ մոռանալ դժգոհությունները, ամեն գարուն մեզ կեղեքող հուշերը ցեղասպանության զոհերի մասին, կարող է ժպիտով վայելել ծաղկած գարունը։ Ու արդեն քանի՜ գարուններ տեսած Վրանուհի տատիկի հիացմունքով լցված աչքերում կարողանում ես կարդալ հպարտությունը, հույսը գալիքի նկատմամբ, անկոտրում ոգին, որը դեռ չի լքել նրան և դեռ ավելին՝ գարնան հետ փթթում է, շատանում, փոխանցում մեզ։ Կարո՞ղ ես անտարբեր մնալ իրավիճակից անտեղյակ այն փոքրիկ երեխաների հանդեպ, ովքեր փողոցում հանգիստ նստած խաղում են մեքենաներով՝ փակելով ճանապարհները ցուցարարներին աջակցելու համար, կամ ինչպե՞ս չհուզվել, երբ ծանոթ-անծանոթ մի ընտանիք են դարձել, բաց ձեռքերով սեր ու համերաշխություն են քարոզում ու հաղթանակ վայելում։ Մի՞թե սա չէ հայրենասիրությունը և կա մի հայ, ով հայրենասեր չէ։
Մայիսը հայերի համար հաղթանակի ամիս է, բայց սա լոկ հաղթանակ չէր, սա մի ամբողջ հանրագիտարան էր քրիստոնյա հայ ազգի միասնության մասին, որն ապացուցեց, որ նույնիկ հեղափոխության ժամանակ, զենքի փոխարեն ծառայող սերը հաղթում է։
Մտածում էի՝ ո՞ւմ են պետք հարյուրավոր պատմության գրքերը (որոնց այնքան թերահավատորեն էի մոտենում), երբ ինքդ ներկայում նման միասնության ականատես չես լինում։ Այժմ ես հպարտ եմ իմ ծագմամբ ու հավատում եմ բոլոր գրքերին, որոնք կարդացել եմ դպրոցում, հավատում եմ ժողովրդիս ուժին, որ միասնությամբ դրդեց աշխարհասփյուռ հայերին գալու և միանալու պայքարին, հավատում, որ հայի այս քայլը ոգեշնչեց ոչ միայն հայերին, այլև օրինակ ծառայեց այլ ազգերի համար, ու չնայած որ քարտեզների վրա ընդամենը մի կետով ենք պատկերվում, այնուամենայնիվ ճանաչվեցինք աշխարհում որպես եվրոպական քաղաքակրթությամբ ասիական երկիր:

Ես հավատում եմ նաև երկրիս լուսավոր ապագային, որ հենց մեր ձեռքում է, հավատում եմ հայի արդարադատությանը, և որ երբեք պետք չէ կորցնել հարգանքը մարդու հանդեպ՝ նրա ունեցած քաղաքական հայացքներից ելնելով: Հավատում եմ, որ այսուհետ համագործակցելու ենք երկրի կառավարիչների հետ՝ բոլորս՝ մեկի, մեկը՝ բոլորիս համար սկզբունքին հետևելով։