shushan stepanyan portret

Մեկնում ենք

Մի քանի ժամ ու ես «Մանանա» կենտրոնի իմ լրագրող հինգ ընկերների հետ կլինեմ Գերմանիայում` մասնակցելու «Տվյալների վրա հիմնված պատմություններ մարդու իրավունքների մասին» թեմայով սեմինարներին։ Ասեմ, որ առաջիկա օրերին, մենք 17.am կայքում կվարենք օրագիրը, չմոռանաք հետևել:

Շատ ուրախ ու միաժամանակ շատ լարված եմ: Ինչպես միշտ, ամեն ինչ թողնում եմ վերջին պահի հույսին, ու այս անգամն էլ բացառություն չէ։ Դեռ ոչինչ չեմ արել ու տարօրինակ անհանգստությամբ նստել ու շուրջս եմ նայում. դատարկ ճամպրուկ, կոշիկներ, կիսաբաց պահարան ու մամայի ջղային հայացք: Մինչ ես վեր կկենայի անկողնուց ու հազիվ, մի կերպ ինչ-որ գործ կանեի, մաման ամեն ինչ արել է, ու մի կաթիլ հոգնածություն չկա դեմքին, լուռ համբերում է, թե երբ պիտի անցնեմ գործի: Մի քանի րոպե գրեմ ու սկսեմ իրերս հավաքել:

Երբ իմ ծանոթ-բարեկամներն իմացան գնալուս մասին, բոլորը շատ ուրախացան ու զանգում, շնորհավորում էին: Երբ իմացա, որ հաստատ գնում եմ, մամային խնդրել էի, որ ոչ մեկին չասեր. մի տեսակ և դեռ չէի հավատում, և մտածում էի, որ հենց մեկին էլ ասեմ, չի ստացվելու գնալս: Ինչքան ծրագրի որ դիմել եմ, դեռ չգիտեի՝ կանցնեմ, թե` չէ, բոլորին արագ ասում էի այդ մասին, ու վերջում պարզվում էր` չեմ անցել:

Դե պատկերացրեք ինձ այն պահին, երբ բոլորին պիտի ասեմ, որ` չէ, այս անգամ էլ չստացվեց: Ու քանի որ այս անգամ չէի ուզում էլի անհարմար դրության մեջ լինել, որոշեցի ոչ մեկին չասել:

Ու հիմա, երբ արդեն գնում եմ, իրոք, հավատում եմ ու վերջապես առաջին անգամ անհարմար ու նեղված դրության մեջ չեմ. երազանքս կատարվել է. ես Գերմանիա եմ գնում:

Շատերը ինձնից նեղացել են, ասում են՝ յա, Շուշան, էդ մեզ չես հա՞ վստահում, ինչի՞ չես շուտ ասել:

Հարցը վստահել-չվստահելու մեջ չէ, ուղղակի այս անգամ ուզում էի վերջնական համոզված լինել ու նոր ասել: Ու հետո, ինչ-որ ծրագրով մի երկիր գնալը շատերն են կարողացել ու կարող են, բայց այ, որ տիեզերք թռչեի, նոր մոլորակ բացահայտելու գնայի, հաստատ արժեր այդքան ուրախանալ ու զարմանալ:

Ասելու շատ բան կա հիմա, բայց, այ, ժամանակ չկա: Վերջում միայն մի բան կասեմ. երկու տարի առաջ սենյակիս պատին գրել-կպցրել էի. «Շուշան, դու հաստատ Եվրոպա ես գնալու ինչ-որ ծրագրով»: Գրել, կպցրել էի ու ամեն օր ապրում էի այդ տողերը կարդալով: Իսկ շատերը կարդում ու ծիծաղում էին, ու ասում. «Վայ, Շուշան, դու տենց էլ չմեծացար»…

Սպասեք նյութերիս: