Razmik Gasparyan

Մեկ ամսում

07.00 – հնչեց զարթուցիչի ձայնը:

Վեր կացա, պատրաստվեցի, գնացի կայարան՝ ուղևորվելու դասի: Արդեն մեկ ամիս է, ինչ Աստծու ամեն աշխատանքային օր կրկնվում է այս «ցիկլը»: Դե ինչ, պաշտոնապես ասեմ. «Բա՛րև, ուսանողական կյանք»:

Ամռանը մտածում էի (և երևի թե շատերն էլ ինձ պես), թե սեպտեմբերից կյանքս 180 աստիճանով կփոխվի… Բայց, ինչպես և շատ դեպքերում, այս անգամ էլ սխալ էին կանխատեսումներս: Չէ, իրականում կան շատ փոփոխություններ, բայց  դե 180 աստիճանով ոչինչ էլ չի փոխվել: Նախորդ հոդվածներիցս մեկում խոսում էի փոփոխությունների մասին, որ իրական փոփոխությունները մեր մեջ պիտի անենք, որ նկատելի լինեն իրական փոփոխությունները: Ինչևէ, փորձեմ առանձնացնել մեկ ամսվա ընթացքում ուսանողական կյանքի բերած փոփոխությունները:

Իրականում փոխվել են միայն անունները. դպրոցը՝ համալսարան, դասարանը՝ կուրս, դասասենյակը՝ լսարան, ուսուցիչը՝ դասախոս…

Բայց և առաջին բանը, որ հասկացա համալսարանում, հետևյալն էր. «Դու ես քո գլխի տերը»: Չկան դպրոցական մանրուքները, որոնք շատերիս էին զայրացնում (էս մի հագիր, մի բացակայիր, մազերդ սենց մի արա, սափրվիր և այլն): Համալսարանի դրական կողմերից է այն, որ նման բաները իրոք մանրուք են, և ոչ ոք ուշադրություն չի էլ դարձնում, որովհետև կարևորը սովորելն է: Այո, միգուցե համալսարանում կարևորը սովորելն է, բայց ուսանողական կյանքի «կենտրոնը» չեմ համարում սովորելը, այն էլ բազմաթիվ, ըստ իս՝ անիմաստ, անպետք առարկաները կամ էլ ձանձրալի դասախոսությունները: Ուսանողական կյանքը ակտիվ մասնակցությունն է արտալսարանային միջոցառումներին, քննարկումներին, թույն մարդկանց հետ շփումն է… Ցավոք, եթե դատեմ էս չափանիշներով, ապա պիտի ասեմ` դեռ ուսանողական կյանքս չի սկսվել (բայց այդ ուղղությամբ աշխատում եմ):

Համալսարանում կատարվելիքից զատ հետաքրքիր է նաև մինչև համալսարան ընկած ճանապարհի անցնելը և համալսարան հասնելը: Ամեն օր «ծանոթ անծանոթներին» տեսնելով, միմյանց սեղմված, հարյուրավոր ուսանողների հետ զանգից մի քանի րոպե առաջ արագ քայլելով ՝ հասնում ենք բուհ (դեպի համալսարան ճանապարհը մի ուրիշ հոդվածի նյութ է, որի մասին անպայման կխոսեմ):

Ինչևէ, մեկ ամսվա ընթացքում լսածս դասախոսությունները, գրածս լեկցիաները առ ոչինչ են դասախոսներից մեկի՝ մեզ ուղված խորհրդի դեմ. «Փորձեք երբեք չդառնալ ամբոխի մի մասնիկը. եղեք անհատականություն»:

Կեսօրից մի քանի ժամ անց, հաղթահարելով ավտոբուս նստելու և սահմանափակ տեղերը զբաղեցնելու պայքարը՝ գնացի տուն: