mariam tonoyan

Մեկ ժամ

Գիտե՞ք, վերջերս սկսել եմ շատ հաշվել. 1…20…56…90…194…235..․ Հաշվում եմ ժամ առ ժամ նոր վիրուսով վարակվածների թիվը, հաշվում եմ վիրուսի տարածման արագությունը, իմ վարակվելու հավանականությունը, հնարավոր հետագա զարգացումները, անգամ ամեն նոր լուսացող առավոտ՝ մտածելով,  որ շատերի համար դա վերջինն է։

Սկսել եմ հաշվել իմ անմիտ քայլերը, օրինակ, սովորականից մեկ ժամ ուշ արթնանալը, որի պատճառով  կորցնում եմ մեկ ամբողջ ժամ՝ հանգստանալու վրա ծախսելով, երբ մեկ ժամվա ընթացքում հազարավոր կիլոմետրեր այն կողմ մեկն իր վերջին արտաշունչն է անում։ Հաշվում եմ, թե քանի անգամ եմ կոպտում քրոջս մեկ ժամում, թե մեկ ժամում քանի անգամ եմ մերժում մորս խնդրանքն անմիջապես կատարել, նույն ժամանակահատվածում քանի վարժություն եմ գրում շտեմարանից՝ առանց գլուխս թղթից բարձրացնելու ու հարազատներիս ժպտալու։ Բայց այդ մեկ ժամը, ամեն դեպքում,  հաստատ կարելի էր ավելի լավ օգտագործել՝ գրկել մայրիկին, զրուցել քրոջս հետ նրա երազանաքների մասին, սուրճ պատրաստել հորս համար կամ շախմատ խաղալ եղբորս հետ, հիշել ամենահին ծանոթներից մեկին  ու զրուցել հետը, հաշտվել բարեկամիս հետ ու ներել ընկերոջս, և առհասարակ չափսոսել բառերը՝ նկարագրելու համար կարոտդ ու սերդ…

Այս իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը ասես կաթվածահար է, երբ նմանարիպ շատ մեկ ժամեր ունեք տանը անցկացնելու համար, խնդրում եմ, մտածեք, որ մեկ ժամը չափազանց շատ է միայն աշխատելու ու գլուխդ ինչ-որ հաշվարկներով ծանրաբեռնելու համար։ Կյանքը չափազանց փխրուն է՝ քո զամբյուղն անընդհատ փողով ու գիտելիքով լցնելու համար։ Երբեմն կարելի է չզլանալ ու քո զամբյուղից մարդկանց ժպիտ,  ուրախություն, հիշողություն, անգամ կյանք նվիրել։ 16.558 մարդ կհամաձայներ այս մտքի հետ, եթե արդեն մահացած չլինեին։ Կհամաձայնեն նաև 400.000 վարակվածները, ովքեր վախենում են կիսատ ապրել իրենց կյանքը ու կառչել են ժամանակից՝ լրացնելով իրենց բացթողումները ու պարզապես ձգտելով ապրել։ Անշուշտ, նրանք հիմա գնահատում են ջերմ գրկախառնությունները, որոնք հիմա վտանգավոր են դարձել, հիմա նրանք պատրաստ են ներողություն խնդրելու, ում նեղացրել են, պատրաստ են ներելու՝ առանց նախապես ծանրութեթև անելու, որովհետև, ի՞նչ իմանաս, գուցե այդ մարդկանց կյանքն է՞լ է հետհաշվարկի մեջ, ու չներված լինելը ավելի է ծանրացնում շնչելը…

Հա, երբ հիվանդ ես, հասկանում ես, թե կյանքում որքան ես սխալվել, որքան անարժեք խոստումներ ես տվել, քանի մարդու տեսնելիս ես ճանապարհդ թեքել՝ երկար ու ձանձրալի զրույցի չբռնվելու համար, բայց ում զրույցներին հիմա, գուցե, կարոտում ես, ինչ սովորական են եղել քեզ համար հարևանների հետ սուրճ խմելը, երեխայիդ հետ զբոսնելը կամ գնումներ կատարելը, հավաքվելը հարազատներիդ շրջանակում կամ պատարագի ժամանակ աղոթելը։

Հիմա,  երբ ամեն ինչից ասես զրկվել ենք, հիմա, երբ այս փորձությունը երկնքից է կախվել ու կոկորդդ բռնած ուզում է, որ դու ապրել սովորես ի վերջո, կամ գնահատես ունեցածդ, առողջ եղիր, և մտածիր համաճարակի վերացումից հետո քո հետագա կյանքի մասին, որպեսզի կյանքից զզվելու փոխարեն օգտագործես յուրաքանչյուր մեկ ժամդ այնպես, որ երբեք չափսոսես։