Մեկ ձեռքը ձեռք է լվանում, հազար ձեռքը՝ երկիր

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Երբեք չէի մտածել, որ կարող եմ ունենալ այնպիսի զգացողություն, որ եթե չգրեմ, կմեռնեմ։ Փաստը մնում է փաստ․ զգացմունքը մոտ տասներկու ժամ է՝ խեղդում է ինձ։ Չգիտեմ՝ ինչպես եմ այս գիշեր քնել, բայց զարթնել եմ, թե չէ՝ համակարգիչս գրկել ու սկսել եմ գրել։

Մայրիկիս հետ երկար վեճերից հետո երեկ մի կերպ համոզեցի տանից դուրս գալ ու միանալ ազատատենչ ժողովրդիս։ Վեցօրյա վեճերն իրենց արդյունքը տվեցին, և ժամը հինգին տանից դուրս եկա։ Հենց հասանք Կոմիտաս փողոց, մի ժպիտ ուղղակի պարուրեց դեմքս, ու անկեղծ եմ ասում, մինչև ուշ գիշեր չէր հեռանում։ Ժողովուրդս ոտքի էր կանգնել իր ապագայի համար պայքար սկսելու նպատակով։ Քաղաքիս վրայի սև մառախուղը ասես մի հրաշքով ցրվել էր։ Չկային թախծոտ ու մտահոգ հայացքներ, շտապող քայլեր, նույնիսկ Կոմիտասի պապիկը, որ միշտ ինձ տեսնելիս գումար էր խնդրում, չկար։ Ազատությունը գրկել էր փողոցները, բակերը, երիտասարդներին ու տարեցներին։

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Հետո նստեցինք մետրո։ Կասկածում եմ, որ մետրոն երբևէ այդքան մարդաշատ է եղել։ Մայրիկիս կողքին նստել էին երկու տատիկներ, իսկ իմ ու եղբորս կողքին երկու տղամարդ էին կանգնած։ Մենք էլ չնկատեցինք, թե ինչպես զրույցի բռնվեցինք, բայց կատակում էինք ու ծիծաղում։ Երբ հայտարարվեց, որ Մարշալ Բաղրամյան կայարանում չենք կանգնելու, եղբայրս ասաց․

-Մա՛մ, ինչի՞ չենք կանգնելու որ։

-Բալե՛ս, վախենում են հանկարծ դուրս գանք, Սերժ Սարգսյանին առևանգենք,- արագ պատասխանեց մայրիկիս կողքին նստած տատիկը, ու սկսեցինք ծիծաղել։

Բոլորս միասին իջանք Հանրապետության հրապարակի կանգառում։ Հապշտապ դուրս եկանք մետրոյից, ու էն ժպիտը էլի հետ եկավ։ Երևի թե այդքան երջանիկ վերջին անգամ Դիսնեյլենդում էի եղել։ Երիտասարդներ, մանուկներ, տատիկներ, ծերուկներ, անասելի շատ պաստառներ հետաքրքիր ու ծիծաղելի գրվածքներով ու նկարազարդումներով, տասնյակ եռագույններ, հարյուրավոր շչակներ (կամ միգուցե այդպես չեն կոչում այդ առարկաները, ես էլ չգիտեմ) մեքենաների անդադար ազդանշաններ։ Բայց այս ամենի մասին նման երջանկությամբ չէի պատմի, եթե չլիներ ամենակարևորը․ այս ամենը ողողված էր առկայծող հայացքներով ու լայն ժպիտներով։

Առաջացանք ու կանգնեցինք բեմին հնարավորինս մոտ՝ մի մեքենայի կողքին։ Հենց մթնեց, մեր կողքին կանգնած տղաներից մեկը հանկարծ անհետացավ, ապա հետ եկավ լիքը հոթ-դոգներով, կարկանդակներով, խաչապուրիներով ու սառը սուրճով։ Ճիշտ է, այդ նույն հոթ-դոգը ամեն շաբաթ ուտում եմ, բայց եթե անկեղծ ասեմ, այդքան հաճույքով դեռ հոթ-դոգ չէի կերել։ Այնքան էինք կատակում ու ծիծաղում, որ շատ բան չհասցրեցի լսել բեմում կանգնած մարդկանց խոսքերից։

Երբ հետ էինք գնում տուն, մետրոյի ուղևորներից մեկը բարձրաձայն ասաց․

-Ժողովո՛ւրդ ջան, քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին։

Նույնը մենք բացականչեցինք էլ ավելի սրտանց, սիրով, ազատության ցանկությամբ։ Այսպես երգելով, ուրախ բացականչելով՝ հասանք վերջին կանգառ։

Հասա տուն ու սկսեցի մտածել այսօրվա կատարվածի մասին։ Հասկացա, որ Երևանը Հանրապետության հրապարակը, «Մոսկվա» կինոթատրոնը կամ Հյուսիսային պողոտան չէ։ Երևանը բարի պապիկները, հին բակերը, պատանեկան ժպիտները, գոռում-գոչյունները, սառը հոթ-դոգերն ու մեքենաների ազդանշանները, գթասիրտ հայացքները, Կապանից, Գավառից, Թալինից եկած ավտոբուսներն ու մի բռունցք դարձած ազգն է։ Հասկացա, որ բոլորս միասին պարտավոր ենք փրկել մեր Երևանը, մեր Հայաստանը․․․