Մեկ շենք և հինգ մոլեկուլ

Մեկ-մեկ լուսինն այնքան մոտիկ է լինում: Նայում ես, տեսնում, որ քեզնից բարձր է: Գլուխդ կախում, կարոտում ես լուսնին ու նորից նայում: Մեկ էլ` հոպ, լուսինն ավելի մոտիկացավ: Արդեն ժպտում է քեզ: Թվում է, թե ձեզ բաժանողը երկու շենք է ու հինգ թթվածնի մոլեկուլ: 

-Ի՞նչ է որ: Հիմա, հենց հիմա արագ մարզակոշիկներս հագնեմ ու գամ, միայն թե սպասիր այդտեղ:
Հագնվում ես: Վերցնում պայուսակդ ու մի թղթե նավակ պատրաստում` լուսնին նվիրելու համար ու ճանապարհ ընկնում: Տանիք: Դե, էլ որտեղի՞ց կարելի է սկսել երթը: Բարձրանում ես ու հանկարծ լուսնի չափ հեռու մանկությունդ կտրում-անցնում է մի շենք, հինգ մոլեկուլ, գալիս-հասնում է տանիքիդ, ու մեկ էլ` հոպ:

Նորից մանուկ ես: Մնում է` ձեռքերդ բացես ու գրկախառնվես լուսնի հետ: Ինչ ջերմություն է տալիս լուսինը… Փակում ես աչքերդ, մտքում պար բռնում լուսնի հետ: Քայլում ոչնչի վրայով, ցատկոտում, գրկախառնվում ու մեկ էլ` հեռախոսը զանգում է: Ու չգիտես ոնց, լուսինն ու մանկությունդ հինգ երջանկություն հետ են քայլում, ու նայում ես հեռախոսիդ էկրանին: Նայելով ու համարը չկարդալով` պատասխանում ես: Մայրդ տուն է կանչում: Դե, ի՞նչ իմանա, որ լուսնի հետ պար էիր բռնել երկնքում: