serine harutyunyan

Մենակ են

Ասում են՝ բակի տատիկների «նախարարությունը» ցանկացած իրադարձության ավելի արագ է արձագանքում, քան արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հը՜մ, սխալ չեն ասում. համաձայն եմ:

Մեր բակի «նախարարությունը» լուծարվեց երկու տարի առաջ: Լուծարվեց մեր «նախարարության նախագահի»՝ Նազիկ տատի մահվան օրը: Երևի հենց այդ օրվանից էլ մեր բակի թագավորական թվացող նստարանի շուրջը ժողովներ չեն լինում, անցնող-գնացողների կյանքեր չեն քննարկվում:
Գրեթե 50 տարվա մանկավարժ էր Նազիկ տատը: Ամեն անգամ դպրոցից տուն գնալիս՝ նրան իր նստարանին նստած էի տեսնում, ու ամեն անգամ հարցնում էր, թե որ դասաժամն է ավարտվել: Չգիտեմ էլ՝ ինչին էր պետք: Երևի խոսելու համար առաջին նախադասությունը, որ հիշում էր, դա էր: Մեր «նախարարությունն» էլ չի գործում, Նազիկ տատի մահից հետո նստարանին հազվադեպ են նստում ու առաջվա նման «լուրջ» քննարկումներ անում:
Սկզբում անսովոր էր նստարանը դատարկ տեսնելը, բայց հետո, հետո հասկացա, որ 50 տարվա մանկավարժի մահը լուծարեց մի ամբողջ «նախարարություն»: Հիմա ամեն մեկն իր բակում է նստում, կամ թեկուզ երկուսը-երեքը հավաքվում են, զրուցում, բայց արդեն ոչ ճամփեզրին ու ոչ Նազիկ տատի հետ: Ամեն անգամ նրանց «նստավայրի» մոտով անցնելիս հիշում եմ, թե ինչպես մի օր եղբայրս մի քանի վայրկյանում դարձավ սիրածս տղան, հը՜մ, ծիծաղելի է, չէ՞, համ էլ զարմանալի, գիտեմ: Իսկ այ, մեր «նախարարների» համար ծիծաղելին ու զարմանալին եղբորս հետ դրսում քայլելն էր…
Մեր բակի «նախարարությունը» չկա, բայց Հայաստանի տարբեր վայրերում, վստահ եմ, նման «նախարարութուններ» դեռ շատ կան, ու թող չպակասեն, կապ չունի, որ ամեն անցորդի մասին նրանց պատմածներով մի ամբողջ ֆիլմ կնկարվի: Կապ չունի՝ նրանք լավն են, թե վատը: Չնայած, մեր հասարակությունը սիրում է բոլորին նույն անունով կոչել, բոլորին վատաբանել, բայց երբեք չփորձել հասկանալ: Ես էլ հենց նույն հասարակությունից եմ, ու ամենևին էլ բացառություն չեմ, ես էլ տանել չէի կարողանում հատկապես մեր դպրոցի ճանապարհին գործող «նախարարությունը» ու դրա անդամներին: Տհաճ էր, երբ հասկանում էի, որ մի քանի րոպե շարունակ ես եմ նրանց քննարկման առարկան: Ու միշտ մտածում էի. «Լավ, էս մարդիկ բան ու գործ չունե՞ն, գնան, անեն ու մեզ էլ հանգիստ թողնեն, քիչ նայեն ու քննարկեն»:
Մի քանի շաբաթ առաջ էր. վերջին զանգի փորձի էի գնում ու հասկացա, որ չէ, իրոք նրանցից շատերը ուրիշ անելու բան չունեն: Կունենային, եթե…
Արդեն նստարանին էի հասնում, երբ նկատեցի, որ տատիկներից մեկն իրեն լավ չի զգում, մյուսն էլ, որը նույնպես այդքան էլ լավ վիճակում չէր, փորձում էր օգնել նրան ու տուն հասցնել: Մինչ օգնում ու տատիկին տուն էի տանում, հասցրինք մի քիչ զրուցել. բողոքում էր, որ ամեն անգամ նույն սուր ցավերն են: Հարցնում եմ՝ դեղ չի՞ խմում, որ անցնի, ասում է.
-Խմըմ եմ, բայց արդեն օգուտ չի, համ էլ ո՞ւմ հմար խմեմ, մենակ կնիկ եմ, իմ ապրելն ո՞ւմ ա պետք, ոչ րեխա կա կշտիս, ոչ թոռ, ես էլ ո՞ւմ հմար ապրիմ…
Մի քիչ ամաչելով, բայց հարցրի զավակների, թոռների մասին: Էլի նույն տխուր ու նեղացած պատասխանը.
-Ունիմ, ոնց չունիմ, տղա էլ ունիմ, աղջիկ էլ…
Հը՜մ, բայց մենակ է ապրում. պարզվեց՝ Ռուսաստան են տեղափոխվել: Էլ համարձակություն չունեի որևէ հարց տալու ու նրան էլ ավելի հուսահատեցնելու, բայց տատիկն արդեն իսկ բավականին հուսահատված ու տխուր շարունակեց պատմել.
-Գնացել եմ, գնացել եմ իրանց կշտին էլ մնացել, ասըմ են՝ արի մեր կշտին մնա, բայց դե կարըմ չեմ, ի՞նչ անեմ, մեծ շենք ա, ոչ դուս եմ գալի, ոչ մի բան, ոնց որ կամավոր բանտ ըլի, կարըմ չեմ կենամ…
Տուն հասանք, տատիկի անթիվ, անհամար օրհնանքները լսելուց հետո, արդեն ես էլ հուսահատված ու տխրած դպրոց էի գնում: Ու ինչքան բան մենք չենք հասկանում ու չենք էլ փորձում հասկանալ, չէ՞:
Գոնե հիմա կարող եմ հասկանալ, որ իրոք, նրանցից շատերը ուրիշ ոչ մի անելու բան չունեն, չունեն, ու վերջ: Կունենային, եթե մենակ չապրեին, եթե իրենց զավակներն իրենց հետ լինեին, ու իրենք ամեն օր անուշաբույր ճաշեր պատրաստեին նրանց համար, կունենային, եթե տանը խաղացող թոռներ ունենային ու ամեն օր հեքիաթ պատմեին նրանց, կունենային…

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Ու ինչքա՜ն բան կունենային անելու, եթե մենակ չլինեին, բայց հիմա մենակ են, ու երևի հենց դատարկությունից ազատվելու համար էլ միշտ խուսափում են տնից: Մեր օրերի «նախարարություններում» տխուր մարդիկ շատ կան: Մենակ են մեծերը, մենակ են…