janna sargsyan lori

Մենք՝ գյուղում ապրողներս

Առավոտ՝ ժամը՝ 6:25, եթե մտածում եք՝ անքնությամբ եմ տառապում, սխալվում եք։ Մինչ դուք ձեր զարթուցիչներն եք ջարդում, որպեսզի չզանգի ու մի քիչ շատ քնեք, մենք՝ գյուղում ապրողներս, առանց զարթուցիչի ու անգամ առանց աքլորի կանչի արթնանում ենք (դե, աքլորը մի քիչ ալարկոտ է)։

Արթնանում ենք՝ շատ երազներ կիսատ թողնելով ու էլ երբեք այդ երազներին չվերադառնալով։ Արթնանում ենք ու անցնում մեր առօրյա գործերին։

Եթե դուք բողոքում եք, օրինակ, օֆիսային աշխատանքից, դե, որ առավելագույնը աշխատում եք 10 ժամ, իսկ հանգստյան օրերը միայն շաբաթ և կիրակին է, մեզ` գյուղում ապրողներիս համար աշխատանքը տևում է 12 ժամից ավել՝ առանց շաբաթ-կիրակիների։

Մենք` գյուղում ապրողներս, դեռ փոքր տարիքից արժևորում ենք գումարն ու մեծ դժվարությամբ աշխատում ամեն մի լուման, բայց երբեք չենք կուրանում դրա փայլից ու մարդկանց ցած գլորելով չենք հասնում դրան (բացառություններ լինում են):

Մեզ` գյուղում ապրողներիս համար անընդհատ սրճարաններ այցելելը մի քիչ ճոխություն է, բայց եկեք փաստենք, որ առավոտյան հարևաններով հավաքվելն ու մի բաժակ սուրճ խմելը ամենահաճելիներից է։

Մենք` գյուղում ապրողներս սնունդ պատվիրելու հնարավորություն էլ չունենք, նախընտրում ենք ինքներս պատրաստել, իսկ գումարը պահել նեղ օրվա համար։

Մեր` գյուղում ապրողներիս գրադարանների գրքերն էլ արդեն գիտեն, որ իրենց էջերը թերթվելու են միայն ձմռան ամիսներին, որոշները անգամ չեն էլ հասցնում թերթվել։

Մենք` գյուղում ապրողներս, ամեն օր կռիվ ենք տալիս հողի հետ, հայտնի վեպում ասվում է` «վերևից գլխիդ ինչ էլ որ թափվի, չպիտի բողոքես», բայց ամեն անգամ վերևից կարկուտի մի հատիկը հենց մեր սրտին է դիպչում, հետո անզորությունն ու անկարողությունը կոտրում են մեր թևերը։

Մեզ` գյուղում ապրողներիս համար հնարավորությունների սահմանափակում կա, բայց ամբողջ ընթացքում ես հասկացել եմ ու գիտեմ, որ սահմանափակ հնարավորություններով կարելի է անսահման լավ բաներ անել, որ խնդիրներին կարելի է նայել որպես ռեսուրս։ Դե, իսկ ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են, գյուղում ապրող ու արարող մարդիկ։