Sargis Melkonyan

Մենք անկախության սերունդը չենք

Մենք, որ ուղղակի պիտի գնայինք դպրոց, գայինք տուն, սովորեինք մեր դասերը, շփվեինք ընկերների հետ, խելոք ապրեինք ու մտածեինք բուհական կրթության մասին, մի փոքր շեղվեցինք այս պատկերացրած ուղուց։ Մենք երևի ժամանակից շուտ սկսեցինք մեծանալ ու մտածել մեզ շրջապատող աշխարհի խնդիրների մասին, մի փոքր ավելի շատ տեսանք այն, ինչ չպիտի տեսնեինք։ Ու մենք, որ ձեր պատկերացմամբ պիտի խոնարհ ու հնազանդվող լինեինք, պիտի լսեինք մեծերին ու անեինք նրանց ասածները, հանկարծ, չգիտես՝ որտեղից, որոշեցինք մեր իրավունքներից խոսել։ Ու երբ սկսեցինք տարբերվել «մեծերի» ասածները լսողներից, մենք դարձանք ըմբոստ բոլորի աչքերում։

Երբ մենք սկսեցինք խոսել մեր քաղաքի կամ գյուղի, դպրոցի կամ բակի խնդիրների մասին, մեզ բոլորն ասացին. «Բալա ջան, երկու աչք ունես, մի բերան, քիչ խոսա»։ Իսկ մենք, չգիտես՝ որտեղից վերցրինք, որ խնդիրները չտեսնելու տալով չեն լուծվում։ Դուք մեզ հակառակը համոզեցիք, դրա համար էլ մենք սկսեցինք իրար չհասկանալ։

Մենք համարեցինք, որ էս չէր մեր երազած անկախությունը, ու խոսեցինք դրա մասին։ Դուք էլ հոգու խորքում, բոլորի աչքից հեռու, միայն ձեզ համար էդպես համարեցիք, բայց վախեցաք բարձրաձայնել։ Դուք ստիպեցիք, որ մենք դադարենք խոսել մեր խնդիրների մասին։ Ի՞նչ ստացվեց։ Ստացվեց, որ մեր բոլոր նպատակները, որ կապել էինք մեր երկրի հետ, մեր բոլոր ջանքերն ու խանդավառությունը՝ ինչ-որ լավ բան անելու, հօդս ցնդեցին։ Արդյունքում մենք հիասթափվեցինք ամեն ինչից ու մեր բոլոր նպատակները կապեցինք դրսի հետ։ Մենք էլ դարձանք պոտենցիալ գնացողներ։

Ազատությունը երևի միակ բանն է, որի համար մենք կհեռանանք մեր երկրից։ Բայց մենք չափից դուրս համառ կգտնվենք ու ազատությունը կստեղծենք մեր երկրում՝ բոլոր առումներով։ Չէ, մենք էն անկախության սերունդը չենք, որ միայն անունով ենք։ Մենք մեր երազած անկախությունը կերտող սերունդն ենք։