Մենք ինքներս կարող ենք հրաշքներ ստեղծել մեր և մեր շրջապատի համար

Իմ զրուցակիցը երիտասարդ երգիչ Արթուր Խաչենցն է, որն իր յուրահատուկ ձայնի շնորհիվ շատ սիրված է հանրության կողմից: 

-Արթուր, ինչպե՞ս է անցել մանկությունդ:

-Ես ծնունդով Արցախից եմ: Մանկությունս անցել է ջերմ և անհոգ, Արցախի դրախտավայրերից մեկում՝ սպիտակ ձիուս և սև շանս հետ: Իմ մանկության կոլորիտային կերպարներն ինձնից փոքր եղբայրս և քույրիկներս են, որոնց դաստիարակությամբ նաև ես եմ զբաղվել: Շատ չեմ կարողանում խոսել ծննդավայրիս մասին, որովհետև երբ մի բան շատ ես սիրում, բառերն անիմաստ են դառնում: Հիմա բնակվում եմ Երևանում, հաճախակի եմ վերադառնում Արցախ, բայց անգամ Արցախում կարոտում եմ Արցախը:

-Ինչո՞ւ ընտրեցիր երգչի մասնագիտությունը:

-Փոքր ժամանակ օդաչու դառնալու մեծ երազանք ունեի: Մաթեմատիկա առարկային շատ լավ էի տիրապետում, բայց ֆիզիկան երբեք չեմ սիրել, ինչի պատճառով էլ օդաչու դառնալը երազանք մնաց, և կյանքս այլ ուղղությամբ գնաց: Սովորում եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` ժողովրդական երգեցողություն բաժնում: Երգն այն ոլորտն է, որից երբեք չեմ հոգնի:

-Ի՞նչն է քո ոգեշնչման աղբյուրը:

-Շրջապատում ամեն ինչ ինձ համար կարող է ոգեշնչման աղբյուր լինել՝ կախված իրավիճակից: Երբ սահմանում էի, շատ գրքեր էի կարդում՝ հիմնականում պատմական, և գրքերի հանդեպ սերը հենց այդ ժամանակվանից սկսվեց: Այժմ կարող եմ ժամերով փակվել սենյակում, լսել Արթուր Մեսչյանի երգերը, հանգստանալ և ոգեշնչվել:

-Մասնակցել ես Ապրիլյան պատերազմին: Կխոսե՞ս այդ մասին:

- Մենք ծնվել ենք այնպիսի երկրում, որի ազատության համար ամեն օր պետք է պայքարենք, եթե մեկ ակնթարթ անգամ ընկրկենք, ապա մեր հայրենիքը կկորցնենք: Ինձ շատ ցավեցնում է, որ Ապրիլյան պատերազմը հաճախ կոչում են Քառօրյա պատերազմ: Իրականում պատերազմական վիճակը շարունակվել է մինչև մայիս, ու վերսկսվելու վտանգը կա մինչև հիմա:  Ինչ վերաբերում է ինձ՝ ես կրում եմ իմ՝ Արցախյան պատերազմում զոհված հորեղբոր անունը: Հայրս միշտ արցունքն աչքերին խոսում էր հորեղբորս մասին, և ես գիտակցում էի, որ իմ կյանքը երկու կյանք է: Ապրիլյան պատերազմի ժամանակ իմ դիրքերում զոհեր չեղան, բայց դիակների փոխանակմանը մասնակցել եմ ու հասկանում էի, որ նրանցից յուրաքանչյուրի փոխարեն կարող էի ես լինել: Անընդհատ աղոթում էի Աստծուն, որ ողջ և առողջ բացեմ օջախիս դուռը. մորս խոստացել էի բանակ գնալուց առաջ:

-Որտեղի՞ց է սկսվում հայրենասիրությունը:

-Հայրենասիրությունը միայն ռազմադաշտում մարտնչելը չէ: Մեր հայրենիքը անծայրածիր է, որևէ կետով չի սկսվում ու վերջանում: Բայց միշտ չէ, որ մենք դա գիտակցում ենք: Մեր տղաները այնտեղ կյանքի ու մահվան կռիվ են տալիս, իսկ մենք այստեղ կարող ենք ծխախոտի գլանակը նետել գետնին, որովհետև չենք ուզում երկու քայլ ավել քայլել: Բայց ի՞նչ տարբերություն. այնտեղ թե այստեղ. երկուսն էլ մերն է: Եվ հետո շատերի համար հայրենասիրությունը հերոսների մասին պաթետիկ խոսքեր շռայլելն է: Իսկ թե ինչպիսի պայմաններում են ապրում մեր հերոսների ընտանիքները, քչերին է հետաքրքրում: Հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորները ցանկացած պահի պատրաստ են իրենց կյանքը տալ հայրենիքին, բայց նրանք պետք է վստահ լինեն, որ հայրենիքը կապահովի իրենց ընտանիքների արժանապատիվ կյանքը:

-Արթուր, թեև դու չհաղթեցիր «Ազգային երգիչ» նախագծում, բայց շատ սիրվեցիր հեռուստադիտողի կողմից: Ի՞նչ տվեց քեզ նախագիծը:

-«Ազգային երգիչ» նախագիծը ինձ մեծ փորձ տվեց ու նոր ընկերներ: Այն, որ ես կարողացա դիպչել մարդկանց սրտերին, ամենամեծ ձեռքբերումն է ինձ համար, իսկ հաղթանակը երբևէ կարևոր չի եղել:

-Արթուր, հեռուստադիտողը քեզ ճանաչում է նաև որպես հումորային «Հարսանիք լեռներում» թիմի անդամ: Ինչպե՞ս ստեղծվեց թիմը:

-Ես բանակում էի, երբ թիմի տղաները զանգեցին ու ասացին, որ ցանկանում են մասնակցել մրցումների, խնդրեցի մի փոքր սպասել՝ մինչև զորացրվելս: Հետո ես վերադարձա, ու մեր թիմը՝ «Հարսանիք լեռներումը», Կրասնոդարում մասնակցեց մրցումների. մեծ դժվարությամբ կարողացանք պահպանել թիմի անունը, որովհետև շատ միջազգային մրցույթներ ունեն քաղաքական ենթատեքստ: Չհաղթեցինք, բայց այնպես արեցինք, որ անգամ ադրբեջանցիները չէին կարողանում զսպել իրենց ծիծաղը: Հետո իմացանք «Հումորի լիգա» նախագծի մասին ու որոշեցինք մեր ուժերը նաև այդ հարթակում փորձել:

-Եթե ոչ մեր օրեր, ապա ե՞րբ կցանկանայիր ծնված լինել:

-Հիմա իմ առջև տարբեր ժամանակներ անցան:  Ես կցանկանայի կռվել ֆիդայիների կողքին ու տալ երդում զենքի հետ ամուսնանալու, կամ էլ կռվել մահացած հորեղբորս կողքին: Իսկ եթե ինձ տրվեր հնարավորություն ժամանակը հետ տալու, ապա ես կուզեի անձամբ ճանաչել Ռոբերտ Աբաջյանին. նա իսկական հերոս է: Այժմ շփվում եմ նրա ընտանիքի հետ, ու գիտեք՝ թվում է, թե ամբողջ կյանքում ճանաչել եմ Ռոբերտին:

-Հիշո՞ւմ ես առաջին սերդ:

-Առաջին սիրո մասին հիշողությունները միշտ էլ անջնջելի են: 2008 թվականի հոկտեմբերի 13-ին՝ երեկոյան, առաջին անգամ սիրահարվեցի ու անփոխադարձ սիրեցի չորս տարի: Այդ սիրուց ինձ մնացին միայն գրածս բանաստեղծությունները և ձեռագիր նամակները: Դե, հաճախ մեծ սերն իր հետ մեծ ցավ է բերում: Որքան մեծ է սիրո չափաբաժինը, այնքան մեծ է դրա պատճառած ցավը:

-Այժմ սիրահարվա՞ծ ես:

- Ես, որպես արվեստագետ, միշտ եմ սիրահարված, բայց հիմա իմ կողքին աղջիկ չկա: Իդեալներ երբեք չեմ ստեղծում, չէ՞ որ ինքս էլ իդեալական չեմ: Բայց նա, ով կլինի իմ կողքին, կլինի ընտրություն ամբողջ կյանքի համար, որ ես երբեք ետ չնայեմ: Ես պետք է ստեղծեմ տաքուկ ու հարազատ օջախ ու մինչև խոր ծերություն ապրեմ կնոջս հետ:

-Ի՞նչ կմաղթես մեր զինվորներին:

- Բանակը ցանկացած տղայի լավագույն դպրոցն է: Պետք է երկու տարով կտրվել փափուկ կյանքից, ծնողների գրկից և դժվարություններ հաղթահարել: Ես անգամ մտածում եմ, որ աղջիկներն էլ պետք է ծառայեն, իհարկե, մենք թույլ չենք տա, որ հերթը հասնի մեր կանանց, բայց ընդհանուր պատրաստվածություն պետք է: Աստված տա, որ բոլոր զինվորները անփորձանք հասնեն իրենց ընտանիքներին: Թող մեր զինվորները միշտ աղոթեն, ուժեղ լինեն ու հասկանան, որ թեև 18 տարեկան են, բայց ամենաուժեղն են աշխարհում:

- Հավատո՞ւմ ես հրաշքների:

-Ես հավատում եմ հրաշքների, գիտեմ, որ դրանք միշտ կատարվում են: Մենք հաճախ ենք հրաշքները կապում առասպելական կերպարների կամ երևույթների հետ, բայց իրականում, հենց մենք կարող ենք հրաշքներ ստեղծել մեր և մեր շրջապատի համար: