Մենք կփոխենք Հայաստանը

Այսօր ֆեյսբուքում կարդացի մի հոդված, որն այնքան ոգեշնչեց ինձ։ Հոդվածի հեղինակը Վահագն Դիլբարյանն էր։ Նա «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակն է։

Հոդվածում նա գրել էր, թե ինչքան է ափսոսում, որ շատ բաներ չի արել մինչև իր քսաներկու տարեկանը, և դրանց կարևորությունը հասկացել է միայն վեց տարի հետո։ Դրանցից մեկը այն էր, որ գրքեր կարդալու փոխարեն հեռուստացույց է դիտել, որից շատ քիչ բան է սովորել։ Երբեք չի մտածել, որ կարելի է աշխատել մինչև բուհն ավարտելը։ Նա շատ քիչ է շփվել հարուստ և հաջողակ մարդկանց հետ, և լսել է այն մարդկանց, ովքեր ասել են, որ հարուստ մարդիկ վատն են, պետք է նրանցից հեռու մնալ։ Երբեք չի մտածել բիզնես հիմնելու մասին։ Բայց նա այդ ամենը հիմա գիտակցում է և ահա գրել է մի գիրք, որը շատ հայտնի է Հայաստանում, և բացի այդ, շատ անհրաժեշտ է հայ հասարակությանը։

Հիմա ամեն ինչ այլ է։ Երիտասարդները, թեկուզ միայն համացանցի շնորհիվ, ավելի շուտ են գիտակցում բաներ, որոնք հասկանալու համար առաջ պահանջվում էր կյանքի փորձ։ Հայաստանը ունի շատ խելացի երիտասարդներ, ովքեր համոզված եմ, կդառնան լավ մասնագետներ և կփոխեն Հայաստանը դեպի լավը։ Երիտասարդները, ցավոք ոչ բոլորը, գիտակցում են, որ կարող են շատ բան փոխել Հայաստանում, նրանք չեն վախենում սխալվելուց կամ անհաջողություններից։ Նրանցից շատերի մտքում կա Հայաստանում բիզնես հիմնելու գաղափարը։ Շատ մեծ հույս ունեմ, որ այս հիանալի սերնդի շնորհիվ Հայաստանի վիճակը կբարելավվի։ Հայ երիտասարդները ունեն մեծ ներուժ, որը նրանց առաջնորդելու է իրենց ողջ կյանքի ընթացքում։

Ինձ ոգեշնչում են շատ մարդիկ, որոնցից են` Ցուքերբերգը, Կալանիկը, Սթիվ Ջոբսը, ինչպես նաև` Վահագն Դիլբարյանը, Վահրամ Միրաքյանը… Շատ են նրանք։ Նրանք հասել են հաջողության։ Կիսվելով իրենց հաջողություններով, նրանք ոգեշնչում են շատերին։ Ես նույնպես հաջողության հասնելուց հետո, անելու եմ հնարավորը, որ մեր երիտասարդներին հայտնի դարձնեմ իմ հաջողության պատմությունը, կկիսվեմ իմ փորձով, կպատմեմ նրանց իմ գործած սխալների մասին, որ նրանք դասեր քաղեն դրանցից։

Միշտ պետք է հիշենք, որ Հայաստանի ապագան մեր ձեռքերում է։ Չպետք է թողնել հայրենիքը, հեռանալ այլ երկրներ` լավ կյանքի ակնկալիքներով։ Պետք է մնանք այստեղ և նպաստենք մեր երկրի զարգացմանը։ Չպետք է առաջնորդվենք շրջապատի այն մարդկանցով, որոնցից շատերը անվերջ բողոքում են կյանքի անարդար լինելուց և ոչինչ չեն ձեռնարկում։ Փոխենք ինքներս մեզ, հավատանք մեր ուժերին, թեկուզ մեզ հանդիպի անհաջողություն, պարզապես մոռանանք դրա մասին և առաջ գնանք։ Միշտ հիշենք, որ բոլոր հաջողակ մարդիկ շատ անհաջողություններ են ունեցել մինչև հաջողակ դառնալը։

Մենք կփոխենք Հայաստանը։