Մենք հաղթանակի սերունդն ենք

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Ի՞նչ է հաղթանակը, ի՞նչ համ ունի, ի՞նչ գույն ունի, ի՞նչ ձև: Կարո՞ղ եմ արդյոք զգալ հաղթանակը, ապրել հաղթանակով, պայքարել հաղթանակի համար:

Հաղթանակ…

Բառ, որը արտաբերելիս այնքան զգացմունք ես դնում մեջը, ասես, ինչ-որ քաղցրավենիք պատրաստելիս լինես ու մեջն ես լցնում շաքարավազ: Այնքան շաքարավազ, որ քաղցրության համից կոկորդդ սկսում է չորանալ: Բայց հնարավո՞ր է այնքան քաղցր հաղթանակ, որ զգալիս ու տեսնելիս ուշագնաց լինես: Ո’չ, իհարկե, ո’չ: Հաղթանակը պայքար է, իսկ պայքարը քաղցր չի լինում:

Դարեր շարունակ հայը պայքար է մղել թշնամու դեմ: Պայքարը ծանր է եղել. հանուն երեխայի, մոր, ծեր ծնողի գոյության: Նրանց համար գոյություն ունի միայն մի սրբություն՝ իրենց արյունոտված զենքերը:

Մենք հաղթանակի սերունդն ենք, որովհետև կարողացել ենք կռիվ մղել, չհանձնվել և հաղթել: Ընկել ենք, բայց նորից ավելի մեծ ուժ հավաքելով, ոտքի ենք կանգնել, կանգնել ենք ու ապացուցել,որ մենք կարող ենք, մենք այդքան ուժ ու կամք ունենք:

Եղել են դեպքեր, երբ թշնամու զորքի քանակը մերինից եռապատիկ, քառապատիկ շատ է եղել, բայց եթե հայն ուզում է ապրել, արդյո՞ք դա նշանակություն ունի:

Զենք չենք ունեցել` փայտից ենք զենք պատրաստել: Թեկուզ քարով, բայց կարողացել ենք պահպանել ու պաշտպանել մեր հողը, մեր հավատը, մեր տունը:

Մայիսը մեր ամիսն է` Ավարայրից Սարդարապատ և Սարդարապատից Շուշի:

Ես երազում եմ, որ այսուհետ մեր սերնդի մայիսյան հաղթանակները լինեն կառուցման ու նվաճումների հաղթանակներ: