լուսինե կարապետյան

Մենք ներկա ենք, մենք ներկան ենք, մենք ներկան ենք լինելու…

Աչքերդ էլ ամուր կապես, ականջներդ էլ փակես, ակնհայտ է, որ սահմանում իրավիճակը լարված է: Թե այս օրերի ամբողջ ինֆորմացիան, որ բաց աչքով տեսել ու լսել եմ, հավաքեմ, ձայնապնակ դարձնեմ լացերի, զոհվածների անունների կողքին, մի մեծ չափով կլսեք սնունդ հավաքելու, արյուն հանձնելու, ջոկատներ հավաքագրելու կոչեր: 

Մենք կարողանում ենք կարեկցել ու լինել մեկս մյուսի կողքին: Երևի բնույթով ենք այդպիսին. տխրության դեպքում այնպես արագ ու այնպես ամուր ենք միանում, միգուցե ոչ միայն հային, այլ ամբողջ մարդկությանը բնորոշ հատկություն է դա: Միգուցե…
Այն միտքը, որ մենք` երիտասարդներս, մեր երկրի ապագան չենք, այլ մենք մեր երկրի ներկան ենք, զգոնացնում է, պարտվածի հոգեբանությունից կորացած մեջք է ուղղում, հստակ ու հպարտ քայլելու հնարավորություն է տալիս: Ներկա, որի համար մեր եղբայրները, ընկերները` վտանգելով իրենց կյանքը, մտածում են ոչ միայն մեր ներկայի, այլ ապագայի մասին, որն էլ շուտով ներկա պիտի դառնա: Հայերի սերնդափոխությունների մեջ պատերազմը իր ուրույն տեղն ունի, «իսկ եթե այնպեսներ» ու «իսկ եթե այսպեսներ» չեն ընդունվում, պատմությունը «իսկ եթե»-ներ չի սիրում, մենք էլ մեր ներկա լինելով պատմություն ենք դառնում, մեր պատմության նոր էջերը գրում:
Հայրս ամբողջ Արցախյան պատերազմը իր մեջ կրած մարդն է, իր խոսքերը, պատմությունները ավելին են պատմել ինձ պատերազմի մասին, քան բոլոր գրքերն ու պատմվածքները: Հետաքրքիր է, մեկ պատերազմ տեսած սերնդի բնորոշումն ու կարծիքը հասունացող պատերազմի մասին: «Պատերազմում մեղր չեն բաժանում: Պատերազմ է, կռվում ենք,կամ պիտի հաղթենք կամ պարտվենք, կամ էլ` «նի չիյա», ոնց ասում են: Մեր համար հաղթանակն էլ պարտության պես բան է լինելու, քիչ ենք, պետք չէ»: Էլ չշարունակեցինք, երկուսս էլ հուզված էինք:
Հիմա կարող է ասածս խայթող հնչի նրանց համար, ով իր` սահմանին գտնվող եղբորից, ընկերոջից կամ ինչ-որ հարազատից նորության են սպասում, բոլոր նրանց, ովքեր անիմաստ են համարում նորությունները, որոնք կապ չունեն սահմանի լարված իրավիճակի հետ: Պատերազմը բարդ երևույթ է, թե’ ելքերով, թե’ ընթացքով: Պատերազմի ելքերից ամենացանկալին ու նպաստավորը հաղթանակն է, որին տենչում են երկու կողմերն էլ: Ճիշտ է, հաղթանակը լայն առումով կապված է սահմանին տիրող իրավիճակից, գրաված հողերից, տրված քիչ զոհերից, բայց չպետք է բացառել նաև մեր առօրյային անցնելու ու ամենքս իր գործով երկրի զարգացմանը նպաստելու, մեր հայրենասիրությունը այդպես ցուցաբերելու փաստը:

Մեր կայքը նույնիսկ խաղաղ ժամանակ հրատարակում էր նաև սահմանամերձ գյուղերում գտնվող մեր պատանի թղթակիցների հոդվածները` կապված խաղաղության ու պատերազմի, սահմանի առօրյայի ու պատանիների ապագայի մասին: Իսկ այսօր առավել քան հրամայական է դառնում. Ապրել և արարել, տեսնել մեզ հուզող խնդիրներն ու մեր ձայնը բարձրացնել: Չէ որ հայրենիքը սկսվում է մեզնից, մեր գյուղից, քաղաքից, բակից, մեր ընտանիքից, մեր դպրոցից ու համալսարանից, մեր ընկերներից ու քույր-եղբայրներից: Չխոսել մեզ հուզող խնդիրների մասին, նշանակում է` չընդունել, որ մենք ենք տերը մեր երկրի ու մենք ենք ներկան:

Մենք ներկա ենք, մենք ներկան ենք, մենք ներկան ենք լինելու: