arxiv

Մենք պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ում վարժեցրել ենք

«Մենք պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ում վարժեցրել ենք»,- ասել է Անտուան դը Սենթ Էքզյուպերին իր «Փոքրիկ իշխանը» վիպակում: Իսկապես, անչափ կարևոր է ունենալ պատասխանատվության զգացում, զգալ մեր կարևորությունը բոլոր նրանց կյանքում, ում կամա թե ակամա վարժեցրել ենք: Երբեմն այնքան հեշտ է վարժեցնել, բայց դժվար է հավատարիմ մնալ:

 Շարիկը

-Շարի՛կ, հետս կոնֆետ կուտե՞ս,- հարցրեցի ես շանս` կոնֆետիցս մի կտոր պոկելով:

Ես և իմ Շարիկն իրար հետ մի հինգ հատ կոնֆետ կերանք:

-Շարի՛կ, դու ինձ սիրո՞ւմ ես,- հարցրեցի ես Շարիկիս` ուշադիր նայելով նրա աչքերի մեջ:

Նա մոտեցավ ինձ, լիզեց ձեռքս և թաթերը դրեց գիրկս:

-Գիտե՞ս, մենք շուտով մեկնելու ենք Մոսկվա:

Այդ խոսքերից հետո Շարիկն ուշադիր նայեց ինձ և թաթերով փակեց իր դեմքը:

-Հայաստա՛ն, տուն արի,- կանչեց մայրս լուսամուտից:

-Արդեն գալիս եմ… Լավ, Շարի՛կ, ես գնամ պատրաստվեմ. վաղը գնում ենք,- ասացի ես Շարիկին և գրկեցի:

Շարիկը տխուր նայեց հետևիցս և կարծես թե ինձանից նեղացավ:

Երբ մյուս օրը մենք արդեն մեկնում էինք, ես շատ կանչեցի, բայց նա դուրս չեկավ իր բնից: Ես նրան օդային համբույր ուղարկեցի և գնացի: Երբ մենք տաքսի նստեցինք, ես տեսա, որ Շարիկը եկել է և իր հետ բերել նախորդ օրվա մեր կերած կոնֆետների թղթերը: Ցանկացա դուրս գալ և գրկել նրան, սակայն արդեն ուշանում էինք…

Մի քանի օրից ինձ լուր հասավ, որ իմ Շարիկը մեր գնացած օրվանից հիվանդացել է: Մի քանի ամսից էլ ասացին, որ սատկել է:

Ես մինչև հիմա էլ չեմ կարողանում նրան մոռանալ: Մենք երկուսս էլ ծնվել ենք ապրիլի 5-ին, և երկուսս էլ արդեն 16 տարեկան ենք: Ես ամեն անգամ նշում եմ նրա ծնունդն իմի հետ: Եվ ես համոզված եմ, որ իմ Շարիկի նման շուն աշխարհում չկա, քանի որ նա հա՛մ խելացի էր, հա՛մ բարի, հա՛մ շատ մտերիմ:

Հայաստան Ապրեսյան 16 տարեկան

***

Նա ողջ է

Ամեն ամառ, երբ մենք գյուղ ենք գնում, այնտեղ ինձ է սպասում իմ կատուն` Գուչոն: Նա իմ մտերիմ ու սիրելի ընկերն է, միակն այս աշխարհում, որ հասկանում է ինձ: Ես էլ նրան եմ հասկանում` նրա ամեն մի մլավոցը:

Մի անգամ ես գնացի, բայց Գուչոն այնտեղ չէր: Հորաքույրս ասաց, որ նա արդեն մի քանի շաբաթ է` չի գալիս, բայց ողջ է, նրան տեսնող է եղել մեր հարևանուհու` Նինա տատիկի տան տանիքում: «Իմ կատուն հո Կառլսոնը չի՞, որ տանիքում ապրի, իմ ձայնը որ լսի` կգա»,- համոզված էի ես: Եվ ես ամբողջ ուժով գոռում էի, կանչում նրան, այնպես, որ երևի հարևանները սարսափում էին: Ուզում էի, որ նա լսի ինձ և վերադառնա, սակայն դրանք զուր ջանքեր էին, նա այդպես էլ չեկավ: Բայց Գուչոս ողջ է, ես դա զգում եմ, համոզված եմ:

Մարիամ Նալբանդյան 11 տարեկան

 ***

Սևուկը

Տարիներ առաջ մի կատու ունեի` Սևուկը: Նա իմ ամենալավ ընկերն էր: Հետաքրքիր եղանակով մենք ծանոթացանք: Մի օր տանը մենակ էի: Հանկարծ մեր մուտքից լսվեց ինչ-որ կատվի մլավոց: Ես արագ վազեցի դռան մոտ: Երբ դուռը բացեցի, աչքերիս չէի հավատում. մի փոքրիկ փիսիկ նստած էր հենց մեր մուտքի մոտ, անմեղ հայացքով նայում էր դեմքիս ու անդադար մլավում: Ես նրան գրկեցի, բերեցի տուն և կերակրեցի: Բայց հետո, երբ հասկացա գլխիս գալիքը, արդեն ուշ էր. տատիկս մուտքի դռան մոտ էր: Ես արագ փիսիկին թաքցրեցի իմ սենյակում և շտապեցի բացել դուռը: Երբ տեսա տատիկին, վախեցած նայեցի դեմքին: Ես այդպիսի դեմքի արտահայտություն եմ ունենում միայն այն դեպքում, երբ ինչ-որ վատ բան եմ արած լինում: Տատիկս արագ կռահեց և հարցրեց.

-Ինչ-որ բա՞ն է պատահել:

Երբ լսվեցին կատվի մլավոցները, տատիկս բացեց ննջարանի դուռը, և ամեն ինչ հասկացավ: Նա դուրս նետեց փիսիկին: Իսկ ես սկսեցի իմ լացուկոծը: Մտա սենյակս և ասացի, որ մինչև նա հետ չբերի փիսիկին, դուրս չեմ գա այնտեղից:

Երեկոյան, երբ տատիկս հասկացավ, որ անհնար է ինձ հետ պայքարելը, չգիտեմ էլ որտեղից ճարեց իմ փիսիկին ու բերեց տուն: Փիսիկս այդ օրվանից դարձավ իմ ամենալավ ընկերը: Առավոտից երեկո խաղում էի նրա հետ թե՛ դրսում, թե՛ տանը: Ես շատ էի կապվել նրա հետ, իսկ նա` իմ: Անունը Սևուկ էր, բայց նա ամենևին էլ սև չէր, այլ ձյան պես սպիտակ: Ես նրան Սևուկ էի անվանում, քանի որ երբ դրսից տուն էր գալիս, ամբողջովին սև էր լինում:

Այդպես անցավ մեկ տարի: Բայց մի օր Սևուկն առավոտյան առանց ինձ դուրս գնաց: Ավելի ուշ նկատեցի, որ նա չկա: Ամբողջ օրն ընկերուհիներիս հետ նրան էի փնտրում, բայց ապարդյուն: Գիշերը չկարողացա քնել: Երբ առավոտից դուրս եկա` նորից փնտրելու Սևուկիս, գտա, բայց նա առաջվա նման չվազեց մոտս, այլ անշարժ ու գզգզված պառկած էր. շներն էին հոշոտել:

Ես գիտեի, որ եթե նորից փակվեմ սենյակումս և ասեմ, որ հետ բերեն Սևուկին, դա չի օգնի, քանի որ նա էլ չկա… Այդ օրվանից սկսել եմ չսիրել կատուներին, քանի որ նրանք երբեք չեն կարող Սևուկին փոխարինել:

Շուշան Աբրահամյան 15 տարեկան

***

Խելամիտ որոշում

Մի քանի օրից մորաքույրս պետք է ինձ մի փոքրիկ շնիկ նվիրի` «չիխուախուա» ցեղատեսակի: Այդ տեսակի շները չեն մեծանում, և նրանց հաճախ կատակով անվանում են «գրպանի շուն»: Նրա անունը Բոնի է լինելու: Ես շատ եմ մտածում` կկարողանա՞մ արդյոք նրան ճիշտ խնամել, չէ՞ որ եթե չկարողանամ, կարող է շատ վատ բան պատահել: Պետք է նրան օրական երկուսից երեք անգամ ման տալ և կերակրել, հետևել, որ գետնից ոչ մի բան չուտի, շաբաթական մեկ-երկու անգամ լողացնել: Այդ ամենը շատ բարդ է կատարել ամեն օր, բայց ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ ուշ թե շուտ պետք է նման պատասխանատվության առջև կանգնի:

Քրիստինա Սարյան 15 տարեկան

 ***

Բաժանում

Ես շատ էի կապվել նրա հետ, իսկ նա` ինձ հետ: Նա մեր հարևան Ռուզան տատիկն էր: Ես ամեն օր այցելում էի նրան և հյուրասիրում իմ պատրաստած ուտեստները: Հաճույքով էի պատրաստում, քանի որ գիտեի, որ նրա համար եմ պատրաստում: Ամեն անգամ նա ասում էր.

-Շատ համեղ ես պատրաստում, քոնն ուտելուց հետո ես հետ եմ սովորել իմ պատրաստածն ուտելուց:

Երբ վերջացնում էի դասերը, անհամբեր սպասում էի, թե երբ եմ տուն գնալու, որ այցելեմ նրան: Ռուզան տատիկի հետ  շատ-շատ հետաքրքիր էր: Նա ինձ պատմում էր այն մասին, թե ինչ արկածներ է ունեցել երիտասարդ ժամանակ: Ամեն անգամ ինձ ճանապարհելիս մոտենում էր և ասում.

-Վերցրո՛ւ այս գիրքը, իմ ամենասիրելի գիրքն է, քեզ էլ դուր կգա:

-Շատ շնորհակալ եմ, հաճույքով կկարդամ,- ասում էի ես ուրախ և վազում տուն` կարդալու:

Մի օր էլ, երբ այցելեցի Ռուզան տատիկին, նա միայնակ չէր: Սկզբից զարմացա, քանի որ գիտեի, որ Հայաստանում նա ոչ մի բարեկամ չունի: Սակայն շուտով հասկացա, որ Ռուզան տատիկի տղան էր եկել արտասահմանից, որպեսզի նրան տաներ իր հետ: Ես շատ տխրեցի, սակայն ցույց չտվեցի իմ տխրությունը և սկսեցի խրախուսել նրան: Նա անընդհատ ասում էր.

-Ես շատ եմ կապվել քեզ հետ և չեմ կարող առանց քեզ:

-Ոչինչ, ես ամեն օր կզանգահարեմ, կխոսենք,- փորձում էի մխիթարել ես:

-Մեկ է, նույնը չի լինի…

Երբ նա գնաց, մանավանդ առաջին օրերը, շատ էի կարոտում: Առաջին մեկ շաբաթը շատ տխուր էի, ոչինչ անելու ցանկություն այլևս չունեի: Բայց կարևորը, որ հիմա Ռուզան տատիկն իր որդու հետ է:

Սիրան Մանուկյան 13 տարեկան

*** 

Կապվածություն

Որ նոր էի ծնվել, այդ իրն իմ վերմակն էր: Մեծացա` դարձավ բարձս: Այնքան փափուկ էր, որ ես անունը դրել էի «Փափուկիկ բարձիկ»: Հիմա այն մի հաստ բարձի վրա եմ դնում ու ամբողջ գիշեր շատ լավ քնում: Ուր գնում էինք հանգստանալու, ես ասում էի.

-Մա՛մ, «Փափուկիկ բարձիկս» չմոռանա՛ս, թե չէ` ամբողջ գիշեր քեզ կգժվացնեմ, որովհետև չեմ կարողանա քնել առանց նրա:

Եվ ամեն անգամ մայրս ստիպված քարշ էր տալիս «բարձս» իրերի հետ: Թե ինչո՞ւ եմ այդ հարցում այդքան կամակոր, ոնց որ չորս տարեկան լինեմ:

Մի օր էլ, երբ գիշերը շնիկիս հետ քնած էի, հանկարծ զգացի, որ շունս քաշում է գլխիս տակից իմ «բարձը»: Մտածեցի. «Լավ, քաշում է` քաշի»: Բայց շունս բարձիս վրա կեղտոտեց: Նույն պահին վեր կացա, լվացի «Փափուկիկ բարձիկս», չորացրեցի: Հազար անգամ ներողություն խնդրեցի նրանից: Իսկ քույրս ինձ ձեռ էր առնում, ասում էր.

-Դե, ի՞նչ, ներե՞ց քեզ:

Ես էլ կատակով պատասխանում էի.

-Եթե գիշերը մնում է գլխիս տակ և հանգիստ քնում, ուրեմն ներել է:

Մարիա Զաքարյան 11 տարեկան

 ***

Մտածել է պետք

Ես և եղբայրս շատ էինք ուզում շուն պահել, բայց մայրիկն ու հայրիկը թույլ չէին տալիս: Նրանք ասում էին, որ շուն ու կատու պահելու համար նախ սեփական տուն է պետք, հետո էլ` շունը խաղալիք չէ, չի կարելի հենց այնպես բերել և սկսել պահել: Բա որ հիվանդանա՞, կամ էլ վատ դաստիարակենք, ու ագրեսիվ դառնա՞… Այդ ժամանակ մենք սկսեցինք ծնողներիս համոզել, որ թույլ տան գոնե ձուկ պահել, բայց մայրիկս էլի ասում էր.

-Իսկ ձկներին ո՞վ է խնամելու` ջուրը փոխելու, կերակրելու… Ես դա անել չեմ կարող, դուք էլ մի երկու օր կանեք ու ամեն ինչ էլի ինձ վրա կբարդեք:

Ճիշտն ասած, մայրիկս ձկներին սիրում է, բայց հեռվից. նրանց դիպչելուց վախենում է և զզվում: Իսկ հայրիկս ձկների նկատմամբ առանձնակի սեր չի տածում:

Երևի մենք այդպես էլ ձուկ չպահեինք, եթե մի անգամ եղբորս ծնունդին մորաքույրս մեզ ակվարիում չնվիրեր: Այսպիսով, մեր տանը հայտնվեցին նոր բնակիչներ: Սկզբում բոլորս շատ ուրախ էինք և ոգևորված, նույնիսկ հայրիկս ու մայրիկս: Նրանք մեզ համար գեղեցիկ ձկներ ու ջրային բույսեր էին գնում, և մեր ակվարիումն օրեցօր ավելի էր գեղեցկանում: Ամեն օր առավոտյան դպրոց գնալուց առաջ ես և եղբայրս վիճում էինք, թե ով պետք է կերակրի ձկներին: Իսկ երբ դպրոցից տուն էինք գալիս, միանգամից վազում էինք ակվարիումի մոտ և երկար հիանում լողացող ձկներով: Մայրիկս էլ էր կարծես կապնվել այդ ձկներին: Մեկ-մեկ երկար նայելուց հետո ասում էր.

-Տեսե՛ք, սև ձուկն ինձ արդեն ճանաչում է: Հենց ինձ տեսնում է, միանգամից ապակուն է մոտենում:

Մենք, իհարկե, ծիծաղում էինք մայրիկի վրա, քանի որ այդ ձուկը բոլորին տեսնելիս էլ նույն ձևով դեպի ապակին էր լողում:

Հետո այդ ամենն արդեն սովորական դարձավ, և մենք սկսեցինք մոռանալ մեր ձկների մասին ու չնկատել նրանց: Կերակրելու պարտականությունը մեկս մյուսի վրա էինք գցում, ու երբեմն ստացվում էր, որ խեղճ ձկներին ոչ ոք այդպես էլ չէր կերակրում: Սկսեցին տարբեր տհաճ խնդիրներ առաջանալ: Մեկ ակվարիումի ջուրն էր կեղտոտվում, մեկ ձկներն էին հիվանդանում: Մայրիկս շատ էր նեղվում, բայց ոչինչ անել չէր կարողանում: Ո՛չ նա, ո՛չ էլ մենք չգիտեինք ձկներին խնամելու ճիշտ ձևը: Մի անգամ էլ, երբ ձկներից միայն մեկն էր ողջ մնացել, մեր ակվարիումը ճաքեց, ու ջուրը սկսեց թափվել: Ակվարիումն արդեն համարյա դատարկ էր: Մենք փորձում էինք ձկնիկին հանել միջից, բայց նա անընդհատ փախչում էր. չէր հասկանում, որ ուզում էինք փրկել իրեն: Երբ վերջապես հանեցինք նրան, որոշեցինք տանել ընկերուհուս տուն, ով նույնպես ձկներ է պահում:

Մինչև հիմա էլ, երբ ես ընկերուհուս հյուր եմ գնում, նրանց ակվարիումի մեջ մեր ձկնիկին եմ տեսնում: Նա իրեն այնտեղ լավ է զգում` մաքուր, խնամված ակվարիումի մեջ, փորձված ձուկ պահողների ընտանիքում: Իսկ մենք նրա և մեր բոլոր մյուս ձկների առաջ մեզ կարծես մեղավոր ենք զգում…

Ճիշտ է, ես և եղբայրս հիմա էլ ենք երազում շուն պահելու մասին, բայց ձկների փորձը մեզ ցույց տվեց, որ տանը կենդանի պահելուց առաջ պետք է մի լավ մտածել:

Լիլիթ Սողոյան 12 տարեկան

 ***

13 տարվա ընկերը

Քույրս իր խաղալիք արջուկին նվեր ստացավ, երբ ութ տարեկան էր: Այն մեծ սպիտակ արջ էր: Քույրս` Լիլիթը, նրան անվանեց Ջեյլի: Նա Ջեյլիին շատ էր սիրում, նրա հետ էր քնում ու արթնանում, նույնիսկ կիսվում ու խոսում էր հետը:

Հիմա Լիլիթը 21 տարեկան է, անցել է ուղիղ 13 տարի, ինչ Ջեյլին նրա հետ է, բայց ոչինչ չի փոխվել. Լիլիթը շարունակում է ամեն գիշեր քնել` գրկելով Ջեյլիին, շարունակում է զայրանալ մեզ վրա, երբ կոպիտ ենք վարվում Ջեյլիի հետ: Այս 13 տարիների ընթացքում շատ բաներ են տեղի ունեցել Ջեյլիի հետ. նրա միջի բամբակը բավականին նոսրացել է: Մի օր էլ Ջեյլին պատռվեց, իսկ քույրս, օգտվելով առիթից, նախ թարմացրեց նրա միջի բամբակը, այնուհետև կարեց այդ անցքը և շարունակեց սիրել ու խնամել արջուկին:

Վերջերս Լիլիթը նվեր ստացավ շատ ավելի մեծ, շատ ավելի գեղեցիկ և շատ ավելի փափուկ արջ: Արջուկը նրան շատ դուր եկավ, բայց ոչինչ չփոխեց քրոջս կյանքում: Արջուկը դրված է սենյակում և հազվադեպ է տեղից շարժվում: Խեղճին այդպես էլ չհաջողվեց փոխարինել Ջեյլիին: Նա մինչ օրս էլ շարունակում է քնել և արթնանալ Լիլիթի հետ: Ճիշտն ասած, վերջերս էլ պատռվեց Ջեյլիի ձեռքը, բայց ես վստահ եմ, որ այն շուտով «կլավանա»:

Եվա Հախվերդյան 16 տարեկան

 ***

Արդյո՞ք պետք է

-Մերի՛, Մերի՛, էս կատուդ ինչի՞ ա բարձրացել վրաս,- լսվեց քրոջս ձայնը` խաթարելով իմ անուշ քունը:

Ես` դեռևս քնատ ու հոգնած, վեր կացա անկողնուց ու քրոջս վրայից վերցրեցի կատվիս: Հազիվ  էի կարողացել նորից քուն մտնել, զանգեց զարթուցիչը: Ես մի կերպ բացեցի աչքերս, և կատուս այնպես ճանկռեց ինձ, որ նույնիսկ տոննաներով դիմափոշին այդ ճանկռած տեղերը չկարողացավ ծածկել: Ես հոգոց հանեցի և գնացի պայուսակս հավաքելու: Մտա սենյակ և… Կատուս պատռել, ճանկռոտել էր բոլոր գրքերս և տետրերս: Հենց այդպես էլ ուսուցչուհիս «իմ դեմքը ճանկռեց»` իմանալով տնային աշխատանքը չբերելու պատճառը և դա անհեթեթ համարելով:

Հոգնած եկա տուն, կատվիս կաթ տվեցի, իսկ նա այն ամբողջությամբ թափեց գետնին: Ստիպված էի մաքրել:

Ես, նստած բազկաթոռին մտածում էի կատու պահելու հետևանքների մասին: Բա դա ինձ պե՞տք է…

Մերի Շարոյան 13 տարեկան

2010 թ.