karine nahapetyan

Մենք

Մեզ վիճակված է 21-րդ դարի սերունդ լինելը, իսկ դա, կներես, շատ բարդ է:

Մեզ համար չկա ժամանակ: Մենք օգտագործում ենք «կային ժամանակներ» արտահայտությունը. մենք ցնդելու աստիճան սիրում ենք մեր ապրած անցյալը, որը գուցե մի վայրկյան առաջ դեռ ներկա էր:

Մենք պատրաստ ենք ցանկացածին ասել՝ դու այն ես, ինչը գալու է՝ չհասկանալով, որ հիմա է նրա գալու պահը:

Մենք վատը չենք, մենք նրանք ենք, ովքեր կարող են այս անծայրածիր աշխարհը տեղավորել մեկի հոգու մեջ՝ հոգու տեղի ու գոյության մասին չիմանալով:

Մենք նրանք ենք, ովքեր աշխարհը ուզում են մի քիչ ուրիշ տեսնել. աշխարհը, երևի թե, մի քիչ ուրիշ կլիներ, եթե մրցանակը տային ոչ թե հաղթողին, այլ պարտվողին: Ամեն դեպքում, մենք կձգտեինք հաղթողը լինել, որովհետև նյութականը մեզ համար՝ եղած-չեղած:

Մենք նրանք ենք, ում համար բացահայտումների անգերազանցելի առարկան մարդն է: Մենք ագահորեն ուզում ենք բացահայտել բոլորին՝ վախենալով, որ մեկին բաց կթողնենք:

Մենք նրանք ենք, ում համար 21-րդ դարը բեռ է, որն օր օրի ավելի է ծանրանում, բայց դրա ծանրանալուն զուգահեռ՝ մենք ավելի ենք ըմբոստանում, դարին ձեռնոց ենք նետում, մեր գլխին նոր պատուհասներ ենք գտնում, հաղթահարման նոր ուղիներ փնտրում:
Մենք նրանք ենք, ում համար տխուր ու դեպրեսիվ լինելը քնից կարոտ լինելու պես է մի բան է՝ սովորական, առօրեական երևույթ և, անկեղծ ասած, մենք էդ վիճակից հաճույք ենք ստանում:

Մենք նրանք ենք, ովքեր կարող են Pink Floyd-ի «We don’t need no education»-ը երգել՝ մեկը մյուսին շարունակելով, բայց ինքնամոռաց զբաղվել ինքնակրթությամբ, աճել, զարգանալ:

Մենք նրանք ենք, ովքեր գիտեն, թե այդ խմբի նշանը ինչ է նշանակում, ում կողմից է հայտնաբերվել և որ դարում: 17-րդ դար: Իսահակ Նյուտոնը բացահայտեց դիսպերսիայի երևույթը, լուսավորեց ողջ մարդկությանը՝ խավարի մեջ թողնելով մեզ:
Մենք՝ 21-րդ դարի սերունդս, թույլ չենք տալիս, որ էդ լույսը ներխուժի մեր ներաշխարհի միջավայրը, էլ ուր մնաց, թե բեկվի… Որովհետև մենք մի եռանկյուն պրիզմայի չափ էլ չկանք: