Մեր ամեն օրը տոն է

Հարցազրույց  « Տոնացույց» ազգագրական երգի-պարի թատրոնի հիմնադիր-ղեկավար Հասմիկ Բաղրամյանի հետ

-Ե՞րբ է հիմնադրվել «Տոնացույց»-ը:

-1998 թվականին, երբ ես վերադարձա Եվրոպայից` նպատակ դրած վերականգնել հայկական հնագույն տոները, ծեսերը,ավանդույթները, ավանդական երաժշտությունը: Իսկ 1999  թվականին հիմնադրեցի «Տոնացույց»-ը:

Լուսանկարը` Դիանա Հովսեփյանի

Լուսանկարը` Դիանա Հովսեփյանի

-Ի՞նչ է իրենից ներկայացնում «Տոնացույց»-ը:

-Սկզբնական շրջանում «Տոնացույց»-ը աշխատում էր, համագործակցում էր նախկինում գործող ֆոլկլորային խմբերի հետ, որպեսզի բոլոր խմբերը միավորվեն ծեսերի գաղափարի շուրջ: Բայց այդ բոլոր խմբերը հիմնականում նույն երգերն էին երգում, նույն պարերն էին պարում:  Այդ իսկ պատճառով 2000 – 2005 թվականներին, ուսումնասիրելով ազգագրությունը, որոշեցինք հիմնել սեփական թատրոն, որտեղ կլինի ազգային երգը, պարը, խաղը, ուտեստները…

-Ինչո՞ւ հենց «Տոնացույց»: Ո՞րն էր նպատակը:

-Հնում մենք չենք ասել օրացույց, այլ ունեցել ենք տոնացույց, որովհետև ամեն մի օրը կապված է եղել տիեզերական ինչ-որ երևույթի հետ` կյանքի ամեն վայրկյանը իմաստ է ունեցել: «Տոնացույց»-ի բուն նպատակը նա է, որ վերականգնվի օրվա «տոն» գաղափարը. ամեն օրը  օր չէ, ամեն օրը տոն է, որ տրված է ի վերուստ, ու պետք է տոնել՝ անտարբեր չանցնել մեր կյանքի ամեն վայրկյանի նկատմամբ:IMG_0279

-Հիմնադրման օրվանից ի՞նչ խնդիրների եք հանդիպել: Ի՞նչ խնդիրներ ունի «Տոնացույց»-ն այսօր:

-Հիմնական խնդիրը նա է, որ մեր պետությունը բավականաչափ գումար չունի, որպեսզի հատկացնի ավանդական մշակույթը ոտքի հանելու համար:  Մենք ֆինանսական միջոցների սուր կարիք ունենք, մանավանդ երբ ուզում ենք մեր գործունեությունն ընդլայնել, սակայն զգում ենք, որ գումարը չի հերիքում: Դրա համար կազմակերպում ենք փոքրիկ համերգներ, որոնց ներկա են լինում զբոսաշրջիկները՝ իհարկե որոշակի գումար հատկացնելով մեզ, որպեսզի մենք կարողանանք պահել մեր արտիստներին, որ չգնան ուրիշ գործով զբաղվեն, այլ մնան և դառնան պահապանը հայ մշակույթի:

Լուսանկարը` Դիանա Հովսեփյանի

Լուսանկարը` Դիանա Հովսեփյանի

-Իսկ ի՞նչ ծրագրերի է մասնակցում «Տոնացույց»-ը և ի՞նչ ծրագրեր կան ապագայում:

-Մենք գնում ենք տարբեր երկրներ՝  հյուրախաղերի, որտեղ ներկայացնում ենք հայ մշակույթը:  Հայաստանը իրոք կարիք ունի աշխարհին ներկայանալու իր ավանդական մշակույթով: Վերջերս ենք վերադարձել հյուրախաղերից:

Մոտ ապագայում մենք ենք հյուրընկալելու միջազգային փառատոն: Մենք հրավիրել ենք խմբեր Հնդկաստանից, Բուլղարիայից, Լատվիայից, Իտալիայից, Իրանից: Արդեն հինգերորդ տարին է, որ մշակույթի նախարարության կողմից ֆինանսավորվում է միայն այս ծրագիրը:

Լուսանկարը` Դիանա Հովսեփյանի

Լուսանկարը` Դիանա Հովսեփյանի

-Ի՞նչ է կոչվում փառատոնը:

-Փառատոնը կոչվում է «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային հինգերորդ փառատոն, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 13-19, որտեղ մուտքն ազատ է:

 Հարցազրույցը վարեցին՝ Դիանա Հովսեփյանը, Սարգիս Մելքոնյանը