Մեր ամեն օրը

inga ghazaryanԵրբեք չեմ մոռանա անցյալ տարվա սեպտեմբերի 24-ը: Ես պատրաստվում էի գնալ պարապմունքի. ժամը մոտավորապես 5-ն էր: Հանկարծ սկսվեցին կրակոցները: Մայրիկիս հետ պատսպարվեցինք մորաքրոջս տան ապաստարանում: Տասը րոպե չանցած իմացանք, որ գյուղից երկու զոհ ունենք: Ամբողջ գյուղը միանգամից սկսվեց դատարկվել: Մայրիկս ասաց, որ պատրաստվենք գնալ մորաքրոջս տուն: Այնտեղ ամբողջ օրը խոսում էին կրակոցների մասին: Մայրիկս չէր ուզում, որ մենք լսենք իրենց խոսակցությունը: Ասում էր` երեխեքը կվախենան: Դպրոցը փակել էին: Երբ մենք վերադարձանք գյուղ, ուզում էինք գնալ դպրոց, իմացանք, որ այնտեղ 360 աշակերտից գնացել էին ընդամենը 50 աշակերտ: Դա մեզ համար արդեն սովորական  է դարձել. Կրակոցների պատճառով լարված օրերին դասերը դադարեցվում են:

Ես ուզում եմ, որ մենք ապրենք խաղաղ պայմաններում, այլ ոչ թե թշնամու կրակոցների տակ:

Ինգա Ղազարյան, գ. Բերդավան

***

andranik manesyan portretԱղբահանությունը աշխարհում տարածված հիմնախնդիրներից է: Ինձ հուզում է շրջապատիս աղտոտվածությունը: Ես չեմ թաքցնում, որ սա նաև իմ սխալներից ամենագլխավորն է. թեև ես բողոքում եմ, բայց ինքս էլ երբեմն աղբ եմ թափում ճանապարհի եզրերին, բնության գրկում: Պատճառներից մեկն այն է, որ աղբամաններ չկան, աղբահանություն չի կատարվում:

Մի անգամ Նոյեմբերյանից վերադառնալիս նկատեցինք մի ցուցանակ, որի վրա գրված էր.  «Բնությունը աղբաման չէ»: Եվ ես այդ ցուցանակներից մի քանի տեղ տեսա ու նաև նկատեցի, որ հենց այդ ցուցանակների տակ էր թափված աղբը: Ինձ թվաց, թե մարդիկ դիտավորյալ են այդպես արել: Այդ օրվանից ես որոշեցի այլևս աղբ չթափել ճանապարհին կամ բնության գրկում, քանի որ հասկանում եմ, որ այդպես աղտոտում եմ իմ շրջակա միջավայրը: Շատ եմ զղջում իմ սխալների համար…

Անդրանիկ Մանեսյան, գ. Կոթի

***

ahanit abovyan-2Պատմությունից գիտենք, որ հայ ազգն իր հավատքը պահպանելու համար  միշտ հալածանքների է ենթարկվել այն ազգերի կողմից, ովքեր ցանկացել են իրենց ենթարկել հայերին և տարածել մահմեդականություն կամ այլ կրոն: Բայց ցավոք, ժամանակի ընթանցքում մենք հեռացել ենք մեր հավատքից: Վառ օրինակ  է իմ հայրենի գյուղը՝ Կողբը: Այնտեղ կան մի քանի եկեղեցիներ, որոնցից մեկը՝ Սբ. Հովհաննեսը գործող է: Այնտեղ՝ ինչպես և մյուս բոլոր եկեղեցիներում ամեն կիրակի և տոն օրերին մատուցվում է Ս.Պատարագ, բայց գյուղից շատ քչերն են  մասնակցում, կամ լինում է նաև, որ ոչ մեկը չի գնում, և ստիպված են լինում Պատարագը չեղարկել: Այս հարցը ինձ շա՜տ – շատ է հուզում, որովհետև չեմ ուզում համագյուղացիներս կորցնեն իրենց հավատքը:

Ես և ընկերներս, օրինակ ծառայելու համար հաճախ ենք այցելում մեր  նորակառույց եկեղեցին, մոմ վառում և աղոթում բոլորի խաղաղ կյանքի և առողջության համար:

Անահիտ Աբովյան, գ. Կողբ

***

davit avagyanԵս Դավիթն եմ: Ապրում եմ Բաղանիս գյուղում: Ես ուզում եմ դառնալ քանդակագործ: Ես երջանիկ մարդ եմ, որովհետև իմ ծնողները խրախուսում են իմ ընտրած մասնագիտությունը: Ես ընտրել եմ այդ մասնագիտությունը, որովհետև ինձ շատ է դուր գալիս: Ես ցանկանում էի հաճախել քանդակագործության դասընթացի, բայց գյուղում չկա այդպիսի խմբակ: Այդ պատճառով հաճախում եմ հարևան գյուղ: Ցավոք այնտեղ շենքային պայմանները շատ վատն են: Այնտեղի սենյակները խոնավ են և ցուրտ, այդ պատճառով մենք սպասում ենք օրերի տաքանալուն, որպեսզի սկսենք քանդակագործության դասերը:

Ես հիմա քանդակագործության փոխարեն զբաղվում եմ նկարչությամբ: Դպրոցը ավարտելուց հետո որոշել եմ  սովորել Երևանում:

Դավիթ Ավագյան, գ. Բաղանիս