marieta baghdasaryan

Մեր դերը փոխվել է

Ողջույն, ես Հայաստանի Հանրապետության անչափահաս քաղաքացի եմ։ Ունեմ իրավունքներ, պարտականություններ, ու կան մի խումբ մարդիկ, ովքեր անհանգստացած են կամ պատասխանատու այդ իրավունքների ու պարտականությունների ճիշտ իրագործման համար։ Այդ մարդկանց հանդիպելու մի վայր էլ, փաստորեն, Ազգային Ժողովի նիստերի դահլիճն է, որտեղ բազմաթիվ կարևոր հարցեր թողած՝ սկսում են քննարկել, թե ես հանրահավաքի գնա՞մ, թե չէ, դասադուլի մասնակցե՞մ, թե չէ, կարծիք ունենա՞մ, թե այդ ամեն ինչի համար բավականաչափ ադեկվատ չեմ։

Ախր, ես անչափաս լինելուց բացի նաև քաղաքացի եմ, չէ՞, և ուզում եմ արժանապատիվ կերպով ապրել իմ երկրում։ Ըստ այդմ, ունեմ նաև կարծիք, թե ինչ ուղի է պետք ընտրել այդ երանելի երկիրն ունենալու համար, ինչ մարդիկ են պետք մեզ դա իրականացնելու համար։ Օրենքը մեզ կարծիքը շոշափելի դարձնելու հնարավորություն, բնականաբար, չի տալիս, բայց դե մենք հո չե՞նք կարող նստել տանն ու սպասել, թե երբ պետք է գնանք ընտրությունների։

Առհասարակ։ Եկեք համաձայնենք, որ վերջին իրադարձությունները ամեն ինչից զատ մեզ՝ անչափահասներիս, դաստիարակեցին որպես քաղաքացի։ Ազգային Ժողովի որոշումներից մեկով դպրոցում հասարակագիտություն սովորող աշակերտը շատ դեպքերում կարող է չպատկերացնել իր դերը երկրի սոցիալական ու քաղաքական կյանքում։ Մենք հիմա պատկերացնում ենք այդ դերը, մենք հասկանում ենք, որ ամբոխ չենք, ախր, ժողովուրդ ենք։ Օրենքներ ենք սովորում ի վերջո։ Սկսում ենք քրքրել Սահմանադրությունը, կարդում ենք ինչ-որ հոդվածներ, որ իմանանք, թե ինչպես տեր կանգնել մեր ու կողքինների իրավունքներին։

Հիմա անչափահասների ու չափահասների գիտակցությունը սկսել է փոխվել, լավատես ենք դարձել, թավշյա ենք մտածում, հավատում ենք, փորձում ենք փոխել ու փոխվել։