«Մեր երկիրը լավագույնին է արժանանալու»

«Արարիչը վերաձևավորվում է ձեզնից յուրաքանչյուրի մեջ»,- սա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից լսած ամենատպավորիչ նախադասությունն էր: Նախորդ շաբաթ նախագահը այցելել էր UWC Դիլիջանի միջազգային դպրոց՝ ծրագրի վերջին երեք սերունդների ներկայացուցիչների հետ հանդիպելու և ծանոթանալու:

Դեռ անցյալ տարի պատրաստվում էինք կյանքի նոր փուլ մտնելու, իսկ այս տարի արդեն ձեռքսեղմումով պաշտոնապես ծանոթացանք Արմեն Սարգսյանի հետ և ամենքս նշեցինք այն երկիրը և ուսումնական հաստատությունը, որում սովորում ենք: Ծանոթությանը հաջորդեց մտերմիկ զրույցը, որը համեմված էր կյանքի փիլիսոփայությունից մինչև ապագայի բանաձև բացահայտող թեմաներով:

«Ինչպիսի՞նն եք տեսնում Հայաստանը ապագայում»,- ուսանողներից մեկի հարցն էր:

«Լավ, լավագույն»,- հստակ ու վստահ էր նախագահի պատասխանը:

Ոգևորիչ էր լսել ու իմանալ, որ երկրի համար նման կարևոր դեր ունեցող մարդն առաջնորդվում է գաղափարների հանդեպ ցուցաբերվող ուշադրությանը տրվող կարևորությամբ: Կոչը, որ ծնունդ տանք մեր գաղափարներին, չվախենանք դրանք բարձրաձայնելուց, դրանց ընդառաջ ընթանալուց ու ի վերջո, դրանք իրագործելու համար ուժեղ և հաստատուն մնանք, սեփական օրինակով է պայմանավորված: Ամենահետաքրքիրը, թերևս, լսելն էր, որ ամենահաստատունը քաոսն է, քանզի քաոսում աներերությունը վտանգված չէ:

«Մեր երկիրը վստահաբար լավագույնին է արժանանալու, քանզի ձեզ նման երիտասարդներն են դրա ապագան ու շարունակությունը»։ Ինչ խոսք, պարտավորեցնող էր լսելը:

Եվ, առհասարակ, գիտակցելը, որ մի ամբողջ զարգացող և ծաղկող երկիր ապավինում է իր նոր սերնդին, մղում է մեզ դառնալու ավելի լավը և ավելի արժանին՝ ճիշտ պահին մեր երկրին ճիշտ ձևով ծառայելու և մեր իսկ ունեցածը հօգուտ մեր երկրին ծառայեցնելու համար:

Մենք պիտի միշտ աճենք, որովհետև ամուր է այն երկիրը, որտեղ մարդիկ երբեք չեն դադարում սովորել:

Լուսանկարները` https://www.president.am/hy/ կայքից